«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-2002»-Ը

Երեկ «Ոսկեգործություն-2002» մասնագիտական 5-րդ տոնավաճառի արդյունքներն ամփոփեց ԵՈԳ ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը։ Տոնավաճառին մասնակցելու ցանկություն էին հայտնել 15 երկրների 25 ֆիրմաներ, բայց մասնակցեցին 8 երկրների 15 ֆիրմաներՙ Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Ճապոնիայից, Ուկրաինայից, Իտալիայից, ինչպես նաեւ ռուս-գերմանական, հայ-կանադական, հայ-անգլիական եւ հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություններ։ Տոնավաճառ այցելել է ավելի քան 6000 մարդ, որից 3000-ըՙ հրավիրյալներ, 500-ըՙ մասնակից ներկայացուցիչներ, հյուրեր։ Տոնավաճառի օրերին անցկացվել են 12 անվանումով մրցույթներ, 4 նորաձեւության ցուցադրանք եւ զարդարվեստի ցուցադրում։ Այդ օրերին գումարվեց Հայաստանի ոսկեգործների եւ ակնագործների միության հերթականՙ 3-րդ ընդհանուր ժողովը, ԵՈԳ տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը պարգեւատրվեց «Անանիա Շիրակացի» շքանշանով, 5 աշխատակիցներ արժանացան ՀՀ կառավարության, 20-ըՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, 50-ըՙ ԵՈԳ-ի խրախուսանքներին։ Տոնավաճառի արդյունքում կնքվել են 2001 թ.-ից 12 տոկոս ավելի պայմանագրեր (մասնավորապեսՙ բանկային ձուլակտորներ ձեռք բերելու, կիսաֆաբրիկատներ մատակարարելու, սարքավորումներ գնելու եւ այլն)։ Մինչեւ տարեվերջ հայ ոսկերիչները հնարավորություն կունենան մասնակցելու Իտալիայում ու ԱՄՆ-ում անցկացվող միջազգային տոնավաճառներին։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4