Ս. թ. մայիսի 9-ին եւ 16-ին «Ազգում» տպագրված Թ. Հակոբյանի «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ հայրենիք, Շուշիում արդեն ծածանվում էր հայոց ազատամարտի դրոշը» եւ «1992 թ. մայիսի 8-ի կեսօրին Շուշին ազատագրվում էր. լուրը Լեւոն Տեր-Պետրոսյանն իմացավ Թեհրանում» հոդվածներում տպագրված մի շարք փաստեր որեւէ կապ չունեն իրականության հետՙ մասնավորապես ինձ վերագրված հայտարարությունները։ Իրականության հետ որեւէ կապ չունի նաեւ Ռոբերտ Քոչարյանին վերագրված գերդերը Շուշիի ազատագրման խնդրում։ Այդ ժամանակ նրա դերակատարությունն էապես ավելի համեստ էր, ինչը տեղ չէր թողնում ոչ նման արտահայտությունների եւ ոչ էլ քայլերի համար։
Այս ամենին կարելի էր եւ չանդրադառնալ, եթե վերջին տարիներին Ադրբեջանի, Թուրքիայի եւ նրանց դաշնակիցների անդադար ու անհեթեթ պնդումները Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման մասին իրենց անակնկալ պաշտպանությունը չգտնեին արտգործնախարար Օսկանյանի «լեզվի սայթաքումների» եւ Ռոբերտ Քոչարյանի «պարզաբանումների» մեջ։ Այդ սայթաքումները կարող էին այդպիսին էլ մնալ, եթե չամրապնդվեին քաղաքական, դիվանագիտական, քարոզչական բնագավառներում իրականացվող գործընթացներով, որոնցում երկու նշված անձանց դերակատարումն ավելի քան անհասկանալի է։ Մասնավորապես վերջին քայլըՙ Արցախ-Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատն Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան ֆորմատով փոխարինելը։
«Ազգի» նշված հրապարակումներն ակնհայտ միտում ունեն ուժեղացնելու Քոչարյան-Օսկանյան նորելուկ հակահայկական գիծը պատերազմի տարիներին Հայաստանի ղեկավարներից կորզած նորանոր «փաստերով»։ Միգուցե «Ազգը» չի ընկալում, թե ինչ հակաազգային գործընթացի մեջ են ուզում իրեն ներքաշելՙ ակնհայտ պատվերը քողարկելով ներքաղաքական խնդիրների սպասարկման շղարշով։ Այս կապակցությամբ իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ տվյալ պատվերը ոչ այլ ինչ է, քան կարեւորագույն ազգային նպատակների դեմ ուղղված քայքայիչ գործընթաց։
ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ