Երեկ կառավարությունն ընդունեց հերթական որոշումը ջրամատակարարման ոլորտի վերաբերյալ։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանը լրագրողներին հայտնեց, որ բոլոր այն շենքերի համատիրություններին, որոնք պայմանագիր կկնքեն Երեւանի ջրմուղ-կոյուղու հետ, հաշվարկային 56 դրամ (1 խմ-ի համար) սակագնից առաջին 6 ամիսներին կմնա 36 դրամը, երկրորդ 6 ամիսներինՙ 31 դրամը, երրորդ 6 ամիսներին ՙ 21 դրամը, չորրորդինՙ 14 դրամը։ Այդ գումարներից, առաջին 1,5 տարվա ընթացքում 22 դրամն ուղղվում է բազմաբնակարան շենքերի ինժեներական կոմունիկացիաների, խողովակաշարերի անհետաձգելի նորոգումներին եւ բնակարաններում հաշվիչների տեղադրմանը։ Ըստ Գագիկ Մարտիրոսյանի, այս որոշմամբ փաստորեն լուծվում է ջրաչափերիՙ Երեւանում ջրմուղ-կոյուղու հաշվին տեղադրելու հարցըՙ բնակիչների վճարած 56 դրամի սահմաններում։ Դրա համար անհրաժեշտ է արագ ժողովներ գումարել, շենքերի համատիրություններ ընտրել, պայմանագիր կնքել նրանց, իսկ վերջիններս էլՙ Երեւանի ջրմուղ-կոյուղու հետ։ Ջրային տնտեսության կոմիտեի պետի կարծիքով, այս որոշմամբ կլուծվի Երեւան քաղաքի եւ 39 համայնքների ջրամատակարարման բարելավման հարցը։ Համայնքներին մատակարարվող ջրի գինն այժմ 30 դրամ է։ Նրանք այդ ջուրը գնում են 30 դրամով եւ 42 դրամով վաճառում բնակիչներին։ Համայնքների հաշվառման համակարգի կայացման կապակցությամբ նրանց առաջին 6 ամիսներին ջուրը կտրվի 9,5 դրամով։ Այն 42 դրամով վաճառելու պարագայում, առաջացած հասույթը պետք է ուղղվի ջրաչափերի տեղադրմանը եւ նորոգումներին։
Անդրադառնալով 24-ժամյա ջրամատակարարման անցնելու ժամանակացույցին, Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մայիս ամսվա ընթացքում 35 շենքեր արդեն անցել են նման ջրամատակարարման։ Մայիսի 15¬30-ը դրան կանցնեն եւս 77 շենքեր։ Առաջիկայում կհրապարակվեն հունիս-հուլիս ամիսների ժամանակացույցերը։
Ա. Մ.