«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2002-05-21 | #93, 2002-05-22 | #94, 2002-05-23


ԱԴՐԲԵՋԱՆԻ 100 ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՕՐԸ

«Ադրբեջանի կաթոլիկները հետապնդումների թիրախ են դարձել, ձուլվել են կամ ստիպված արտագաղթել», գրում է Բաքվի «Էխո» թերթի լրագրող Գյուլնարա Մամեդզադեն «Պատերազմի եւ խաղաղության հարցերի լուսաբանման ինստիտուտի» ինտերնետային ցանցի էջում։

«Այժմ մոտ 100 հոգի է մնացել այդ համայնքից», շարունակում է նա, նշելով, որ դժվար է ճշգրիտ տվյալներ գտնել։

«Կաթոլիկ եկեղեցու նստավայրն այստեղ ոչ մի հարմարանք չունի հյուրընկալելու մեծահասակ կարեւոր անձանց, որոնք երկար ճանապարհորդելուց հետո ցանկանում են հանգստանալ», մեկնաբանել է հայր Դանիելը։ Այդ իսկ պատճառով Հռոմի պապը, ըստ լրատվության, իր մեկօրյա այցի ժամանակ իջեւանելու է «Արշադ» հյուրանոցում, որտեղ գտնվում է նաեւ կրոնի պետական կոմիտեի նախագահ Ռաֆիկ Ալիեւի գրասենյակը։ Սովորաբար այդտեղ մեկ գիշեր մնալն արժե 200 ամերիկյան դոլար։

Ադրբեջանի կաթոլիկ համայնքը վերակազմավորվել է 1997-ին, երբ Բաքու է ժամանել հայր Ջերզի Պիլուսը, որը եւ պաշտոնապես գրանցել է եկեղեցին։ 2000 թ. համայնքը կարողացել է համապատասխան գումար գտնել ծխական մի տուն ձեռք բերելու համար։ Դա այժմ ծառայում է ինչպես պաշտամունքի, այնպես էլ հավաքույթի վայր։ Նյութականի ձեռքբերման մասին խոսելիս հայր Դանիելը բացահայտել է, որ փողը տեղի կաթոլիկներից կամ Վատիկանից չէ, որ ստացել են, այլ Իտալիայի հարուստ հավատացյալներից։ Հայր Դանիելը նաեւ պատմությանն անդրադառնալով, նշել է, որ Ադրբեջանում կաթոլիկների մասին առաջին հիշատակումը եղել է 1846-ին։ Համայնքի անդամները մեծ մասամբ լեհեր են եղել, որոնք Հարավային Կովկաս են աքսորվել ցարական վարչակարգի կողմից։ Նրանք հավաքվել են համայնքի անդամների տներում եւ երբեմն էլ գերեզմանատներում։ 1912-ին «Աստվածամոր» տաճարի նմանողությամբ մի հոյակապ եկեղեցի են կառուցել Բաքվի կենտրոնում։ 1930-ական թթ. եկեղեցին քանդվել է, համայնքն էլՙ քայքայվել։

Այժմյան փոքրաթիվ համայնքը, ըստ Մամեդզադեի, բաղկացած է խառն ամուսնություններից ստեղծված ընտանիքներից։ «Քաղաքում հնարավոր չեղավ գտնել գեթ մեկ ընտանիք, որն ամբողջովին կաթոլիկ լիներ», գրում է նա։ «Նույնիսկ համայնքի ղեկավարիՙ Օֆել Իզմաիլովի կինը կաթոլիկ չէ, չնայած նա հաճախ է իր երեխաների հետ ներկա գտնվում արարողություններին»։

Բելգիացի կաթոլիկ հայր Ժոզեֆ Դանիել Պրավդայի ակնկալիքներով, պապի այցն առաջին անգամ Բաքվի համայնքի ձայնը լսելի է դարձնելու աշխարհի կաթոլիկներին։ Բայց, իհարկե, դիտորդներն ավելի լուրջ նպատակներ են տեսնում Հռոմի պապի Բաքու այցելության հետեւում։ Նրանք հավատացած են, որ Վատիկանի հոգեւոր առաջնորդն իր իշխանությունը կօգտագործի տարածաշրջանի հակամարտությունների լուծման գործին ներազդելու համար։ Ուրիշները, բացի դրանից, տեսնում են հավասարակշռության պահպանում տարածաշրջանի երկրների միջեւ։ Հայաստան եւ Վրաստան այցելելուց հետո, Ադրբեջան այցելությունը ցույց տալու համար է, որ նա այդ երեք երկրներից որեւէ մեկին առաջնություն չի տալիս։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4