«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


«ԿՈՒԶԻԿԻՆ» ԿՈՒՂՂԻ ՈՉ ԹԵ ԳԵՐԵԶՄԱՆԸ, ԱՅԼ ՈՂՆԱՇԱՐԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիայի ամենավերջին ձեռքբերումները վիրաբուժության մեջ «Ազգի» ընթերցողներին ներկայացնում է մարսելահայ պրոֆեսոր Սերժ Նազարյանը

Մարսելը Ֆրանսիայում ողնաշարի վիրաբուժության պիոներն էր, իսկ Ֆրանսիան միջազգային մասշտաբներով անվիճելիորեն առաջին տեղում է։

1981-ից մասնագիտանալով ողնաշարի վիրաբուժության մեջՙ պրոֆեսոր Նազարյանը 1992-ից գլխավորում է օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժինը Մարսելի «Կոնսեպսիոն» հիվանդանոցում։

¬ Ողնաշարի վիրաբուժության առաջխաղացումն, ինչպես ողջ բժշկության զարգացումը, սերտորեն պայմանավորված է ֆիզիկայի, քիմիայի եւ տեխնոլոգիական առաջընթացով։ Մոլեկուլային կենսաբանության եւ գենետիկայի ոլորտները ժամանակակից վիրաբուժության ամենաէական առաջխաղացը պայմանավորողներն են, որ գալիս են լուծելու մեծաքանակ խնդիրներ, թեեւ վիրաբուժության մեջ անխախտ է անատոմիայի կատարյալ տիրապետումը։

Գենետիկայի շնորհիվ կարողանալու ենք բուժել կամ նույնիսկ կանխել որոշ հիվանդություններ։ Հիմնախնդրային է նաեւ կենսանյութերի ուսումնասիրումը։ Ողնաշարի համար անհրաժեշտ պրոթեզներ ստեղծված չեն, հիմնականում թերեւս այն պատճառով, որ դեռեւս անհրաժեշտ կենդանի նյութը չենք կարողանում վերարտադրել։ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժինը հասցեագրվում է ողնաշարի տրավմատիկ, բնածին, դեֆորմատիվ, ուռուցքային, վարակիչ եւ բորբոքային վնասվածքների, որոնց համար կիրառում ենք մի շարք հետաքրքրական տեխնոլոգիաներ եւ միաժամանակ սպասում նորերի հայտնվելուն։

¬ Ի՞նչ է օստեոսինթեզը (ոսկորների համադրումը)։

¬ Կենսանյութերի միջոցով հնարավոր է ոսկորներիՙ մեկը մյուսների նկատմամբ ամրացումՙ օստեոսինթեզը, որը ներկայումս թույլ է տալիս բուժել կոտրվածքներ, ուռուցքներՙ կտրել ոսկորներն ու դրանք տեղադրել իրենց ճիշտ տեղում։ Ողնաշարի պարագայումՙ շտկել ծռումները։ Օստեոսինթեզը հիմնավորապես զարգացել է 1958-իցՙ շվեյցարական դպրոցով, պրոֆեսոր Մուլլերի կողմից։ Դեգեներատիվ հիվանդությունների համար կենսանյութեր եւ պրոթեզներ ունենք, որոնցով շտկում ենք վերջույթները։ Միակ խնդիրն այստեղ վերջույթների ամուր ֆիքսումն ու համադրելի կենսանյութերի առկայությունն են։

Մինչդեռ արթրոզիՙ հոդերի քրոնիկական հիվանդության դեպքում, որը շատ տարածված է, ողնաշարի շարժումն անհամեմատ դժվար է։ Ողնաշարի ոսկրային հյուսվածքից նյարդը ներառյալ վերցնելն, այնուհետեւ կայունացնելըՙ ողը կամ ողջ ողնաշարը հավաքելով, միակ տարբերակն է։ Եվ այդ տարբերակը կարողանում ենք իրականացնել։ Արթրոզն ուղեկցվում է անկայունությամբ։ Եվ ֆիքսում ենք հատուկ նյութերի օգնությամբ։ Բայց ողնաշարի պարզ արթրոզին, որը շատ չի խանգարում, չենք դիպչում ու բուժում ենք դեղամիջոցներով։

Նմանապես տեղադրում ենք պատվաստներ (մարմնի մասից բաղկացած պրոթեզ- Մ. Խ.)։ Իսկ որպեսզի պատվաստը կայուն մնա, ամրացնում ենք կատարելագործման հասած հարմարանքներովՙ սկավառակներ, հենակներ, կցակներ, որոնք հարմարվում են ողնաշարինՙ դառնալով մեկ ամբողջություն։

Չնայած վերջույթների շարժունակությունը պահպանող պրոթեզներ ունենք, այնուամենայնիվ, դեռեւս չգիտենք ողնաշարի պրոթեզավորման ձեւը։

«Սխալն այստեղ անխուսափելի է»

¬ Բարձր որակի լուսավորման հարմարանքով եւ հեռուստադիտակի միջոցներով վիրաբուժություն է իրականացվում իրանի եւ փորի հատվածներում։

¬ Այսօր զարգացրել ենք փորի հատվածում ողնաշարի ամրացումներ, որ անում ենք հենց հեռուստաբուժության շնորհիվ։ Կոտրվածքների մի տեսակ կա, երբ ողնաշարը կարծես երկու մասի է ծալված։ Այս դեպքում կարող ենք ուղղել ողնաշարըՙ կտրելով ոսկորը, շտկելով ու ամրացնելով համապատասխան նյութերի օգնությամբ։ Անչափ կարեւոր է չսխալվելը։ Քանի որ ողնաշարը մատչելի է ե՛ւ առջեւից, ե՛ւ հետեւից, անհրաժեշտ է անատոմիայի գերազանց իմացություն, ողնաշարի առջեւում ու հետեւում գտնվող բոլոր օրգանների անթերի ճանաչումՙ դրանք չվնասելու համար։ Եվ հենց այս ուսուցումն էլ կազմակերպում ենք բազում տարիներ։

Մարսելի համալսարանի բժշկական ֆակուլտետում Սերժ Նազարյանը ղեկավարում է տանատոպրաքսիայիՙ մարմնի պահպանման եւ անատոմիայի ուսումնասիրության գիտական հետազոտություններով զբաղվող բաժինը եւ դասավանդում անատոմիա։ Մարսելահայ պրոֆեսորը հավաստիացնում է, որ թեեւ ողնուղեղի վերականգնման փորձեր աշխարհում շատ են իրագործվել, միակը, որ մինչ օրս հաջողվել էՙ Մոնպելիեում պրոֆեսոր Ռաբիշոնի 30 տարիների հետազոտությունների շնորհիվ է։ Նրան հաջողվել է գտնել հաջորդականությունը, որով խաղի մեջ են մտնում քայլքին անհրաժեշտ մկանային տարբեր հյուսվածքները, եւ հաջողվել է համակարգչի միջոցով վերականգնել այդ հաճախականությունը։ Ինֆորմատիկ ծրագրերի շնորհիվ փաստորեն վերարտադրվել է քայլքըՙ նմանակելով գլոբալ շարժում ստեղծելու համար անհրաժեշտ մկանային տարրական շարժումները։

Հ. Գ. Սերժ Նազարյանը Հայաստանում դեռեւս չի եղել, բայց մաս է կազմում Մարսելի համալսարանին կիցՙ արտասահմանում ուսուցում կազմակերպող մի խմբի, որի շրջանակներում նախատեսում է այցելել Հայաստան։

ՄԱՐԻԱՄ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ, Մարսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4