«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ԽՆԴԻՐԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Իսկ անցյալ տարի չշահած դատը, միեւնույն է, անհետեւանք չի անցնի

Շատ ժամանակ չի մնում մինչեւ այս տարվա բուհական ընդունելության քննությունները, որոնց նախապատրաստությունը շուտով կսկսվի։ Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբը այս տարի առանձնապես հետեւողական կլինի ինչպես իր ներկայացուցիչների միջոցով քննությունների ընթացքի անհրաժեշտ հրապարակայնության հասնելու, այնպես էլ դրանում քաղաքի լրագրողների մասնագիտական իրավունքները պաշտպանելու հարցում։ Իսկ դա, դատելով թեկուզ նախորդ տարվա փորձառությունից, իրականում բոլորովին էլ հեշտ հասանելի խնդիր չէ։

«Ազգը» ժամանակին տեղեկացրել է դատական այն հայցի մասին, որ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ «Իրավունք» շաբաթաթերթի տեղի թղթակից Գագիկ Նիկողոսյանն անցյալ տարի հարուցել էին պետական բուհերի քաղաքային ընդունող հանձնաժողովի դեմ։ Համահայցվորները հանձնաժողովին մեղադրում էին ընդունելության քննությունները լիարժեք եւ օբյեկտիվ լուսաբանելու հարցում լրագրողների օրինական իրավունքները սահմանափակելու մեջ, որն արտահայտվել է գրավոր քննությունների վերջին մեկ ժամին քննասենյակներում լրագրողների ներկայությունը հատուկ որոշմամբ արգելելով։ Նման արգելք օգոստոսի 7-ին հարուցվել էր «Շանթ» հեռուստառադիոընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանի առջեւ։ Արդյունք չէին տվել նաեւ խնդրի սկզբունքային լուծման հասնելու նպատակով հետագա օրերին «Ասպարեզ» ակումբի, Անդրեյ Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության միջամտությունները, քաղաքի լրագրողական ընտանիքի դատապարտող հայտարարությունը։ Դիմելով դատարան, երկու լրագրողները խնդրել էին անվավեր ճանաչել քաղաքային ընդունող հանձնաժողովի հիշյալ որոշումը, ինչպես նաեւ հանձնաժողովին պարտադրել ապահովել իր նիստերի պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող արձանագրությունների թափանցիկությունը լրագրողների համար։ Քննելով գործը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2001 թ. դեկտեմբերի 28-ի վճռով հայցը մերժել է ամբողջությամբ։ Ճիշտ է, դատարանը գտել է, որ քննական հանձնաժողովի վերոհիշյալ գործողություններով իրոք սահմանափակվել են «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 27-րդ հոդվածներով սահմանված լրագրողական իրավունքները, սակայն նշել է, թե այդ որոշումը չի գործել, քանի որ կոնկրետ Արտակ Հովհաննիսյանի պարագայում հանձնաժողովի որոշման վերաբերյալ կողմերի վեճը քննությունների փուլում լուծվել է, լրագրողին ի վերջո թույլ է տրվել ներկա գտնվել եւ քննություններն անարգել նկարահանել, բացի դրանից հանձնաժողովի գործողությունները քննությունների ավարտից հետո արդեն դադարել են, իսկ նրա որոշումը ուժը կորցրել։ Ասել է թեՙ դատարանը օրենքին հակասող որոշումն այնուամենայնիվ չի վերացրել...

Գործով համահայցվոր, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Լեւոն Բարսեղյանը, հայտնելով, որ դատարանը նաեւ հաշվի չի առել իր բազմիցս արած այն պնդումը, թե պատասխանող կողմից դատարան է ներկայացվել հանձնաժողովի վիճարկվող որոշման փոփոխված, մեղմացված տարբերակ, այսինքն պետական փաստաթուղթ է կեղծվել, վերջերս հրավիրած ճեպազրույցում տեղեկացրեց հետդատական շրջանում, անցած ամիսներին այդ իրողության վրա պետական վերահսկողական մարմինների ուշադրությունը հրավիրելու իրենց ջանքերի մասին, որոնք եւս արդյունք չեն տվել։ Բացի դրանից, այդպես էլ չի հաջողվել նաեւ ձեռք բերել քննական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները (ստանձնելով հանդերձ դրա հետ կապված ծախսերը), դատարանում իրեն ասել են, որ այդ փաստաթղթերը կրթության ու գիտության նախարարության արխիվում են եւ կարող են տրամադրվել լրագրողներինՙ երբ կամենան, իսկ դատից հետո նման խնդրանքով նախարարին ուղղված գրավոր դիմումին պատասխան է ստացվել, թե դրանք հանձնաժողովի նախագահի մոտ են...

Ահա այսպես, օրենքով տրված իրավունքի համար էլ գործնականում երբեմն հարկ է լինում երկար պայքարել։ Ոմանք այդ ճանապարհին հոգնում ու կանգ են առնում, եւ քչերն են հետեւողականորեն մինչեւ վերջ գնում։ Թվում է, թեկուզ չշահած այս դատական ամբողջ պատմությունն այնուամենայնիվ անհետեւանք չի անցնի եւ առաջին հերթին պետք է որ զգաստացնի պետական բուհերի այս տարվա քաղաքային ընդունող հանձնաժողովին։ Նաեւ քննություններին հավատարմագրված լրագրողներին։

Ինչ վերաբերում է «Ասպարեզ» ակումբին, նրա ղեկավարը տեղեկացրեց, որ այստեղ կստեղծվի ընդունելության քննությունների լուսաբանման շտաբ, ակումբի կողմից կհավատարմագրվեն դիտորդներ եւ լրագրողներ։ Իսկ այդ դիտորդների թվում, որոնք կլինեն ակումբի արտահաստիքային թղթակիցները, կընդգրկվեն 10-15 դիմորդներ... Նրանց միջոցով փորձ կարվի քննությունների լրիվ պատկերը դուրս բերել։ «Լրագրողներս մեր գործն ենք անում, եւ թող փորձեն այս անգամ մեր ճանապարհին կանգնել», ավելացրեց Լ. Բարսեղյանը։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4