«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2002-05-21 | #93, 2002-05-22 | #94, 2002-05-23


ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ ԴՈՒԵՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետի տանը տեղի ունեցավ հոբելյանական երեկոՙ նվիրված ճանաչված Ճենտերեճյան դուետի գործունեության 30-ամյակին։

Հայ, արեւմտաեվրոպական դասական եւ արդի կոմպոզիտորների 200-ից ավելի երկեր ընդգրկող նվագացանկ, տարբեր երկրներում (ԽՍՀՄ, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Լիբանան...) հայ երաժշտական կատարողական արվեստը ներկայացնող համերգներ, հայ եւ այլազգի կոմպոզիտորներիՙ հատուկ Ճենտերեճյան դուետի համար գրված երկեր, հայրենյաց մշակույթին նվիրումով ծառայելու տասնամյակների վաստակ, արցախյան պատերազմի տարիներին հրազենի պայթյունների ներքո Ստեփանակերտի, Շուշիի երաժշտական ուսումնարանում եւ դպրոցներում բազմիցս հնչեցրած Բախ եւ Նարեկացի, Հենդել ու Կոմիտասՙ որպես ոգեղենության եւ բարու աննահանջ հաղթանակ չարիքի դեմ...

Այս մասին էր երեկոյի բանախոս, տողերիս հեղինակի խոսքը, որին ջերմ եւ համակարծիք արձագանքեց լեցուն դահլիճի հանդիսականը։ Իսկ Աշոտ եւ Արմեն Ճենտերեճյաններիՙ հայ եւ եվրոպական երաժշտական գանձարանի վարպետորեն, նրբագեղ եւ անսամբլային ներդաշնակցությամբ հնչեցրած ստեղծագործությունները (Նարեկացի, Հենդել, Վենյավսկի, Պագանինի, Բրամս...) հոգեհաճո պահեր ընծայեցին ներկաներիս։ Ճենտերեճյան դուետին նվագակցում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ, Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր Լոլիտա Բաբաջանյանը, որն իր նպաստը բերեց նաեւ խնդրո առարկա երեկոյին։

Ճենտերեճյան եղբայրներն իրենց մասնագիտական գիտելիքները, բեմական փորձը եւ ամենից առաջ սերն առ ջութակը տարիներ ի վեր փոխանցում են Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի եւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի իրենց սաներին։ Ստեղծվել է օրինակելի ավանդույթՙ նրանք հաճախ հանդես են գալիս բեմում համատեղՙ մեկ դուետի կազմում։ Բացառություն չէր նաեւ այս հոբելյանական երեկոն, որի ընթացքում Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյանների հետ նվագեցին կոնսերվատորիայի նրանց շրջանավարտներից ու դպրոցի աշակերտներից մի քանիսը։

Մեր իրականության մեջ հաճախ հանդիպող երեւույթ էՙ զավակները շարունակում են ծնողների գործը, քայլում են նրանց ընտրած ստեղծագործական արահետներով։ Եվ ինչպես ապացուցում է կյանքը, գրեթե միշտՙ հաջողությամբ։ Այս ավանդույթից զերծ չէ նաեւ Ճենտերեճյանների ընտանիքը։ Դրա վկայությունն էր Աշոտ Ճենտերեճյանի որդուՙ Վագահնի բեմելը։ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողը կատարեց Պագանինիի թիվ 20 կապրիսը կիթառի համար արված սեփական փոխադրությամբ։ Տեղին է նշել, որ Ճենտերեճյան դուետի գրեթե ամբողջ նվագացանկը եղբայրներից Աշոտի հմուտ մշակումների եւ փոխադրումների արդյունք է։ Հիշատակելով երաժիշտների մասնագիտական շնորհներն, ասենք, որ Արմեն Ճենտերեճյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նաեւ դիրիժորական բաժինը պրոֆեսոր Էմին Խաչատրյանի ղեկավարությամբ։

Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյանների ծննդյան 50 եւ բեմական գործունեության 30-ամյակը նշանավորվեցին ստեղծագործական եւս մի իրադարձությամբ։ «Վալեքս» ընկերության տնօրեն Մկրտիչ Մարտիրոսյանի հովանավորությամբ լույս ընծայվեց դուետի կատարումների լազերային ձայնասկավառակը, որում, ի թիվս մի շարք մանրանվագների, ընդգրկված են Հենդելի, Կորելլիի, Հայդնի սոնատներից։

Հիշյալ երեկոն առավել հանդիսությամբ օծեց սփյուռքի մամուլում զետեղված Արամ Առաջին կաթողիկոսի խոսքը. «Մենք Լիբանանում, Դպրեվանքի մեջ ունեցած ենք ուսուցիչ մը, որ կոչված է Մուշեղ Ճենտերեճյան, իր գրական անունովՙ Մուշեղ Իշխան։ Աշոտ եւ Արմեն Ճենտերեճյաններն անոր եղբոր զավակներն են։ Մուշեղ Իշխան դարձավ իշխան հայ բանաստեղծության։ Ահավասիկ մեր երկու Ճենտերեճյաններ, որոնք այսօր մեզի ներկայացան, հայ երաժշտության իշխաններն են։ Իմ մաղթանքս է, որ միշտ մնաք հայ իշխանները հայ երաժշտության եւ իշխանավայել կերպով հայ երաժշտությունը ներկայացնեք մեր ժողովուրդին ու նաեւ օտարներուն»։

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4