«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


«ՏԱԳՆԱՊԱԼԻ ՋՐԵՐ։ ԿԱՍՊՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Վաղ ժամանակներից Կասպից ծովը շրջապատող տարածքը եղել է ինչպես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ, այնպես էլ մրցակցող գերպետությունների փառասիրության կիզակետ։ Պատմության ընթացքում այդ տարածաշրջանում բնակվել են ցեղային, կրոնական եւ էթնիկական տարաբնույթ միավորներ։

Հինգ առափնյա պետություններիՙ Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ ծվարած լիճը, որն իր մեծության համար ծով է անվանվում, միջազգային հետաքրքրությունների եւ շահերի ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։ Իսկ անցյալ տարի Վաշինգտոնում իշխանության գլուխ անցած նոր վարչակարգը նոր բնույթ եւ ուղղություն հաղորդեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։ Չեյնիի, Փաուելի եւ Ռայսի խմբակցությունը հավանաբար իր նախորդներից ավելի զուսպ մոտեցում որդեգրի տարածաշրջանի հանդեպ, միգուցե առավել սերտ համագործակցի Ռուսաստանի եւ, ինչու չէ, նաեւ Իրանի հետ։

Այս եւ բազմաթիվ այլ առանցքային հարցեր են շոշափված վերջերս Նյու Յորքի «Թորիս» հրատարակչատան լույս ընծայած «Տագնապալի ջրեր։ Կասպյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը» հատորում, որի հեղինակներն են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորներ Հրայր Դոքմեջյանն ու Հովհան Սիմոնյանը։

Գիրքը կազմված է երեք մասից. ա) «Կասպիցի ջրավազանը։ Պատմություն, քաղաքականություն եւ ռեսուրսներ», որտեղ քննարկվում են կասպիականի պատմությունը, դերըՙ ներկա, գլոբալիզացված աշխարհում, իրավական կարգավիճակը, շրջապատող միջավայրի հարցերը եւ էներգիայի ձեռքբերման նախահաշիվները։ բ) «Առափնյա պետությունները», որտեղ խոսվում է այդ պետությունների քաղաքականության, շահերի եւ փոխհարաբերությունների մասին։ գ) «Արտաքին դերակատարները», որտեղ ուսումնասիրվում են ինչպես Ամերիկայի, Ճապոնիայի, նաեւ Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրների, այնպես էլ էթնիկական, կրոնական եւ ոչ կառավարական կազմակերպությունների դերը կասպիականի կնճռոտ հարցում։ Վերջում տրված են ծանոթագրությունների եւ օգտագործված գրականության ստվար ցանկերը։

Գիրքը գիտական լուրջ ուսումնասիրություն է մի տարածաշրջանի մասին, որի մեջ ընդգրկված պետությունները ներկա պայմաններում մեծապես կախված են արտաքին աշխարհիՙ հատկապես Մ. Նահանգների եւ Եվրոպայի տնտեսական ու քաղաքական զարգացումներից։ Գրքի հեղինակների կարծիքով, ցանկացած փոփոխություն այդ ոլորտներում իր տեսական ազդեցությունն է ունենալու կասպիական երկրների վրա։

Հատորը նախատեսված է ինչպես գիտական եւ քաղաքական շրջանակների, այնպես էլ հասարակ ընթերցողների, միջազգային բանկային ընկերությունների, նավթարդյունաբերողների, լրագրողների եւ երկրաբանների համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4