ԲԱՔՈՒ, 23 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մայիսի 22-ին Բաքվում նախագահական պալատում կայացել է Հեյդար Ալիեւի առանձնազրույցը Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ։ Զրույցի ընթացքում Ալիեւը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին, հաղորդում է «Էմ Փի Էյ»-ը։ Ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով օկուպացված է Ադրբեջանի հողերի 20 տոկոսը, մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիներ, որ արտաքսվել են հայրենի օջախներից, ահա արդեն տարիներ շարունակ ապրում են վրաններում ծանր պայմաններում։ Անդրադառնալով տվյալ հակամարտության խաղաղ կարգավորման բնագավառում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կատարվող աշխատանքին, բանակցությունների գործընթացին, նախագահ Հեյդար Ալիեւը ընդգծել է, որ հեղինակավոր միջազգային կազմակերպություններին եւ աշխարհի պետություններին հարկ է ակտիվացնել իրենց ջանքերը հակամարտության շուտափույթ լուծման ուղղությամբ։ Հռոմի պապի արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվում։