«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2002-05-17 | #91, 2002-05-18 | #92, 2002-05-21


ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԼԵՀԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՄԲ

Այսօր Արամ Խաչատրյանի երաժշտության ամեն մի կատարում ասես մոտեցնում է 2003 թ. նշվելիք հայ մեծ կոմպոզիտորի հարյուրամյակին։ 20-րդ դարի լավագույն կոնցերտների մեջ մտած Ջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտը մշտապես ձգում է բովանդակ աշխարհի կատարողներին, անկախ տարիքից, ազգությունից եւ կատարողական դպրոցից։ Եվ չնայած Դավիթ Օյստրախի եւ Հենրիկ Շերինգի մեկնաբանումների պատմական նշանակությանը, Խաչատրյանի Կոնցերտի մեկնաբանման մեջ հետագա սերունդները մտցրին իրենց անհատականության գծերը։

Այդ ստեղծագործության անհատական ընկալմամբ աչքի ընկավ լեհ ջութակահար Ռաֆալ Զամբժիցկի-Պեյնի կատարումը։ Լոձում ծնված երիտասարդ ջութակահարը երաժշտական կրթությունն ստացել է Իեհուդի Մենուհինի լոնդոնյան դպրոցում Վեն Զու Լիի մոտ եւ Մանչեստրի Royal Northem College-ում։ Լյուքսեմբուրգում (ջութակահարների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակ) եւ Լոնդոնում (Բի-Բի-Սիի 2000 թ. լավագույն երիտասարդ երաժիշտ) մի շարք մրցանակներ ստանալուց հետո Ռաֆալը շարունակում է կատարելագործվել Վիեննայի երաժշտության եւ նրբագեղ արվեստների համալսարանում Գերհարդ Շուլցի մոտ։

Ժամանակակից երաժիշտներին բնորոշ կատարողական ավանդույթների միախառնումը չշրջանցեց նաեւ Զաբժիցկուն, որը դա հաղթահարում է ներդաշնակ գեղարվեստական ձիրքի շնորհիվ։ Կարծում ենք, նրա ձիրքի հիմքը կազմում է ազգային, զուտ լեհական մտայնությունըՙ դրան բնորոշ զգայունության եւ իմպրեսիոնիստական հայեցողության հակումով։

Լեհական ֆենոմենն արտացոլվեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ընթերցման վրա։ Ռաֆալը շեշտեց երաժշտության ավելի շուտ մելոդիկ, քան ռիթմիկ կողմը, մելոդիկ երգայնության միջոցով միավորելով ստեղծագործության բոլոր մասերը։ Մենակատարի նրբագեղ եւ անթերի նվագը մագնիսի պես ձգում էր «Արամ Խաչատրյան» համերգասրահի ունկնդիրների ուշադրությունը։ Եվ երեւանցի հանդիսականը գնահատեց առաջին մասի կադենցիայում, բնականաբար (երկրորդ մասում եւ միանգամայն անսպասելիորեն), կոնցերտի եզրափակիչ մասի մի շարք դրվագներում ջութակահարի ձգտումը միագույն տեմբրային հայեցակարգի եւ Խաչատրյանի մելամաղձոտ քնարերգության ընդգծման։ Երբեմն թվում էր, թե Զամբժիցկին նվագում է ոչ թե Խաչատրյանի, այլ 20-րդ դարի լեհ դասական Կարոլ Շիմանովսկու գործը, որն իր Ջութակի երկրորդ կոնցերտը ստեղծել է Խաչատրյանից յոթ տարի առաջ։

Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտում (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի վահանակի մոտ էր Էդ. Թոփչյանը) ներմուծելով լեհական ինքնօրինակ արտահայտչականության մասնիկ, Զամբժիցկին հնարավորություն տվեց գիտակցելու մշակութային տարբեր կողմնորոշումների միասնությունը, որոնք մերձենում են պատմական ընդհանուր դարաշրջանի շնորհիվ, ուստի եւ իրենց վրա կրում են ներքին հոգեհարազատության հետքերը։ Ինչպես Խաչատրյանը , այնպես էլ Շիմանովսկին, իրենց դարաշրջանի զավակներն էին եւ միաժամանակ երաժշտական արվեստում նոր ուղիներ հարթողները... Կարելի է միայն ափսոսալ, որ ձախողվեց Ռաֆալ Զամբժիցկի-Պեյնի ծրագրված առանձին ելույթը, որտեղ նա պետք է նվագեր Վիտոլդ Լյուտոսլավսկու Ջութակի ու դաշնամուրի պարտիտան։ Այդ կոմպոզիտորը հսկայական հարգանք է վայելում Հայաստանում եւ ազդել է մեր ժամանակակից երաժշտության զարգացման վրա։ Համերգը կազմակերպել էր անգլիական «Ար Փի մյուզիքլ մենեջմենթ» երաժշտական ընկերությունը։

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4