Ավարտվեց հայ երգի ամենամյա «Սայաթ-Նովա-2002» համահայկական մրցույթը։ Մայիսի 25-ին հայտնի կդառնան մրցանակակիրները։ Մրցանակաբաշխության կենսունակության ու աճող համբավի հավաստիքն է բարերարներ Վահագն ու Հասմիկ Հովնանյանների այս նոր նախաձեռնությունը։ Նախորդ երկու տարիներին «Սայաթ-Նովա» համահայկական հայ երգի մրցանակաբաշխությունների համեմատ այս տարի տեղի էին ունեցել փոփոխություններՙ մրցույթին մասնակցում էին ստեղծագործություններ չորս ժանրերիցՙ մանկական, գուսանական-ժողովրդական, քնարական, հայրենասիրական։ Մրցույթի հովանավորների ու կազմկոմիտեի որոշմամբ քնարական եւ հայրենասիրական ժանրերը միավորվել են ու այս տարի դարձել երեք ժանրՙ գուսանական-ժողովրդական, մանկական եւ ժամանակակից։ Մայիսի 22-ի ուշ երեկոյան հայտնի դարձան 12 լավագույն երգերի հեղինակների անունները։ Մանկական ժանրումՙ Ստեփան Շաքարյանի «Մրջյունը», Ստեփան Բաբաթորոսյանի «Հարավ քամի», Նաիրա Գյուրջինյանի «Օդապարիկ» եւ Անահիտ Շահզադեյանի «Գարուն, գարուն, գարուն...» երգերը։ Գուսանական-ժողովրդական ժանրում հաղթող ճանաչվեցին աշուղ Լեյլիի «Իմ Ջավախքիս» եւ «Ո՜վ բախտ անարդար», աշուղ Ալմաստի «Աշուղներ», Մխիթար Քեթցյանի «Երբ կհոգնեմ» երգերը։ Ժամանակակից երգի ժանրումՙ Լեյլա Սարիբեկյանի «Հայաստանս», Մարինե Գյուլումյանի «Ես քո զավակն եմ, Հայաստան», Հայկուհի Հակոբյանի «Վերածնունդ» եւ Վահան Անդրեասյանի «Բարին կհաղթի» երգերը։ Վերջինիս կատարող Անի Քրիստին արժանացավ «Լավագույն կատարող» մրցանակին։ Եզրափակիչ երրորդ փուլ դուրս եկած 26 երգերի հեղինակներին տրվեցին դիպլոմներ ու նվերներ մրցույթի գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանի, կազմկոմիտեի պատասխանատու Ստեփան Դավթյանի եւ ժյուրիի անդամ Գեղամ Գրիգորյանի ձեռամբ։ Այդ օրը մրցույթի գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանի համար խնդումի գիշեր էր, իսկ մայիսի 25-ըՙ ծնունդի գիշեր։ Բարերարը նշեց, թե ամեն ինչ կանի, որ մշակույթի որեւէ բնագավառ դուրս չմնա ուշադրությունից։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ