«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ՄԵԾԱՐՈՒՄ

Բազմավաստակ Անդրանիկ Փոլատյանին

Այս տարի լրանում է ծանոթ խմբագիր, գրականագետ, հասարակական գործիչ եւ Թեքեյան մշակութային միության Ամերիկայի շրջանակի հիմնադիրներից Անդրանիկ Փոլատյանի ազգային ծառայությունների հիսնամյակը։

Ամբողջ կես դար շարունակ նա անշահախնդրորեն նվիրվել է Ռամկավար Ազատական կուսակցությանը, ՀԲԸՄիությանը, ԹՄՄ-ին եւ «Մարաշի» հայրենակցական միությանըՙ սատարելով եւ ամրապնդելով մի կողմից ամերիկահայության ազգապահպանման խնդիրներին, մյուս կողմիցՙ նրանց հոգեւոր կապը մայր հայրենիքի եւ Սբ. Էջմիածնի հետ։

Լինելով Կիպրոսի ՀԲԸՄիության Մելգոնյան կրթական հաստատության (1950 թ.-ին) եւ Բեյրութի ամերիկյան համալսարանի (1954 թ.-ին) շրջանավարտ, Փոլատյանը նախ Բոստոն է մեկնում եւ ապա Ֆրեզնոՙ ստանձնելու համապատասխանաբար «Պայքար» օրաթերթի եւ «Նոր օր» եռօրյայի խմբագրի պաշտոնները։

Այնուհետեւ միանում է ՀԲԸՄ-ին եւ մինչեւ կենսաթոշակի անցնելըՙ 1993 թ., համառ ու հետեւողական աշխատանքով նվիրվում նրա մշակած թե՛ կրթական, թե՛ մարդասիրական ծրագրերի իրականացմանը։ Մոտ քառասուն տարի խմբագրում է այս հաստատության «Յուշարար-միութիւն» պաշտոնաթերթը։ Փոլատյանն է, որ Թեքեյանի անունը սիրելի է դարձնում Միացյալ Նահանգներում, հիմնում ինչպես Թեքեյան վարժարանի օժանդակ մարմինները, այնպես էլՙ գաղափարակիցների համագործակցությամբ Հյուսիսային Ամերիկայի Թեքեյան մշակութային միությունը, որը կարճ ժամանակում իր մասնաճյուղերն է բացում եւ գործունեություն ծավալում հայաշատ կարեւոր ոստաններում։

Վաստակաշատ մշակիՙ Անդրանիկ Փոլատյանի ոսկյա հոբելյանն, ըստ ստացված տեղեկատվության, նշվելու է սեպտեմբերի վերջերինՙ Նյու Ջերսիում։ Այդ առթիվ լույս է ընծայվելու ծաղկաքաղ մի հատոր, որը պարփակելու է հոբելյարի կեսդարյա հրապարակագրական հոդվածների մի մասը։

Կազմված է հոբելյանական հանձնաժողովՙ պատվո նախագահությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի, Ամերիկայի Հայոց առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի, ՀԲԸՄ-ի փոխնախագահ Նազար Նազարյանի եւ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Գասարճյանի։ Հանձնախմբի մաս կազմող մյուս անդամներն են ծանոթ մտավորականներ եւ հասարակական գործիչներ են։ Գործադիր հանձնախումբը գլխավորելու է Հակոբ Վարդիվառյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4