«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Ժնեւի ժամանակակից պատկերի կենտրոնը շվեյցարացի արվեստագետներին եւ կինոգործիչներին աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելու եւ տեսաֆիլմն ու փորձնական կինոն զարգացնելու ընդարձակ ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում մայիսի 22¬26-ը Երեւանի «Նաիրի» կինոթատրոնում եւ Հայաստանի ազգային ֆիլմադարանում կանցկացվեն պատկերի խնդրին նվիրված մի շարք միջոցառումներ, քննարկումներ։ Կազմակերպիչներն են Ժնեւի ժամանակակից պատկերի կենտրոնի տնօրեն Անդրե Իտենը, Հայաստանի ազգային ֆիլմադարանի ղեկավար Գարեգին Զաքոյանը եւ Ժնեւի «Ուտոպիանա» ընկերակցության ղեկավար Ստեֆան Քրիստենսենը։ Միջոցառումներն, անշուշտ, կնպաստեն շվեյցարացի, ֆրանսիացի եւ հայ արվեստագետների ու քննադատների, ինչպես նաեւ Երեւանի եւ Ժնեւի մշակութային հաստատությունների միջեւ կապերի ամրապնդմանը։ Պատկերն իբրեւ հենք օգտագործող ժամանակակից հայ արվեստագետները հնարավորություն կստանան ցուցադրելու իրենց աշխատանքները։

«1992 թ. Աշոտ Աշոտի ստեղծած «Գաբրիել հրեշտակապետ» ֆիլմը, որը տվյալ պահին վիդեո լինելու անսովորությամբ էր միայն առանձնանում, այսօր, տարիների հեռվից, իր վերնագրի ու ի հայտ գալու ժամանակի միջոցով ասես խորհրդանշում է անսասան թվացող երկրի փլուզումը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ այն ժամանակ անտեսանելի վիդեոարվեստի սկզբնավորումը», ասում է ժամանակակից արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը։ Հայաստանում վիդեոարվեստն այսօր կազմավորվում է, քանի որ կինոգործիչների համար այն դարձել է մեծ կինոյի տնտեսական պատճառներով խորացող ծարավը հագեցնելու միջոց։ Դեռեւս տասնամյակներ առաջ Երվանդ Քոչարը, Սերգեյ Փարաջանովը, Արտավազդ Փելեշյանը շարժման եւ պատկերի փոխկապակցման ոլորտում առաջադրում էին մոտեցումներ, որոնք շրջանառություն գտան միայն վիդեոտեխնիկայի զարգացման շնորհիվ։ Ի դեպ, Ժնեւի ժամանակակից պատկերի կենտրոնի ծրագրի իրականացմանը, բացի շվեյցարական «Պրո Հելվեցիա», Շվեյցարիայի մշակույթի, Ժնեւի կրթության պետական դեպարտամենտի եւ «Ուտոպիանա» ընկերակցության հիմնադրամներից աջակցում է նաեւ Ղուկասյան եղբայրների հիմնադրամը։

Երեւանում կցուցադրվեն ինչպես շվեյցարացի եւ հայաստանցի, այնպես էլ սփյուռքահայ արվեստագետների աշխատանքները։ Ազգային ֆիլմադարանում կիրակի (ժ. 18։00) կկազմակերպվեն բացօթյա գիշերային ցուցադրումներ։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4