«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԿՆՈՋ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Պապյանը Երեւանում էր

Բելինիի «Նորմա» օպերան ճակատագրական կարելի է համարել Հասմիկ Պապյանի համար, այն «Նորման», որի երեւանյան ներկայացմանը մի քանի օր առաջ մասնակցեց օպերային արտիստուհին։ 1992 թ. միջազգային առաջին ելույթի է գնացել Նորմայի դերերգով։ 1993-ին Գերմանիայում հյուրախաղերի էր Նորմայի դերերգով, երբ սեպտեմբերյան ներկայացումից հետո արտիստուհուն իր հիացմունքը հայտնելու եկավ գերմանացի դրամատուրգ (օպերային ստեղծագործությունների ընտրություն կատարող մասնագետ) Կոնրադ Կուհնը, այն Կուհնը, որի հետ մեկ տարի անց ամուսնացավ Հասմիկ Պապյանը... Բելինիի ստեղծած քրմուհին Հասմիկ Պապյանին զուտ լուսավոր դռների առջեւ է կանգնեցրել։ Արտիստուհին համոզված է, որ այդ կլինի նաեւ սրանից հետո։

Եվս մեկ անգամ, եւս մեկ հյուրախաղով (հյուրախաղ չասենք, հայ արտիստն իր հայրենի քաղաքում հյուրախաղի չի գալիս) հանդես եկավ համաշխարհային համբավավոր երաժշտագետների կողմից լավագույն սոպրանոներից մեկը ճանաչված Հասմիկ Պապյանը։ Բեմադրիչ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ներկայացվում էր Վ. Բելինիի «Նորմա» օպերան։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերային թատրոնի դահլիճը վաղուց արդեն այսպես մարդաշատ ու շքեղ չէր եղել։ Չէ՞ որ Հասմիկ Պապյանն էր երգում. «...Երգչուհին անկարող է ամբողջ հոգով չձգտել իր ստեղծագործական իդեալների մարմնավորմանը։ Այսպիսին էր եւ այս անգամ երգչուհու Նորման»։ «Նրա արտիստական անսպառ եռանդին մշտապես զուգակցում են արվեստի հմայիչ ուժը, իսկական, բարձր ներշնչումը, նուրբ ճաշակը»... Այսպես գրեցին Հասմիկ Պապյանի այս ելույթի առիթով։

Միայն 20 օր մնաց իր Երեւանում, իր ծնողներին, հարազատներին այցելության եկած արտիստուհին։ Բարեկամները, երաժշտագետները, նաեւՙ ժուռնալիստները բառացիորեն գնդակահարում էին նրա երեւանյան հեռախոսը։ Եվ դա բնական էր։ Չէ՞ որ 1992 թ.-ից Երեւանում չէ։ Երգել է Բոննի օպերային թատրոնում («Տրավիատա», «Կարմեն»), Համբուրգի «Շտատս օպերում», Դյուսելդորֆի «Դոյչե օպեր ամ Ռայնում», Բեռլինի «Դոյչե օպերում» (Տոսկա, Աիդա), Վիեննայի «Ֆոլքս օպերում» (Նորմա), Միլանի Լա Սկալայում (Աբիգայլ, «Նաբուկո»), Նյու Յորքի «Մետրոպոլիտենում» (Աիդա), Փարիզի Ազգային օպերայում («Վիլհելմ Տել»)... Սանտյագո, Բալթիմոր, Մարսել, Տոկիո, Թել Ավիվ, Սանկտ Պետերբուրգ, Տորոնտո, Սան Ֆրանցիսկո... Ահա այն քաղաքների ոչ լրիվ ցուցակը, որտեղ օպերային թատրոնների բեմերում 31 նոր կերպարներ է ստեղծել Հասմիկ Պապյանը։ Անընդհատ աշխատանքի մեջ, անընդհատ զբաղված, բայց «Ազգ» թերթի համար երեւանյան իր այցի ժամանակ 1¬2 ժամ գտավ։

Մեկ օր առաջ հիացել էինք Հասմիկ Պապյանի Նորմայով, ուստի փորձեցինք բեմից դուրս, բեմից հետո բացատրել մարդկային հսկայական ողբերգություններ տարած դրուիդ գուշակուհու կերպարը։ Համաշխարհային օպերային արվեստի հսկաներից մեկըՙ Բելինին, ստեղծել է մի կերպար, որի ապրած ժամանակի, բարքերի մասին շատ քիչ բան գիտենք։

¬ Ընդհանրապես Նորման շատ տարբեր է կանացի այն կերպարներից, որոնց ինձ բախտ է վիճարկվել ստեղծել բեմում։ Ավելի հեշտությամբ կարելի է վերլուծել, բացատրել Աիդային, Վիոլետային... Բայց ահա, Նորմայի պարագայում դժվար է։ Ես այս կերպարն ավելի շատ նմանեցնում եմ Մեդեային։ Նորման ոչ միայն քրմուհի է, տիրակալուհի։ Ամենայն իրավունքների տեր այս կինը, հավասարապես կին է, առավել եւսՙ սիրող, բայց լքված կին, որ մնացել է սիրո ծնունդ երկու երեխաների հետ միայնակ, որ մենակ է մնացել իր ողբերգության մեջ։ Անշուշտ, այս ամենը կարող էր կատաղի չարության հասցնել այս կնոջը։ Սակայն նա նաեւ ներող է, ավելինՙ պատրաստ է զոհաբերել ինքն իրեն, որպեսզի «այրվի բոլոր դժբախտությունների մեղավորըՙ Նորման»։ Ոգու հզոր ուժ է պետք ունենալ այսպիսի անձնազոհության գնալու համար։ Նրա վեհանձնությամբ եւ հոգու ուժով ցնցված հռոմեական պրոկոնսուլ Պոլիոնը հետեւում է նրանՙ Նորմային։ Եվ ամենակուլ կրակն ընդմիշտ միացնում է նրանց... Անչափ բարդ, հակասական զգացումներով լցված մի կերպար է Նորման։ Եթե Մեդեան զոհում է իր երեխաներին, ապա Նորման գնում է ինքնազոհության։ Անշուշտ, Բելինին այնպիսի չքնաղ ու խորիմաստ երաժշտություն է ստեղծել, որ կերպարը կարելի է ճշմարիտ թարգմանել։

Օպերային արվեստում, անշուշտ, առաջնայինը ձայնային կարողությունն է, որին Հասմիկ Պապյանը գերազանց է տիրապետում։ Սակայն նույնքան կարեւոր է դրամատիկ խաղը։ Ահա այստեղ է, որ մեր հայրենակցուհին կարողացել է հասնել գրեթե կատարելության։ Բեմում խորհրդավոր ու լուսավոր մի կին է, որը հիասքանչ է նաեւ ինքնազոհաբերվելիս։ Եվ պատահական չէ համաշխարհային մամուլի արձագանքը Հասմիկ Պապյանի Նորմայի կատարումը դիտելուց ու լսելուց հետո։ Ֆրանսիական «Մոնդ» թերթը մեր հայրենակցուհուն նվիրված հոդվածը վերնագրել էր «Փառք քեզ»։

Հասմիկ Պապյանի վերջին մեկ տարվա նվաճումներից կարելի է համարել Օլիմպիայի դերերգը Սան Ֆրանցիսկոյի «Ուոր Մեմորիալ» օպերային թատրոնում ներկայացված «Արշակ Երկրորդում» (2001 թ. սեպտեմբերի 8-ին) եւ Անուշի դերերգը Միչիգանի (Դետրոյթ) օպերային թատրոնում 2001 թ. նոյեմբերի 10-ին։

Սան Ֆրանցիսկոյում ներկայացված «Արշակ Երկրորդ» օպերային ներկայացման մասին «Ազգն» արդեն մանրամասն գրել է, եւ Հասմիկ Պապյանին ծանոթ է այս հրապարակումը։ Արտիստուհին ավելացնում է, որ «Արշակ Երկրորդն» առաջին անգամ, ստեղծումից 133 տարի անց, համաշխարհային հանրությանը ներկայացվեց «բնագրով», այսինքնՙ հենց Տիգրան Չուխաջյանի երաժշտությամբ (խորհրդային տարիներին «Արշակ Երկրորդը» ներկայացվել է Խոջա-Էյնաթյանի խմբագրած տարբերակով)։

Այժմ այս վերջին տասը տարիների Հայաստանից իր բացակայությունը Հասմիկ Պապյանը «երկարատեւ գործուղում» է համարում։ Ու այս ժամանակ երեք անգամ երգել է Երեւանում. 1994-ինՙ մենահամերգ Լորիս Ճգնավորյանի ղեկավարած նվագախմբի հետ, 1996-ինՙ «Անուշում» երգեց, 1999-ին Օհան Դուրյանը հրավիրեց։ Սա չորրորդ ելույթն էր Հայաստանում։

Եկող տարի Գերմանիայի Մյունխեն քաղաքում ներկայացվելու է Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան, որը տարիներ առաջ մեր մեծ կոմպոզիտորը ստեղծել է Չիլիի երկրաշարժի ազդեցության տակ։ Մինչ օրս նույնիսկ հայ երաժշտասերին անծանոթ այս ստեղծագործությունը ժամանակին պատվիրել էր Գերմանիայի Հալլե քաղաքի օպերային թատրոնը։ Այն մինչ օրս ոչ մի տեղ չի կատարվել։ Եվ ահա, Գերմանիայի կառավարության տրամադրած միջոցներով (շեշտենքՙ Գերմանիայի կառավարության տրամադրած միջոցներով) հայ կոմպոզիտորի ստեղծագործությունն իրականացվելու է Մյունխեն քաղաքում։ Այս գործի կազմակերպիչն ու նախանձախնդիրը Հասմիկ Պապյանի ամուսինն էՙ Մյունխենի օպերային թատրոնում պաշտոնավարող Կոնրադ Կուհնը։

¬ Ինձ համար, որպես հայի, մեծ պատիվ է, որ մեծագույն երաժիշտներից մեկիՙ Ավետ Տերտերյանի օպերան բեմադրվում է Գերմանիայի կառավարության հովանավորությամբ,¬ ասում է Հասմիկ Պապյանը։¬ Այս դեպքում մենքՙ հայերս չենք խնդրողը։ Սա շատ կարեւոր հանգամանք է նաեւ այն առումով, որ այսօր ողջ աշխարհում Գերմանիան հայտնի է օպերային արվեստի բարձրարժեք ստեղծագործությունների հովանավորությամբ նաեւ։

Օպերային առաջնաելույթից (պրեմիերայից) առաջ ներկայացվելու է հայ երաժշտություն, եւ Ավետ Տերտերյանի երաժշտությունը մասնավորապես։ Սա, իհարկե, բացառիկ գործ կլինի Հասմիկ Պապյանի համար։

Ընդամենը 20 օր մնաց Հայաստանում Հասմիկ Պապյանը։ Բայց դրանք «արձակուրդային» օրեր չէին։ Անընդհատ աշխատում էր, որովհետեւ հուլիսին Տորոնտոյում երգելու է «Պիկովայա դամայում», ապա Նիսում հանդես է գալու Շիմանովսկու «Թագավոր Ռոջերս» օպերայում։ Դրան կհաջորդի մասնակցությունը Փարիզում ներկայացվելիք «Մանոն Լեսկոյում»...

...Ծրագրեր, ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն։ Զարմանում ես, թե ինչպես էլ հաջողվում է այս ամենի համար ժամանակ գտնել։ Գտնում է, որովհետեւ Հասմիկ Պապյանն է...

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4