ՄԱԱ-ում հայտարարեց Բաբկեն Արարքցյանը
Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում մայիսի 21-ին լրագրողները հանդիպեցին «Արմատ» կազմակերպության նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ։ Թեպետ հրատապ թեման ներքաղաքական իրավիճակն էր, սակայն արծարծվեցին նաեւ արտաքին քաղաքական հարցեր։
1990 թ. մայիսի 20-ին կայացան Հայաստանի 1-ին խորհրդարանական ընտրությունները, ինչի արդյունքում ձեւավորվեց առայժմ միակ ժողովրդավարական ճանապարհով ընտրված, ըստ այդմՙ ներկայացուցչական խորհրդարանը, այս 12 տարիների ընթացքում առաջընթաց արձանագրելու փոխարեն Հայաստանը, փաստորեն, նահանջեց ժողովրդավարության դիրքերից, արդյոք պատճառը ՀՀՇ-ի հիմնած քաղաքական համակարգը չէ՞ր, որի արատներից մեծապես օգտվում են իշխանությունները. ի պատասխան մեր այս դիտարկման ԳԽ եւ ԱԺ նախկին նախագահ Բ. Արարքցյանը նկատեց. «Իրականում 90 թ. ընտրությունները չեն եղել ժողովրդավարական, պարզապես 1-ին անգամ ԽՍՀՄ-ում եղել են այլընտրանքային ընտրություններ, ժողովրդավարական կարելի է համարել ընտրությունները Երեւանում, իսկ շրջաններում, ուր գործում էին կոմունիստական ռայկոմները, ընտրություններն ուղեկցվել են ճնշումներով, որոնց արդյունքում կոմունիստները հաղթանակ տարան»։ Ըստ Արարքցյանիՙ ժողովրդավարությունը մեկ օրում չի ստեղծվում, այլ հարց է, թե ինչպիսին են միտումները։ Այսօր գործընթացները էապես նահանջ են ապրում, օրենսդրությունը խստանում է, մարդիկ են ձերբակալվում հանրահավաքներին մասնակցելու համար։ ՄԱԱ-ի հյուրը նկատեց, որ ըստ արդարադատության նախարարության տեղեկանքի, 7 դատական որոշում է կայացվել հանրահավաքի մասնակիցների ձերբակալման կամ տուգանման վերաբերյալ։
«Այսօր իշխանությունը մոնոպոլիզացված է, կենտրոնացված 2 մարդուՙ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ձեռքերում, իշխանության մնացած համակարգը կաթվածահար է։ Իշխանությունը քրեականացված է, քրեական տարրերը այսօր բացահայտ գործում են իշխանության համակարգում։ Իշխանությունը դարձել է բիզնեսի լավագույն տեսակը, ինչի համար էլ այսօր պայքարը իշխանության համար շատ մեծ է», ընդգծեց «Արմատի» նախագահը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «այն համասեռ չէ, ընդդիմության մեջ իշխանությունը ականներ է դրել, որոնք հետագայում պետք է պայթեն եւ տրոհեն ընդդիմությունը։ Մասնավորապես, ես այդպիսի ական եմ համարում Արտաշես Գեղամյանին», հայտարարեց Արարքցյանը։ Միաժամանակ նա ավելացրեց, որ «հարթակում գտնվող ընդդիմությունը, լավ թե վատ, միակն է, որ գնում է ակտիվ գործողությունների ճանապարհովՙ հակազդելով իշխանություններին։ Այլ հարց է, թե որքան կդիմանա ընդդիմությունը»։ Ըստ ՄԱԱ-ի հյուրիՙ պետք չէ թիրախ դարձնել ընդդիմությանը, քանի որ «նրանք նվագում են այնքան, որքան կարողանում են»։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններինՙ Արարքցյանը նշեց, որ դրանք «աննախադեպ են լինելու երկու հանգամանքների պատճառով». 1. ֆինանսական միջոցների եւ լծակների, 2. շատ մեծ է լինելու արտաքին, առաջին հերթինՙ Ռուսաստանի միջամտությունը։ Ըստ այդմՙ մրցակցությունը շատ մեծ է ընդդիմության (մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության, սոցուժերի) եւ իշխանությունների միջեւՙ ավելի հավատարիմ ներկայանալու Ռուսաստանին, ուստիեւ «պատահական չէ, որ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Մոսկվա-Երեւան ճանապարհը տրոլեյբուսի ճանապարհ են դարձրել»։ Այս առումով թե ընդդիմության, թե իշխանության միջեւ տարբերություն եւ այլընտրանք չկա։ Ռուսաստանն, իր հերթին, նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում ավելի մեծ ազդեցություն ունենալու համար։
ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ն հաստատապես չի սատարի Կոմկուսի թեկնածուին, չի բացառվում, որ սատարի այն թեկնածուին, որիՙ Քոչարյանին հաղթելու հնարավորություններն ավելի իրական են։ «Այսօր իշխանափոխությունը անհրաժեշտ է, հակառակ դեպքում շատ անփառունակ ապագա կունենա Հայաստանը», նկատեց Արարքցյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ ՄԱԱ-ի հյուրը վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ Հայաստանը մասնակցում է վարշավյան դաշինքինՙ դրանով իսկ դառնում է այն ռազմական բլոկի անդամ, որը հակադրվում է ՆԱՏՕ-ին։ «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը վերածվում է կազմակերպության, ուր հայտնվում է Հայաստանը։ 1992 թ. Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին մասնակցել են եւ Ադրբեջանը, եւ Վրաստանը, թվով 11 երկրներ։ Այսօր այդ թիվը կրճատվել-հասել է 6 երկրների, որոնցից եւ ոչ մեկի հետ Հայաստանը սահման չունի։ Մենք տնտեսական համագործակցության դաշտից դուրս ենք, բայց ռազմական բլոկի մեջ մտնում ենք»։ Արտաքին տնտեսական շրջանառության ցուցանիշների համաձայն 2000 թ. 1996-ի համամատ աճը կազմել է ընդամենը 5,6 տոկոս։ Սա նշանակում է, որ «Հայաստանը փակ տնտեսություն է, զարգացում չկա»։ Մինչդեռ այլ երկրների ցուցանիշների համաձայնՙ «նրանց տնտեսությունը գնում է դեպի Արեւմուտք, իսկ Հայաստանըՙ դեպի Ղրղզստան»։ «Հայաստանն այսօր դարձել է ռուսական զենքի հենակետ տարածաշրջանում։ Մենք պետք է ռազմավարական ծրագիր դարձնենք Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը, քանի որ դա միակ համակարգն է աշխարհում, որ կարող է ապահովել անվտանգությունը։ Ռուսաստանը չի կարող ապահովել անվտանգությունը, քանի որ դառնում է ռասիստական պետություն», ընդգծեց Մամուլի ազգային ակումբի հյուրը։
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ