«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

Հանուն ինչի՞

«Պատերազմի եւ խաղաղության հարցերի լուսաբանման ինստիտուտի» ինտերնետային ցանցի մայիսի 10-ի էջում Թբիլիսիից անկախ լրագրող Գեորգի Նեմսաձեն հայտնում է, որ ֆինանսական ասպարեզում վերջերս երկու նախարարների պաշտոնանկությունն առնչվում է կառավարության ամրապնդմանը, քան տնտեսությանը։

Անվտանգության խորհրդի մայիսի 2-ի նիստում, գրում է նա, Վրաստանի նախագահն անակնկալ որոշում ընդունեց պաշտոնանկ անելու իր ֆինանսների եւ հարկային եկամուտների նախարարներ Զուրաբ Նողայդելիին եւ Լեւան Ծնելաձեին։ Թեեւ նախագահը զգուշացրել էր նրանց, որ կհեռացնի պաշտոններից, եթե չկարողանան բյուջեով նախատեսված գումարներն ապահովել, լրագրողն այդուհանդերձ, այն կարծիքին է, որ երկու նախարարությունների միաձուլումը եւ կառավարության վերակազմավորումը նպատակ ունի նախ է՛լ ավելի ուժեղացնելու պետնախարար (վարչապետ) Ավդանիլ Ջորբենաձեի եւ ընդհակառակըՙ ընտրություններից (տեղականՙ հաջորդ ամիս եւ խորհրդարանականՙ հաջորդ տարի) առաջ զգալիորեն թուլացնելու իր նախկին դաշնակից Զուրաբ Ժվանիայի դիրքերը։ Այնուհետեւ այդ քայլը համապատասխանում էր միջազգային կազմակերպությունների (ՄԱՀ, Համաշխարհային բանկ եւ Մ. Նահանգների զարգացման ծրագիր) պահանջներին։

Որոշ մասնագետներ, սակայն, սկեպտիկ վերաբերմունք ունեն կատարվածի վերաբերյալ եւ չեն կարծում, թե տնտեսապես արդարացված էր։ Խորհրդարանի բյուջետային գրասենյակի պատասխանատու Ռոման Գոցիրիձեն, օրինակ, նշել է, որ «բյուջեի չկայացման մեղքը պետք է հավասարապես բաժանեն կառավարության բոլոր անդամները»։ «Դրանով Շեւարդնաձեն չի կարող երկրի տնտեսական դրությունը բարելավել», հայտարարել է նա, ավելացնելով, որ երկու հեռացված նախարարները «լավագույնն էին իրենց պաշտոններում եւ պետք է վերջացնեին իրենց սկսած բարեփոխումների ծրագիրը»։

Բայց, իհարկե, սա «բարձրաստիճան քաղաքականություն է», շարունակում է լրագրողը։ Միավորված նախարարության ղեկավար է նշանակվել նախագահի քաղաքական վաղեմի դաշնակիցներից մեկի որդինՙ Միրիան Գոգիաշվիլին, որը հակակոռուպցիոն հանձնաժողովի քարտուղարն է։ Վերջինիս մատը խառն էր մեկ ուրիշ պետպաշտոնյայիՙ Բադրի Խատիձեի պաշտոնանկության գործում։

Քանի որ վարչապետի պաշտոն գոյություն չունի Վրաստանում, շատերը կառավարության ավագ նախարար Ջորբենաձեի դիրքերի ամրապնդում են տեսնում այս ամենի հետեւում։ Նա քաղաքական պայքար է մղում Ժվանիայի գլխավորած բարեփոխումների կողմնակիցների դեմ։ «Վրաստանի քաղաքացիների միություն» կազմակերպությունը զգալիորեն թուլացել է այժմ եւ պառակտվել։ Վերջերս շրջանային մի դատարան մերժել է գրանցել այդ կազմակերպության Ժվանիայի ղեկավարած խորհուրդը, որը պատրաստվում էր տեղական ընտրություններին իր թեկնածուին առաջադրել։ Շեւարդնաձեն, որ դեռեւս այդ կուսակցության անդամ է, մայիսի 8-ին լրագրողներին հայտարարել է, որ «ինքը չի կարող միջամտել» այդ հարցում։ Ընտրությունները նախատեսված են հունիսի 2-ին։ Դիտորդները գտնում են, որ հաջորդ «զոհը» կարող է լինել Թբիլիսիի քաղաքապետ Վան Զոդելավան։ Նրանք նաեւ ենթադրում են, որ Ջորբենաձեն իր համար ճանապարհ է հարթում դեպի հաջորդ նախագահական ընտրություններըՙ 2005 թ.ՙ ձգտելով դառնալ Շեւարդնաձեի հետնորդը։ Կառավարության շրջանակներում, սակայն, գտնում են, որ նա այնքան էլ «լավ քաղաքական ռազմագետ չէ»։ Ինքնությունը հայտնել չցանկացող կառավարության մի պաշտոնյա վախ է հայտնել, որ «նա ինքն իր փորած փոսն է ընկնելու»։ «Շեւարդնաձեն հաճախ է զոհել մարդկանց, որոնք մի ժամանակ պաշտպանել են իրեն», ասել է նա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4