Մեր հասարակության ամենատարբեր շերտերում հաճախակի ենք հանդիպում այն կարծիքին, թե մեր օրերի սոցիալ-տնտեսական ու բարոյա-հոգեւոր ճգնաժամի հիմնական պատճառը Արցախյան գոյամարտն է ու «ղարաբաղցիների» ներկայությունը Հայաստանում։ Ընդ որում, «ղարաբաղցիներ» ասելով հասկանում են մեկ այլ, ասես հայության հետ ոչ մի կապ չունեցող ժողովուրդ։ Հանրահայտ է, որ տարիներ շարունակ նման նպատակ էին հետապնդում Բաքվի իշխանություններն ու քարոզչական մեքենան, որը միշտ էլ անհաջողության էր մատնվում։ Հենց դա էլ հակառակ արդյունքն ունեցավ ու բերեց մեր ժողովրդի երկու հատվածների միասնությանն ու 1988-ի իրադարձություններին։
Բայց այս անգամ երեւույթը ներքին ծագում ունի ու քանի որ օր-օրի ավելի է խորանում եւ մեր հասարակության մեջ նոր շերտեր գրավում, թափանցում տնտեսության, մշակույթի ոլորտները, մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ վտանգավոր ճեղքվածք է առաջացնում, արդեն մեր երկու եղբայր պետությունների անվտանգությանը սպառնացող վտանգավոր չափեր է ընդունել։ Արցախում եւս մարդիկ ենթարկվում են սադրանքին, առաջանում է նույն մակարդակի պատասխան ռեակցիա։ Եթե 10-12 տարի առաջ մեր ուժը մեր միասնության, միակամության մեջ էր, ու դա էր, որ հաղթեց հակառակորդին, ապա եթե չկանխենք մեր երկու հատվածներն իրար դեմ լարելու անբարոյական երեւույթը, հնարավոր է եւ ներքին ահավոր փլուզում։
Երեւանի Մենեջմենթի համալսարանում, որտեղ ես լրագրության ամբիոնի վարիչն եմ, լրագրող ուսանողների ուժերով հաճախակի տարբեր հասարակական երեւույթների, հասարակական կարծիքի ուսումնասիրության խնդրով սոցիալական հարցումներ ենք անցկացնում երկրումՙ դրանց արդյունքների ամփոփումն ու վերլուծությունը վերածելով հոդված գրելու դասընթացի։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման մեր այս համեստ փորձերը հաճախակի հրապարակում ենք մեր բուհի «Ուսանողական թերթ» հանդեսում։ Հասարակական ուսումնասիրության նպատակով հարցման հերթական թեման ՀՀ-ում սոցիալ տնտեսական ու բարոյա-հոգեւոր ճգնաժամի պատճառներն են։ Այս անգամ նպատակադրվեցինք պարզել մեր հասարակության երկու հատվածների միջեւ երեւացող ճեղքվածքի պատճառները։ Մարդկանց մեջ ինչքանո՞վ է խորացած Արցախյան շարժումն ու «ղարաբաղցիներին» մեղադրելու միտումը։ Շրջանցելով մի շարք ակնհայտ պատճառներ, ինչպիսիք ենՙ երկրի շրջափակումը, կադրային ու տնտեսական քաղաքականությունը, հարցման ներկայացրինք Արցախյան գոյամարտ, գերտերությունների քաղաքականություն, տեղական մաֆիաներ, «ղարաբաղցիներ» տարբերակները։ Ուսանողները, շաբաթ եւ կիրակի օրերին մեկնելով տարբեր մարզեր, այնտեղ եւս հարցման էին ենթարկում հասարակական ամենատարբեր խավերի, մասնագիտությունների մարդկանց։
Հարցման են ենթարկվել հարյուր մարդ, որոնցից 26-ըՙ Երեւանում, մնացածներըՙ մարզերում։ Հարցման ենթարկվածների 62%-ը բարձրագույն կրթություն ունի, 46%-ը գործազուրկ է։ Հարցման մասնակիցների 43%-ը ճգնաժամի գլխավոր պատճառ է համարել տեղական մաֆիաների գործունեությունը, 24%-ըՙ գերտերությունների քաղաքականությունը, 12%-ըՙ Արցախյան գոյամարտը, 20%-ըՙ «ղարաբաղցիներին»։ Ինձ անհանգստացնողը Արցախյան գոյամարտի ու «ղարաբաղցիների» նկատմամբ մեղադրանքի 32%-աչափն է։ Եթե մեխանիկորեն այն փոխանցենք հանրապետության բնակչության գիտակից մասին (հարցվողների ընտրության ձեւը, 5 տոկոսի սխալի հաշվարկով, թույլ է տալիս անել դա), ապա արդյունքը պետք է ահազանգող դեր կատարի։
Դարասկզբի մեծ գիտնական Զիգմունդ Ֆրոյդի պսիխոանալիզի տեսությունում հիմնական ելակետ է հոգեկան հիվանդի գլխուղեղի խանգարման հիմնապատճառը գտնելն ու հիվանդի պատմելու միջոցով ուղեղից դուրս մղելու մեթոդը։ Մեր հասարակությունը այս տեսանկյունից փաստորեն նման է այն հիվանդին, որը պետք է գտնի իր հիվանդության ակունքն ու ձգտի դուրս մղել իր ներսից։ Եթե հասարակությունը դիտարկենք որպես մի ամբողջական օրգանիզմ, ապա այս երեւույթը բնութագրվում է որպես խիստ վտանգավոր, անշուշտ, քրոնիկական հիվանդություն։ Հասարակության մի հատվածին մյուսի դեմ գրգռելը աղետալի երեւույթ է։ Եթե մեր այս հարցման միջոցով արդեն գտել ենք հիվանդության օջախը, հաջորդ քայլով փորձենք գտնել հիվանդության առաջացման պատճառները։
Կրկին ի հայտ է գալիս երկրի կառավարման մեխանիզմում քարոզչության դերի նկատմամբ ավանդական արհամարհանքի սնանկությունը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման եւ վերլուծության կենտրոնի, ինչպես եւ համապատասխան կադրերով ապահովված քարոզչական հզոր մեխանիզմի գործունեությունը կարող էր կանխել պետության անվտանգությանը սպառնացող վտանգը։ Սակայն այն չկա ու չի էլ սպասվում, թե պետական այրերը կարող են նման գործունյա մեխանիզմ ստեղծել։
Եթե 1988-94 թթ. արցախցիների կամ շարժման հասցեին բացասական խոսողին թշնամի կամ դավաճան էին անվանում, ապա այժմ դա խրախուսվում է։ Նման մոտեցումը թափանցում է բանակի շարքերը, թուլացնում զինվորների մարտական ոգին։ Այս ամենը Արցախում առաջացնում է հակադիր ռեակցիա։ Ձնագնդի նման այն աճում ու աճում է։
Ո՞մ է ձեռնտու սա։
Անշուշտ, առաջին հերթին մեր հակառակորդներին։ Նման իրավիճակում խիստ իջնում է ոչ միայն բանակի մարտունակությունը, այլեւ խորանում ճգնաժամը տնտեսության, մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Այսպիսի իրավիճակ էր ստեղծվել երկրում, երբ մենք 1918 թ. իրար հետեւից թշնամուն հանձնեցինք մեր քաղաքները։
Տագնապալի է հարցման արդյունքով տեղական կլանների «հավաքած» 43 տոկոս ցուցանիշը։ Երկրի հարստության ու եկամուտների մեծագույն մասը կենտրոնացված է մի քանի ընտանիքների ձեռքերում, որոնք, սերտաճած լինելով օրենսդիր, իրավապահ մարմինների եւ կառավարման որոշ օղակների հետ, տիրում են երկրի հարստության հսկայական մասը կազմող ստվերային տնտեսությանը։ Նրանք անարգել խուսափում են հարկեր մուծելուց, դրանով իսկ խոչընդոտում եկամուտների արդար բաշխմանը, ուրեմն եւ նպաստում սոցիալական ու բարոյա-հոգեւոր ճգնաժամին։ Այս պայմաններում ժողովրդական հիմնական զանգվածին փշրանքներ են մնում։ Տիրելով «դեղին» մամուլին, նրանք հաջողությամբ պաշտպանում եւ «օրինականացնում» են իրենց վարքագիծը։ Հսկայական գումարներ պետական բյուջե չմտնելով, թուլացնում, անկայուն են դարձնում պետությունը, բանակը։ Փաստորեն մեծահարուստ կլանները այս վարքով փորում են իրենց գերեզմանը, քանի որ անխուսափելի են դարձնում սոցիալական պայթյունները, որոնց հետեւանքները անհնար է կանխատեսել։ Սակայն միանշանակ կարելի է ասել, որ ոչ մի լավ բան չի սպասում հենց այդ կլաններին։ Իսկ այդ հսկայական գումարները պետական գանձարան մտնելու դեպքում կբարելավեին բանվորի, ուսուցչի, լրագրողի, բժշկի, դերասանի, արհեստավորի, ստեղծագործող մարդու նյութական վիճակը։ Ի վերջո, մարդիկ ի զորու կլինեն թերթ, գիրք գնել, թատրոն հաճախել, օգտվել ժամանակակից էլեկտրոնային միջոցներից։ Դա իր հերթին կխթանի մշակույթի զարգացումը, որը մեզանում հետ է մնացել այսօրվա համամարդկային ընդհանուր զարգացումից։
Աղքատ երկրում, հենց այդ աղքատության հաշվին ձեռք բերած թանկարժեք մեքենաներով, փքուն տեսքով ման գալն ու շքեղատես դղյակներ կառուցելը ամենեւին էլ բարոյական չէ։ Ցուցադրաբար կարող են մի մանկապարտեզ հովանավորել։ Բայց իրականում նրանք հեռու են բարեգործությունից։
Մնում է, որ խորհրդարանը իր մեջ ուժ գտնի եւ մշակի ու հաստատի եկամուտների բաշխումը կանոնակարգող օրենքներ։ Թվում է, որ այս գործում նախաձեռնողը պետք է երկրի նախագահը լինի։ Նա էլ պետք է պայմաններ ստեղծի դրանք կյանքի կոչելու համար։
Սակայն վերադառնանք մեր նյութի բուն խնդրին։
Է՞լ ում են ձեռնտու հակաարցախյան այս լարումները։
Իշխանական աթոռները կորցրած որոշ ուժեր ամեն ինչ անում են կրկին գալու իշխանության։ Մեր ժողովրդի արցախյան հատվածի հանդեպ մեր միասնությանը վնասող լուրեր տարածելով ու արհեստականորեն լարվածություն ստեղծելով մտածում են, որ վարկաբեկած կլինեն եւ երկրի ներկայիս նախագահին, լուծելով նրա տապալումը ոչ հեռու ապագայի ընտրություններում։ Անշուշտ, նրանց հետաքրքրում է ոչ թե երկրի դուրսբերումը ճգնաժամից, այլ շահութաբեր մի շարք ոլորտների ու ճյուղերի ներկա տերերից խլելու եւ տիրանալու հեռանկարը։ Իսկ նախագահն, իր հերթին ենթարկվելով հակաարցախյան շարժման այս ճնշմանը, իր կադրային քաղաքականության մեջ խուսափում է ծագումով արցախցի մասնագետների նշանակումից։ Սա եւս բարոյական չէ։
Ուրեմնՙ կրկին իշխանության գալու եւ հարստանալու տենչը ինչ-որ խմբավորումների մղել է մեր ժողովրդի նկատմամբ ամենաստոր ու դավաճանական արարքիՙ երկու հատվածների միջեւ անջրպետ ստեղծելուն, որն, անշուշտ, հարցականի տակ կդնի պետության գյությունը։ Իսկ որ մեր բոլոր պարտությունների պատճառը ներքին անկայունությունն ու անմիաբանությունն են եղել, հայտնի է բոլորին։ Նման դեպքերում միշտ էլ գտնվում է մի «ոխերիմ» հարեւան, որը ոտքի տակ է տալիս անմիաբան, դիմադրության անընդունակ երկիրը, առաջին հերթին թալանում հարուստների ունեցվածքը, ստրկության մատնում երկիրը, փոփոխում գետերի, դաշտերի, լեռների, գյուղերի, քաղաքների, երկրամասերի անունները։
Ինչ վերաբերում է պաշտոնի ժառանգականության խնդրին, ապա որդին կամ եղբայրը ոչ մի բարոյական իրավունք չունեն հավակնելու եւ դառնալու հոր կամ եղբոր դիրքի իրավահաջորդը։ Նման ձեւով իշխանության գալու ձգտումը վտանգավոր է մանավանդ կույր վրեժխնդրության տեսանկյունից։ Միայն ասեմ, որ հոկտեմբերի 27-ի ողբերգության մեջ մեր ժողովրդի միասնությունը ոչ մի դեր չունի, ու չարժե այդ միասնության խափանման, երկրի կործանման գնով անձնական հարցեր լուծել, հաշիվներ մաքրել։
Եթե ուզում են պայքարել նախագահական աթոռի համար, թող պայքարեն ժողովրդավարության կանոններով։ Թող ընտրվեն, անկախ նրանից, թե երկրի որ հատվածից են, ինչ կուսակցության կամ խմբավորման են պատկանում։ Մեր ժողովուրդը կարոտ է արդար ընտրությունների, ու ցանկանում է նախագահական աթոռին տեսնել ամենաարժանավորին եւ ունակին։ Սակայն բարոյականության սահմանները երբեք չպետք է խախտել։ Մեր ժողովուրդը տեսնում է ամեն ինչ։ Նա ճիշտ է կողմնորոշվելու ու իր երկու հատվածները տարանջատողներին ոչ միայն չի թույլատրի հայտնվել նախագահական աթոռին, այլեւ կբացահայտի ու դուրս կնետի, ինչպես դա արեց մի անգամ։ Սա, անշուշտ, հասարակության հիվանդության բուժման ամենաճիշտ ձեւն է։
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ