ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Երեկ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, որոնք տեւեցին շուրջ հինգուկես ժամ։
Բացելով նիստը, հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն ավետեց, որ պաշտոնապես շրջանառությունից հանվել է հայոց լեզվի շահերի դեմ ուղղված հերթական օրինագիծը։ Մասնավորեցնելով իր խոսքը թեմային առնչված ոլորտներին, նա բերեց մի արտառոց փաստ. պարզվում է, որ այս տարի Հայաստանի հանրային հեռուստատեսությանն ու ռադիոյին բյուջեով նախատեսվել է տրամադրել 10 տոկոսով ավելի գումար, քան ամբողջ գիտական բնագավառին...
Զեկուցումով հանդես եկան գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ գիտական քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը եւ Լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանը։ Պրն Մկրտչյանը շեշտեց, որ «ընտրել ենք ազգային պետության մոդելն», ու առաջարկեց ստեղծել գիտակրթական լուրջ կենտրոնՙ հայրենիքի եւ սփյուռքի հզոր ուժերի ընդգրկումով, որը կզբաղվի հայագիտության հարցերով։ Պրն Բարխուդարյանն առաջարկեց Հայաստանի եւ սփյուռքի դպրոցների համար հրատարակել հայոց պատմության միասնական դասագրքեր։ Պրն Գալստյանն առավելաբար անդրադարձավ ուղղագրության միասնականացման հարցինՙ լուծումը տեսնելով «գրական հայերենի կանոնակարգման միասնական սկզբունքների մշակման մեջ», անիմաստ ու անհնար գտնելով հարցի լուծումը վարչական ճանապարհով։
Ինչպես եւ սպասվում էր, ուղղագրության միասնականացման հարցը երկու ուղղագրական համակարգերի կողմնակիցների միջեւ բուռն բախումների առիթ դարձավ։ Այսուհանդերձ, ներկաները ողջունեցին օրեր առաջ մի գիտաժողովում հնչած եւ այս լսումներում ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի կրկնած առաջարկըՙ ՀՀ դպրոցներում մտցնել գրաբարի դասավանդում։ Դրանով աշակերտները կծանոթանան թե հին հայերենին եւ թե դասական ուղղագրությանը։ Համակարգչային տեխնոլոգիաներից օգտվելիս արդի ուղղագրության հարուցած խոչընդոտների մասին խոսեցին Մերուժան Կարապետյանը, Գարեգին Չուքասզյանն ու Վահրամ Մխիթարյանը։
Սիլվա Կապուտիկյանն անդրադարձավ հոգեւոր ոլորտները այլասերող գրոհներին եւ խստագույն քննադատության ենթարկեց օպերայի շրջակայքն այլանդակող շինությունները թույլատրողներին։ Հայկական ճարտարապետական հուշարձանների անմխիթար վիճակին անդրադարձան նաեւ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը եւ ուրիշներ։
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը խոսեց մարզերում հայ դպրոցի եւ մանկավարժների ողբերգական կացության մասին։ «Ի՞նչ հայագիտություն, ի՞նչ հայոց լեզու, դառնությամբ հարց տվեց պրն Անանյանը, երբ հայ դպրոցը քանդված է»։ Ուսուցչուհի Ռիտա Խաչատրյանը խոսեց հայոց լեզվի դասագրքերի բովանդակային խոտանի մասին։
Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանն ավելորդ համարեց բուհերում հինգ տարի հայոց լեզվի դասավանդումըՙ համարելով, թե փոքր ազգերը պետք է երկլեզու լինեն։
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը զգուշացրեց չդիպչել հայոց լեզվի կարգավիճակին ու իրավունքներին եւ իր բողոքը բարձրացրեց հանրային ռադիոյի «Հայրենիք-սփյուռք» ծրագիրը փակելու կամ նրա անձնակազմին գործից արձակելու դեմ։ Վերջին հարցի մասին ավելի մանրամասն ելույթ ունեցավ նույն ռադիոծրագրի երբեմնի հաղորդավար Հասմիկ Գուլակյանը։
Ելույթների մի մասն էլ նվիրված էր պատմագիտության հարցերին։ Պատմաբաններ Արմեն Այվազյանն ու Գեւորգ Յազըճյանը խոսեցին հայոց պատմական ժառանգությունն անարգելու որոշ հայագետների հետեւողական աշխատանքների մասին, հայտնելով, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների հոգեբանական պաշտպանության վարչության գործառույթների շարքում է պատմության խեղաթյուրումը, մինչդեռ ՀՀ-ում չկա նույնիսկ ազգային անվտանգության պետական հայեցակարգ։ Երեւանի պետական համալսարանի դեկան Բաբկեն Հարությունյանն ավելացրեց, որ թուրքամետ-ադրբեջանամետ գրություններ լույս են տեսնում նույնիսկ հայաստանյան հայագետների կողմիցՙ կոչ անելով վերջ տալ նման ընթացքին։ Նա իր տեսակետները ներկայացրեց առաջարկվող հայագիտական կենտրոն-ակադեմիայի մասին։ Հայկական հանրագիտարանի պատմության բաժնի խմբագիր Ամալյա Պետրոսյանն ահազանգեց, որ անհստակ կարգավիճակի ու չֆինանսավորման պատճառով հանրագիտարանը գոյությունից զրկվելու եզրին է։
Եղան նաեւ բազմաթիվ այլ ելույթներ։
Լսումների ընթացքում եղած առաջարկությունները գումարվեցին հանձնաժողովի առաջարկությունների նախագծի տասը կետերին եւ լրամշակվելուց հետո կներկայացվեն համապատասխան մարմիններին։
Մի ցավալի փաստ, որն արձանագրում ենք առանց ավելորդ մեկնաբանության. Հայաստանի երրորդ հանրապետության ավելի քան տասնամյա պատմության ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ առաջին անգամ անցկացվող խորհրդարանական լսումներին ներկա էին (այն էլ ոչ սկզբից մինչեւ վերջ) ընդամենը երեք պատգամավոր, ներառյալ հանձնաժողովի նախագահը (հիշեցնենք, որ ԱԺ-ն ունի 131 պատգամավոր), իսկ կրթության, լեզվի ու հայագիտության ոլորտների համարյա բոլոր ղեկավարներն ԱԺ դահլիճը լքեցին իրենց ելույթներից հետո...