Շուրջ 30 տարի Հալեպում գործում է ՀԲԸ Միության Հայ երիտասարդաց ընկերակցության հիմնադրած «Սպենդիարյան» երկսեռ քառաձայն երգչախումբը։ Ժամանակին նրա հետ աշխատել են ճանաչված անուններ. Խորեն Մեյխանաջյանը, Ջեյմս Գյոզալյանը, Ռոբերտ Ամիրխանյանը... Այսօր երգչախմբի ղեկավարն է երիտասարդ խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Գայանե Բաղդասարյանը։ Ավարտելով նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակչության բաժինը, լինելով Հայաստանի ռադիոյի կամերային երգչախմբի խմբավար, ղեկավարելով Սարաջեւի երաժշտական դպրոցի սաների երգչախումբը, հանդես գալով համերգներով, ունենալով թողարկված լազերային ձայնասկավառակ, Գայանե Բաղդասարյանն աչքի է ընկնում իր սերնդակիցների մեջ որպես մասնագիտական հատուկ շնորհներով օժտված ջանասեր խմբավար։ Ինքնին խոսուն է այն փաստը, որ նա մասնագիտական կրթություն է ստացել անվանի խմբավար, նուրբ երաժիշտ, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարանում, իսկ այժմ նրա ասիստենտն է։ «Դժվար է բառերով արտահայտել այն, ինչ հոգուս խորքում զգում եմ մաեստրո Հեքեքյանի նկատմամբ։ Երազում եմ երբեւէ հիմնել երաժշտական կենտրոն կամ դպրոց, որը կրի ամենքիս կողմից սիրված Տիգրան Հեքեքյանի անունը։ Թերեւս այդպես կարողանամ հայտնել երախտագիտությունս», ասում է Գայանեն։
Անդրադառնալով Հալեպի ՀԵԸ «Սպենդիարյան» երգչախմբին, ասենք, որ վերջերս ՀԲԸՄ-ի լեցուն դահլիճում հաջողությամբ տեղի ունեցավ երգչախմբի համերգըՙ Գայանե Բաղդասարյանի խմբավարությամբ։ Ծրագրումՙ Մոցարտի, Վերդիի, Կոմիտասի, Է. Հովհաննիսյանի ստեղծագործություններից, Ե. Երկանյանիՙ ժողովրդական երգերի քառաձայն երգչախմբի համար արված մշակումներից։
Ամենամյա նման համերգներով երգչախումբն, ասես, հաշվետու է լինում ՀԲԸՄ¬ին, ուր ինչպես ապացուցում է համայնքի մշակութային կյանքը, ջանք չի խնայում հայապահպանության գործում։ «Նման երգչախումբ հիմնել եւ պահելն այդ գործընթացի վառ դրսեւորումներից մեկն է,¬ ասում է Գայանե Բաղդասարյանը,¬ չէ՞ որ ոչ միայն երգում են հայկական երգ, այլեւ, ամենակարեւորը, երգում են հայերեն, իսկ լեզուն, հայտնի է, ազգապահպանման առաջնային գործոն է»։
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ