ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի ծննդյան 100-ամյակին էր նվիրված հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ժողովրդական երաժշտության բաժնի նվագախմբի եւ մենակատարների երեկվա գողտրիկ համերգը, որը կայացավ ֆակուլտետի դահլիճում։ Նվագախմբի ղեկավար Սեյրան Օհանյանը երիտասարդ կատարողների ուժերով դահլիճը լցրեց հայկական ժողովրդական երգով ու մեղեդիներով։ Համերգացանկում ընտրված էին Թաթուլ Ալթունյանի, Էդվարդ Միրզոյանի, Արզաս Ոսկանյանի հայկական ժողովրդական երգերի մշակումները, ինչպես նաեւ Սայաթ-Նովայի «Նազանին»ՙ Սեյրան Օհանյանի գործիքավորմամբ, Ալան Հովհաննեսի «Վասպուրականը», Ներսես Շնորհալու «Ամեն, հայ սուրբ» ստեղծագործությունը դուդուկահարների կատարմամբ, Բարսեղ Կանաչյանի «Օրորը»ՙ համալսարանի շրջանավարտ Նաիրա Առաքելյանի կատարմամբ եւ այլ ստեղծագործություններ։ Համերգի պատվավոր հյուրերն էին Թաթուլ Ալթունյանի երբեմնի սաներըՙ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, նրա տիկինըՙ Ասյա Գասպարյանը, որը երկար տարիներ պարել է Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլում, անսամբլի բալետմայստեր Արտաշես Կարապետյանը, ժողովրդական երգի մասնագետ Ալբերտ Սարգսյանը, գիտնական, պրոֆեսոր Ալինա Փեհլիվանյանը։ Համերգին հրավիրված էին Ալթունյանի որդիներըՙ Ռուբեն եւ Ժիրայր Ալթունյանները։ Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը երախտագիտության ջերմ խոսքեր հղեց համերգի կազմակերպիչներինՙ Թաթուլ Ալթունյանի գործն ու հիշատակը հարգելու համար։
Ռ. Պ.