«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Կալիֆոռնիահայ գաղթօջախում ծանոթ անուն է Թորգոմ Փոստաջյանը։ Նա Լոս Անջելեսի «Նոր կեանք» շաբաթաթերթի հոդվածագիրներից է, որում լույս ընծայած ու Հայ եկեղեցու պաշտպանությանը նվիրված հոդվածներից մի ծաղկեփունջ առանձին հատորով վերջերս լույս է տեսել նույն քաղաքում։ «Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները» խորագրով, 157 էջ ծավալով այս գրքի հրատարակիչն է «Անհատի եւ ընտանիքի պաշտպանության» միավորումը։

Այդ «մյուսները» Հայ կաթոլիկ ու Հայ ավետարանական եկեղեցիներն են։ Հեղինակը գտնում է, որ այս «մյուսները», աղանդների նման, Հայ եկեղեցու եւ մասնավորաբար Մայր աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ կատարում են անընդունելի ոտնձգություններ, որոնք սկսվել են 150¬250 տարի առաջՙ այդ «օտարամուտ» դավանանքների հայկական միջավայր մուտքի օրերից։

Ժողովածուն բաղկացած է հակիրճ «նախաբանից» եւ երեք մասերից։

Առաջին մասում (էջ 9¬52) Թ. Փոստաջյանը քննարկում եւ խիստ քննադատության է ենթարկում հայ ավետարանական Հակոբ Լուսարարյանի եւ վերապատվելիներ Վահան Թութիկյանի, Պարգեւ Դարակջյանի ու Ռընե Լեւոնյանի տեսակետները եւ հատկապես վերջինիս շատ ակտիվ «հոգեորսությունը» Հայաստանի Հանրապետությունում։ Փոստաջյանն անհիմն է համարում «Հայաստանեայց աւետարանական եկեղեցի» արտահայտությունըՙ «Հայաստանեայց» ստորոգելին հայտարարելով բացառապես Հայ եկեղեցու մենաշնորհը։ Հայաստանում աղանդավորների եւ, մյուս կողմից, վեր. Ռ. Լեւոնյանի գլխավորությամբ հայ ավետարանականների ակտիվության առթիվ հեղինակը մեջբերում է Հակոբ Պարոնյանի մեկ դիպուկ պատկերը. «Մինչ մեր մօրուքը բռնկած է, այս երանելիները եկած են իրենց սիկառը վառելու մեր բռնկած մօրուքէն» (էջ 43)։

Ժողովածուի երկրորդ մասում (էջ 55¬135), Փոստաջյանն իր սլաքներն ուղղել է հայ կաթոլիկ հեղինակներ, նախկին պատրիարք Հովհաննես Պետրոս Գասպարյանի, հ. Նշան ծ. վրդ. Քեհեյանի, հ. Բարսեղ վրդ. Ֆերհաթյանի, Լորենցո Կոգիի (Հ. Սահակ վրդ. Կոգյան), Ներսես եպս. Սեթյանի, Պողոս Գուբելյանի եւ այլոց գրությունների դեմ, որոնցում խեղաթյուրվում են պատմական փաստերըՙ Հայ եկեղեցին ու նրա գահակալները հաճախ Հռոմին ենթակա եւ հերետիկոս ցույց տալու դիտավորությամբ։ Գասպարյան պատրիարքի աղմկահարույց «Թուղթ շրջաբերականի» առթիվ Փոստաջյանը հատկապես շեշտում է, որ «արդէն իսկ քրիստոնեայ ժողովուրդ մը կարիք չունենար առաքելութեան», այլ «հովուութեան», Ամենայն հայոց կաթողիկոսին վերապահելով «Հայաստանի ժողովուրդին հովուութեան իրաւունքը» (էջ 120)։

Ժողովածուի երրորդ մասըՙ «Հայ եկեղեցւոյ ծագումն ու զարգացումը» վերնագրով (էջ 139¬156), մեր ազգային եկեղեցուՙ պետականության կորստի ժամանակներում ազգապահպան ու մշակութաստեղծ գործունեության գնահատականն է։

Այս քննադատություններով հանդերձ, Փոստաջյանը բազմիցս նշում է, որ հայ կաթոլիկներն ու հայ ավետարանականները հայ ազգի անբաժան մասն են, «մեր քույրերն ու եղբայրները»։

Ընդհանուր առմամբ համամիտ լինելով հանդերձ Փոստաջյան հրապարակախոսի համարձակ, քննադատություններին եւ գնահատականներին, մեր անհամաձայնությունն ենք հայտնում նրա որոշ մտքերին, որոնք ավելի շուտ արվել են Հայ եկեղեցու դերը գերագնահատելու նպատակով, որի կարիքը մեր ազգային եկեղեցին չուներ։

¬ Ըստ Փոստաջյանիՙ «Հայաստանեայց եկեղեցւոյ ծնունդով ծնունդ առին նաեւ մեր մշակոյթը, մեր ճարտարապետութիւնը, մեր գիրն ու մեր գրականութիւնը եւ մեր պատմութիւնը» (էջ 13)։ Եթե ծայրագույն վերապահությամբ կարելի է ընդունել «մինչեւ Ե դարու սկիզբը» (էջ 151) գիր ու գրականություն չունենալու մասին Փոստաջյանի հաստատումը, ապա անհեթեթություն է նրա նույն գնահատականը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ։ Առավել ճիշտ է նույն հեղինակի մեկ այլ հաստատումը, որ «Ե դարուն հայ ժողովուրդը մտաւորական կեանքի վերածնունդ մը ունեցաւ Ոսկեդարու մշակոյթով» (էջ 57)։

¬ Ըստ Փոստաջյանի, Հայաստանում այսօր կան «հայ մորմոններ», «հայ Եհովայի վկաներ» եւ այլն (էջ 44)։ Մեր կարծիքով, նման աղանդների հետեւորդները հայ կոչվելու իրավունք չունեն, քանի որ հայը ազգային որակ է, որից զուրկ են նման աղանդավորները։

¬ Փոստաջյանը գրում է, որ Գրիգոր Լուսավորիչը «հեշտութեամբ մեզ ազգովին քրիստոնեայ» է դարձրել (էջ 142), մինչդեռ պատմությունից, մասնավորաբար Ագաթանգեղոս պատմիչից մեզ հայտնի է, որ շատ վայրերում քրիստոնեության դարձը ոչ միայն հեշտ չի եղել, այլեւ ուղեկցվել է դաժանություններով։

Թ. Փոստաջյանի «Հայաստանեայց եկեղեցին եւ միւսները» գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ։

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4