ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կառավարության մայիսի 23-ի նիստում հաստատվել են Հայաստանում ճանապարհային երթեւեկության նոր կանոններըՙ համապատասխան «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի։ Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՆԳ փոխնախարար Արարատ Մահտեսյանը, նոր կանոնները ուժի մեջ կմտնեն այս տարվա հունիսի 1-ից։
Ըստ փոխնախարարի, հաստատված ճանապարհային երթեւեկության կանոններում ներկայումս գործող կանոնների համեմատ կան մի շարք նորամուծություններ։ Մասնավորապես հստակեցվել են պետավտոտեսուչ-վարորդ հարաբերություններում տարաձայնությունների հարթման մեխանիզմները, որոշվել է խաչմերուկներում երթեւեկության հսկողություն իրականացնել էլեկտրոնային միջոցներով։ Արգելվել է բջջային հեռախոսների օգտագործումը երթեւեկության ժամանակ, եթե մեքենայում չկան համապատասխան սարքավորումներ, որոնք թույլ են տալիս չօգտագործել ձեռքերը։ Ավելացել են «բակային տարածք» եւ «բնակելի գոտի» նշանները. դրանց առկայությունը նշանակում է, որ այդ տարածքում երթեւեկության թույլատրելի արագությունը 20 կմ/ժ է։
Ինչպես հայտնեց ՀՀ պետավտոտեսչության պետ Մարգար Օհանյանը, մայիսի 24-ինՙ դպրոցներում Վերջին զանգի կապակցությամբ, խիստ հսկողություն կսահմանվի ոչ միայն Երեւանի, այլեւ հանրապետության մյուս բնակավայրերի փողոցներում. անչափահաս վարորդները կպատժվեն։ Նա հայտնեց նաեւ, որ անցած տարի համակարգը տույժերի եւ վարչական տուգանքների տեսքով հավաքել է 2,4 մլրդ դրամ, որն ամբողջապես ուղղվել է պետբյուջե։