ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 27-ին կմեկնարկի Հայաստան-սփյուռք 2-րդ խորհրդաժողովը։ Երկօրյա այս հավաքը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսում է քննարկումներ չորս հիմնական ուղղություններովՙ «Քաղաքական խնդիրներ եւ Հայաստան-սփյուռք հարաբերությունները», «Տեղեկատվություն եւ զանգվածային լրատվության միջոցներ», «Տնտեսություն, սոցիալ-տնտեսական զարգացում» եւ «Կրթություն, գիտություն, մշակույթ»։
Խորհրդաժողովին իրենց մասնակցությունը սփյուռքից հաստատել են 1300 ներկայացուցիչներ։ Թե նրանցից ովքեր կժամանեն Երեւան, առայժմ դժվար է ասել։ Այս եւ խորհրդաժողովին առնչվող այլ մանրամասներ է «Ազգին» ներկայացնում ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարի տեղակալ, Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովը նախապատրաստող հանձնաժողովի քարտուղար Ջիվան Մովսիսյանը։
¬ Մենք հրավերներ ենք ուղարկել նախ համասփյուռքյան նշանակության հոգեւոր եւ մշակութային բոլոր կառույցներին, այնուհետեւ կոնկրետ երկրների հայկական համայնքներում առկա կուսակցական, եկեղեցական, մշակութային, կրթական, բարեգործական եւ մյուս կառույցներին։ Առանձին հրավերներ են արվել նաեւ տարբեր համայնքների նշանավոր ներկայացուցիչների։ Ունենք նաեւ ազատ ունկնդրի կարգավիճակ, որով մասնակցելու համար ցանկացած սփյուռքահայ կարող է հայտ ներկայացնել ինտերնետով։ Այսպիսով, պատվիրակներ պիտի ժամանեն աշխարհի 54 երկրներից, որտեղ ունենք քիչ թե շատ կազմակերպված համայնքներ։ Այս պահին արդեն որոշակիորեն գիտենք, որ շուրջ 240 մարդ ներկա կգտնվի Ռուսաստանի մեր հայրենակիցներից, 170-ըՙ ԱՄՆ-ից, 150-ըՙ Իրանից։ Շուրջ 80 հոգի կժամանի Վրաստանից։
Իսկ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացված կլինեն իրենց պետական կառույցներովՙ բնականաբար դուրս չթողնելով նաեւ հասարակական, քաղաքական, գիտական, կրթական, գործարար եւ մյուս ոլորտները։
¬ Պրն Մովսիսյան, Հայաստան-սփյուռք առաջին խորհրդաժողովն առավելապես խորհրդանշական եղավ։ Ի՞նչ կոնկրետ սպասելիքներ կան այս մեկից։
¬ Առաջինն իսկապես բացառիկ պատմական իրադարձություն էր։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը դրսեւորեց քաղաքական կամք եւ պատասխանատվություն ստանձնեց կազմակերպելու նման խոշորամասշտաբ համաժողով։ Ու այնուհետեւ համագործակցությունն ընթացել է խորհրդաժողովի ընդունած հռչակագրի ոգուն համահունչ։
Բայց այս համաժողովն առավել գործնական ձեւով է անցնելու ու հիմնական աշխատանքը, փաստորեն, մասնագիտական կոնկրետ ոլորտներում քննարկումներ է նկատի առնում։ Իսկ թեմաներն ու օրակարգի նախագծերը քննարկվել են թե՛ այստեղ, թե՛ սփյուռքում, հաշվի են առնվել բոլոր առաջարկները։ Ու բոլոր ընդունվելիք որոշումները հետագայում պիտի իրականացվեն գործնական ծրագրերի տեսքով։ Եթե անհրաժեշտություն առաջանա, կստեղծվեն նաեւ համապատասխան մեխանիզմներ։
Ոչ ոք չունի չափազանցված ակնկալիքներ, թե այս խորհրդաժողովում կլուծվեն հայության բոլոր խնդիրները։ Սպասելիքները մեծ են այն առումով, որ այս խորհրդաժողովը կդառնա փոխվստահության, փոխհամաձայնության, ազգային ներուժի համախմբման խթան։
Արդեն այստեղՙ Երեւանում խորհրդաժողովը ստեղծում է որոշակի միջավայր։ Շուրջ մեկ շաբաթ այստեղ գտնվող հայության երեք հատվածների ներկայացուցիչները բացառիկ հնարավորություն պիտի ունենան շփվելու, քննարկումներ անելու իրենց խնդիրների շուրջ։
¬ Այս համաժողովը նախատեսո՞ւմ է արդյոք երիտասարդության հատուկ ներկայությունՙ հաշվի առնելով, որ նման միջոցառումների ամենակարեւոր միտումներից է սփյուռքի հայապահպանման հարցը։
¬ Մենք շատ կարեւորում ենք այդ խնդիրը։ Գիտակրթական թեմաների շրջանակում սփյուռքում հայապահպանության հարցն առանձին քննարկման նյութ է, քանզի ակնհայտ փաստ է, որ ինչպիսին կոնկրետ համայնքի կրթական համակարգն է, այնպիսին էլ վաղն այդ համայնքն է լինելու։
Դեռեւս առաջին խորհրդաժողովին որոշում ընդունվեց Հայաստանում երիտասարդական միջազգային կենտրոն ստեղծել, որտեղ ողջ աշխարհից հայ երիտասարդները կհավաքվեինՙ սովորելու, հանգստանալու, ծանոթանալու հայրենի պատմամշակութային արժեքներին։
Նման կենտրոնի համար Ծաղկաձորում շենք արդեն հատկացվել է։
Ունենք նաեւ ծրագիրՙ առաջիկայում այս խորհրդաժողովի մասշտաբներով զուտ երիտասարդական մի համաժողով կազմակերպելու։
¬ Նման խորհրդաժողովները Հայաստան-սփյուռք համագործակցության մշտական ֆորմատ պիտի դառնա՞ն։
¬ Այսպիսի խոշորամասշտաբ միջոցառումներն ինքնանպատակ չեն լինում։ Եթե այս խորհրդաժողովն ընդունի երրորդը գումարելու որոշում, կամ եթե նման անհրաժեշտություն հասունանա, ապա կկազմակերպվի եւս մեկը։ Կամ գուցե սրան հաջորդեն արդեն առանձին ոլորտների, ասենք, ՀՀ տնտեսությանը, հայագիտությանը նվիրված կոնֆերանսներ։