Նորածինը բերանը հայհոյանքով է բացում
Կուզենայինք, ինչպես մեր թերթի սովորությունն է եղել միշտ, շնորհավորել նոր թերթի ծնունդը, բարի գալուստ մաղթել նրան մեր մամուլի ընտանիք։ Դժբախտաբար չենք կարող։ Նորընծա թերթի հետ դեռեւս կարգին չծանոթացածՙ նկատելի են խծբծանքի, անլրջության ախտանշանները։ Դատելով առաջին 3 համարներիցՙ կարելի է եզրակացնել, որ «Օրրանը» հրապարակ է իջել մաղձի մեծ պաշարովՙ առավել մաղձոտելու արդեն մաղձոտ մթնոլորտը։ Թերեւս ճիշտ չէ՞ այսքան շուտ հանգել եզրակացության։ Թերեւս... ¬ խմբ.
1991¬94 թթ. դաշնակցական մամուլը խիստ քննադատության էր ենթարկում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Սակայն քննադատությունը, որն իրոք չափազանցված էր, հրապարակումներըՙ խիստ կողմնակալ, երբեք չէր անցնում կամ գրեթե չէր անցնում բարոյականության սահմանները։ Օրինակ, դժվար էր գտնել մի հրապարակում, որտեղ քննադատվեին առաջին նախագահի ֆիզիկական արատները, ընդ որում բոլորիս է հայտնի, որ նման արատ Տեր-Պետրոսյանը չուներ։ Եթե Տեր-Պետրոսյանի հրահանգով մեկ օրում ջարդուփշուր չարվեին «Երկիր», մյուս 11 լրատվամիջոցների խմբագրատները, չծեծվեին լրագրողներ, ապօրինի չփակվեր 12 անուն թերթ, քննադատությունը կշարունակվեր։ Ճիշտ է, մենք, այս ամենով հանդերձ, հակված չենք պաշտպանելու Տեր-Պետրոսյանի բռնարարքները։ Նմանապես, անձամբ ինձ համար անընդունելի է «Ա1+»-ին եթերից զրկելը, անկախ նրանից, թե օրենքի որ հոդվածներին հղում կանեն մեր այն լրագրողները, որոնք 1994 թ. դեկտեմբերի 28-ին Տեր-Պետրոսյանի քմահաճույքով զրկվեցին աշխատանքից։
Օրերս լույս տեսավ «Օրրան» օրաթերթը։ Յուրաքանչյուր թերթի ծնունդ ինքնին ուրախալի է, առաջին հերթին այն պատճառով, որ տասնյակ հազարավոր գործազուրկներ ունեցող Հայաստանում թեկուզ մի քանի տասնյակ լրագրողներ, տեխնիկական աշխատողներ ընտանիք պահելու հնարավորություն են ունենում։ Ինչքան շատ թերթ, այնքանՙ լավ։ «Օրրանի» գլխավոր խմբագիրըՙ փորձառու լրագրող Այդին Մորիկյանը, հասարակությանը հայտնի է առնվազն երեք որակներովՙ պաշտպանում էր Տեր-Պետրոսյանին (եւ լավ էր անում), իսկ մամուլի դեմ սկսված բռնությունների օրերին անլուր պաշտպանում էր առաջին նախագահին, խորհրդարանի պատգամավոր էր եւ, վերջապես, նա էր, որ առաջինը մամուլ բերեց հայհոյանքի ոճը։ Ինչ խոսք, ճաշակին ընկեր չկա, իսկ մաղձոտությանըՙ չափ ու սահման։ «Օրրանը» Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսափողն է։ Հետաքրքրական է, օրաթերթի առաջին երեք համարների ոճը, հատկապես մյուս լրատվամիջոցներին ձեռ առնելու փորձերն ինչքանով են համընկնում ժողովրդավարության եւ կայացած մամուլի օրրան ԱՄՆ-ում կրթություն ստացած պրն Հովհաննիսյանի ճաշակին։
Թ. Հ.