Ֆուտբոլի ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում բավական հետաքրքիր ու սուր մրցակցությունում 3¬1 հաշվով հաղթելով «Սպարտակին», «Զվարթնոցը» դարձավ եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Այսպիսով, մայիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի «Անկախության գավաթը» կվիճարկեն երկրի չեմպիոն «Փյունիկն» ու նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր «Զվարթնոցը»։
Վեց օր առաջ Ոսկեհատում մրցակիցների առաջին հանդիպման ժամանակ դարպասները մնացել էին անառիկ։ Ուստի պատասխան խաղում երկու թիմերն էլ հարձակողական խաղաոճ էին ընտրել։ Ողջ հանդիպումն անցավ գավաթային խաղերին բնորոշ սուր մրցակցությունում, դրամատիկ պայքարում։ Հենց խաղասկզբից ֆուտբոլիստները խաղին բարձր տեմպ հաղորդեցին եւ անընդհատ գրոհում էին միմյանց դարպասները։ Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց «Սպարտակի» դարպասին։ 15-րդ րոպեին աջ եզրից Լեւոն Մկրտչյանի փոխանցումից հետո Արթուր Ասոյանի ընթացքից հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Այս կոմբինացիան կրկնվեց 31-րդ րոպեին, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ Վահրամ Լոբյանի հարվածը դիպուկ էր։ Իսկ մինչ գոլը հաջողությանը մոտ էր «Սպարտակը», սակայն Արթուր Քոչարյանի տուգանային հարվածը նպատակին չհասավ։
Բաց թողած գոլը ստիպեց «Սպարտակին» աշխուժացնելու հարձակողական գործողություններըՙ մեծ ուժերով տեղափոխվելով մրցակցի կիսադաշտը։ 37-րդ րոպեին հիանալի խաղաց գրոհին միացած պաշտպան Կարեն Բարսեղյանը, որի անհատական անցումից եւ ճշգրիտ փոխանցումից հետո տուգանային հրապարակ ներխուժած Արամ Հակոբյանին վայր գցեցին եւ տուժողը հստակ իրացրեց 11 մ հարվածը։ Իսկ այդ դրվագից 2 րոպե առաջ հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորությունը չօգտագործեց «Զվարթնոցի» հարձակվող Նվեր Խաչատրյանը, որը մեն-մենակ էր հայտնվել դարպասապահի դիմաց։ Սակայն գերազանց խաղաց «Սպարտակի» դարպասապահ Վորոբյովը։
1¬1 հաշիվը ձեռնտու էր «Զվարթնոցին», սակայն թիմը բնավ էլ մտադիր չէր խաղալ հաշվի պահպանման վրա։ Եվ հյուրերի ակտիվությունը վարձատրվեց։ 57-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Սանամյանը կրծքով գնդակը փոխանցեց Լոբյանին եւ վերջինս գրավեց դարպասը։ 5 րոպե անց դաշտի տերերը կրկին 11 մ հարվածի իրավունք ստացան, սակայն այս անգամ դարպասապահ Կասպարովը կռահեց Արամ Հակոբյանի հարվածի ուղղությունը եւ որսաց գնդակը։ Այս անհաջողությունն, ինչ խոսք, հոգեբանորեն ազդեց սպարտակցիների վրա, իսկ ահա «Զվարթնոցը» ոգեւորված իր դարպասապահի հաջող խաղով, շուտով 3-րդ անգամ հասավ հաջողության։ Եվ կրկին աչքի ընկավ հանդիպման հերոսը դարձած Լոբյանըՙ 74-րդ րոպեին գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը։ «Սպարտակի» վիճակն անհուսալի դարձավ, քանի որ մնացած 16 րոպեում թիմին անհրաժեշտ էր 3 գնդակ խփել, ինչը սպարտակցիների ուժերից վեր էր։
«Զվարթնոցի» խաղը հաճելի տպավորություն թողեց։ Կարծում ենք, որ եզրափակիչում թիմն արժանի մրցակից կլինի «Փյունիկին»։