ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 25-ին Երեւանում կգումարվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Ըստ հիմնադրամի լրատվական կենտրոնի ղեկավար Տիգրան Պասկեւիչյանի, նիստում կլսվի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետությունը, տեղական մարմինների գործունեությունը, կամփոփվի հիմնադրամի 10-ամյա աշխատանքը, կցուցադրվի նաեւ հիմնադրամի գործունեությանը նվիրված ֆիլմ։
Խոսելով այս տարի հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին, Տ.Պասկեւիչյանը նշեց, որ 5.347.585 ԱՄՆ դոլար գումարից 1.5 մլն-ը ծախսվել է ԼՂՀ ճանապարհաշինարարության, եւս 2.49.860 մլն դոլարՙ աղետու գոտու վերականգնման համար։ Նա շեշտեց, որ հիմնադրամն առաջիկայում եւս որպես առաջնային ծրագիր կշարունակի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ աղետի գոտու վերականգնման ծրագրերի իրականացումը։ Նշենք, որ 2001 թ. հիմնադրամին հաջողվել էր հավաքել ընդհանուր առմամբ 4.5 մլն ԱՄՆ դոլար։
Վաղը հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ Գյումրիում կկայանա մանկական արվեստի Պողոսյան կենտրոնի, Սպիտակումՙ մշակույթի կենտրոնի եւ Եռանկյունի թաղամասի «Ա» շենքի բացումը։
Մայիսի 25-ին մի խումբ պատվո բարերար եւ աջակից անդամների հիմնադրամի կողմից կհանձնվի պատվոգրեր ու մեդալներ։ Հաջորդ օրը նրանք մրցանակների կարժանանան նաեւ երկրի նախագահի կողմից։ Նույն օրը Հիմնադրամի շենքի մուտքի մոտ տեղի կունենա պատվո պատի բացումը։