«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


«ԱՐԱՐԱՏՆ» ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

ԱՆԿԱՐԱ, 21 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մայիսի 20-ին Կաննում տեղի ունեցավ Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմի պրեմիերան, ինչը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում է։ «Ատոմ Եղոյանը իմ լավ բարեկամն էր, եւ ես նրանից Հայկական հարցի շուրջ անկեղծ ֆիլմ էի սպասում, բայց իմ ակնկալիքները չտեսա «Արարատում»,- «Հյուրիեթի» էջերում նշում է թուրք կինոքննադատ Աթիլա Դորսայը, որը ներկա է գտնվել ցուցադրությանը։ Վերջինիս հատկապես ցնցել էին ջարդերի տեսարանները, որոնք, ըստ Դորսայի, «չեն ծառայի հայ-թուրքական բարեկամությանը»։ Թերթի վկայությամբ, ֆիլմը սկսվում է Արարատ լեռան համայնապատկերի ցուցադրմամբՙ զուգորդված հայ ազգային երաժշտությամբ։ Ֆիլմում նկարահանվել են Եղոյանի կինըՙ Արսինե Խանջյանը, Շառլ Ազնավուրը, Սիմոն Աբգարյանը, Դեւիդ Ալփայը, Էրիկ Պողոսյանը, Բրենտ Քարվերը, Էրիաս Կոտեասը։ Ըստ «Աքշամ» օրաթերթի, կինոփառատոնում կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում Եղոյանը հայտարարել է, որ «ֆիլմը համաշխարհային բնույթ ունի եւ չպետք է բացասաբար անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա։

«Հայերը սերնդեսերունդ վառ են պահում 1915 թ.-ին բարձրակետին հասած կոտորածների (որն, ըստ Եղոյանի ցեղասպանություն էր) վայրագ հուշերը եւ այսօր եւս մեծ ցավ են ապրում։ Վերքերը չեն փակվել, ընդհակառակն ասես ավելի են արնահոսում», նշում է թուրքական մեկ այլ թերթՙ կոչ անելով հասկանալ «Արարատը»։

«Գարդիան» բրիտանական թերթը «Արարատը» համեմատում է հայտնի հակաթուրքական «Կեսգիշերային ճեպընթաց» կինոնկարի հետ եւ նշում, որ ողջ աշխարհի հայերը սպասում էին այս ֆիլմին։ «Թուրքիայի կառավարությունը մինչեւ օրս ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը։ Ինքը Հիտլերն է ժամանակին ասելՙ ով է այսօր հիշում հայերին», գրում է «Գարդիանը»։

«Արարատի» ցուցադրությունից մեկ օր առաջ Կաննում բաժանվել է ֆիլմը ներկայացնող բուկլետ, որտեղ գրված են եղել Եղոյանի խոսքերըՙ պատմությունը պետք է պատմել, իսկ կյանքը պետք է ապրել։

«Իզվեստիա» թերթը հաղորդում է, որ Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմը Կաննում արժանացել է հանդիսականների աննախադեպ ուշադրությանը։ Թղթակիցը նշում է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերից «Արարատը», անշուշտ, ամենաուշագրավն է։ Հաղորդվում է նաեւ, որ ռուսական կողմն արդեն գնել է «Արարատ»-ի ժապավենը որը մոտ ապագայում կցուցադրվի Ռուսաստանում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4