«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2002-05-21 | #93, 2002-05-22 | #94, 2002-05-23


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ PKK-Ն ՀԱՄԱՐԵԼ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի փոխվարչապետ, «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի վերջերս Ադրբեջան կատարած այցից հետո Բաքվի մամուլում, հատկապես ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» («Մուսավաթ» կուսակցության տեսակետներն է արտահայտում) եւ «Ազադլըղ» (Ազգային ճակատ կուսակցության խոսափողն է) օրաթերթերում անդադար տպագրվում են հոդվածներ, ըստ որոնց Բաքվի իշխանությունները սատարում են Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), ահաբեկչական կազմակերպությունը գործում է Ադրբեջանում։ Երբ Բահչելին Բաքվի Թուրքիայի դեսպանատանը հանդիպումներ էր ունենում Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ, մի քանի հարյուր ակտիվիստներ դեսպանության առաջ խմբվել եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ էին անում այլեւս չսատարել PKK-ին։

Մայիսի 19-ի համարում «Ենի Մուսավաթ»-ում տպագրված հոդվածը հունից հանել է Բաքվի իշխանություններին, խորհրդարանի պատգամավորներին։ Թերթը պնդում է, որ Սումգայիթի «Ազերքիմիա» գործարանում աշխատանքի են ընդունվել PKK-ի մոտ հարյուր անդամներ։ Քելբաջարի նախկին բնակիչ, այժմ պատգամավոր Իմամվերդի Իսմայիլովը կարծում է, որ նմանօրինակ հրապարակումներով փորձ է արվում քաղաքացիական դիմակայություն հրահրել։ Մեկ այլ պատգամավորՙ Խըդըր Ալովլուն, կոչ է անում նման նյութեր գրող լրագրողներին «օրենքի առաջ ծնկի բերել»։ Սումգայիթից ընտրված պատգամավոր Թոֆիկ Հուսեյնովը Ադրբեջանում PKK-ի գործունեության մասին լուրերը համարում է «զրպարտանք եւ շանտաժ»։ «Ազերքիմիա» գործարանի տնօրեն Ֆիքրեթ Սադըխովը նման հրապարակումների ետեւում, որպես պատվեր տվող տեսնում է հենց PKK-ին։ Պատգամավոր Մաիս Սաֆարլին PKK-իՙ իբր Ադրբեջանում գործելու մասին լուրերին վերջ դնելու համար առաջարկում է պետական մակարդակով Ադրբեջանում PKK-ին ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։

Խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը, ըստ «Զերկալո» թերթի, ասել է, որ ընդդիմությունը վերջին շրջանում «ընդհանրապես լկտիացել է, իսկ Սումգայիթի գործարանի մասին վերջին հոդվածը գրված է բացահայտ թշնամական դիրքերից»։

Նախագահ Հեյդար Ալիեւն առայժմ լռում է։ ՊԱԿ-ի գեներալ եղած տարիներին հենց Ալիեւն էր համակարգում Մոսկվայի «քրդական ուղղությունը», իսկ հանգուցյալ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը PKK-ի ստեղծումը կապում էր Ալիեւի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4