«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լույս է տեսել «Օրերի» 2002 թ. 1¬2 համարը։ Ինչպես նախորդ համարներում, այս անգամ էլ հանդեսն ուշագրավ տեղեկություններ է հաղորդում անցնող ժամանակաընթացքի իրադարձությունների մասին (հայաստանյան եւ եվրոպական)ՙ կարեւոր անդրադարձումներով։ Ըստ «Օրերի», ուշացած, բայց կարեւոր նախաձեռություն էր Փարիզում փետրվարի 1¬3-ը տեղի ունեցած եվրոպահայ իրավաբանների ֆորումը, որի կայացման համար պահանջվեց 1,5 տարի։ 12 երկրներից ժամանած 26 հայ իրավաբանների անդրանիկ հավաքը խոստումնալից էր եւ անհրաժեշտ նախՙ փորձի փոխանակման, երկրորդՙ ճանաչողական, եւ երրորդՙ Հայաստան-սփյուռք ծրագրեր իրականացնելու, միջազգային նշանակության դատական գործերում միմյանց աջակցելու առումով։ «Օրերը» տեղեկացնում է, որ ֆորումի ամենահետաքրքրական ելույթն ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանի խոսքն էրՙ վերաբերող 1915-ի հայ ավանդատուների եւ նրանց ժառանգներիՙ ապահովագրավճարներ ստանալու հետ կապված դատին, որը բացվել էր Նյու Յորք Լայֆ ապահովագրական ընկերության դեմ։ Ընդհանուր դիտարկումներով ֆորումում արձանագրվեց, որ «արդարադատությունը Հայաստանում կաղում է, կաշառակերությունը հասնում է սարսափելի չափերի, եւ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը հենց կաշառակերությունն է»։ Այն, որ կոռուպցիան ամեն տեղ կա, փաստ է, բայց որ մեր երկրում դրա չափերը հասնում են վտանգավորության այն աստիճանին, որ խոչընդոտում են երկրի առաջընթացը եւ սպանում կյանքը, խիստ մտահոգիչ է, որի մասին արդեն լրջորեն խոսվում է արտերկրում։

«Օրերի» անդրադարձն իրավական հարցերին շարունակվում է Վարդգես Եղիայանի հետ հարցազրույցով եւ հետաքննող լրագրողների ընկերակցության անդամ Սառա Պետրոսյանիՙ Հայաստանի դատական համակարգի գործունեության մասին հրապարակումով։

«Օրերի» մշակութային կյանքը ներկայացնող բաժինը միշտ ավելի հարուստ է եւ հիշարժան։ Այս անգամ մշակութային անդրադարձ հիմնականում արվել է կինոարվեստին։ Ռուզան Զաքարյանի հարցազրույցը տաղանդավոր դերասան Միքայել Պողոսյանի հետ ներկայացնում է արտիստիկ էության եւ ինքնատիպ խառնվածքի տեր դերասանին, որի համար արվեստը տագնապ է, իսկ թատրոնըՙ նաեւ վախ։

Այս տարվա հունվարի 11-ին մի մեծ կորստով մենք դարձյալ աղքատացանք։ Մեզանից հեռացավ ֆրանսահայ նշանավոր բեմադրիչ Անրի Վեռնոյը։ Բեմադրիչի կյանքի ու ստեղծագործության մասին է պատմում Արծվի Բախչինյանի «Իր ժողովրդի իսկական զավակը» հոդվածը։ Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինի կողմից Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանին, 1992-ին ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակին, 1996-ին Պատվո Սեզարի արժանացած, 2000-ին ֆրանսիական ակադեմիայի իսկական անդամ ընտրված, բազմաթիվ ֆիլմերի, գրքերի հեղինակ, հրապարակագիր Անրի Վեռնոյը կյանքի վերջին տարիներին ապրեց Ժնեւի լճի ափին գտնվող իր առանձնատանը, զբաղվեց նկարչությամբ եւ քանդակով։ Ըստ Ալեն Դելոնիՙ իր բարեկամը կինոյի աշխարհի ուշադրությունից դուրս էր մնացելՙ «անարդարացիորեն մահանալով մեկուսացման մեջ»։

«Օրերն» անդրադարձել է նաեւ փարաջանովյան «շարունակվող լեգենդին» (Փարաջանովի ծննդյան 75-ամյակի եւ նրա տուն-թանգարանի 10-ամյակի առիթով), նրա անսովոր գեղապաշտական ներաշխարհին եւ արարումներին, անմեկնելի հմայք եւ տարաշխարհիկ զգացողություններ առաջացնող փարաջանովյան առեղծվածներին։ Իսկ Լիանա Եդիգարյանինՙ չինական հեռուստաէկրանի հմայիչ հայուհուն ներկայացնող ակնարկը պատմում է դերասանուհուՙ չինական կինոարվեստում ունեցած հաջողությունների մասին։

Հանդեսի «հայացքն» ընդգրկուն է, ընտրությունը կատարված է բավականին ճաշակով։ Ուշադրություն եմ ուզում հրավիրել նաեւ «Օրերի» խմբագրականներին. յուրաքանչյուր անգամ նկատվում եւ կարեւորվում է այնպիսի կոնկրետ երեւույթ, որ քաղաքական, սոցիալական, մշակութային խոցելի տեղեր ունի, եւ խորհրդածություն-վերլուծության նյութ դառնալուց բացի, լուրջ մտահոգություններ է առաջացնում։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4