«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ԱՅՍՕՐՎԱ ՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ

Ներկայացվեց «Հայաստանի թանգարանները» ուղեցույցը

Հայաստանի եւ հայերի մասին Ջորջ Բայրոնի, Ժան Պոլ Սարտրի, Ռոքուել Քենթի, Անդրեյ Բիտովի եւ այլոց խոսքերն աշխարհն արդեն գինդ է արել իր ականջներին։ Չկրկնենք եւս մեկ անգամ։

«Կարող ենք վստահաբար ասել, որ մեր աչքի առաջ պարզված տեսարանը գերազանցող ոչ մի վայր չկա տիեզերքում,¬ Հայաստանի մասին ասել է պատմական վայրերի հմուտ հետազոտող Հ. Ֆ. Պ. Լինչը։¬ Ոչ մի տեղ բնությունն այսպես հիապատում կերպով չի բացվում, ոչ մի տեղ հղացման այսպիսի մեծագույն համանմանություն ու հատակագծի ներդաշնակություն չի շնորհվում, եւ ոչ մի տեղ շրջակա վայրերն այսքան վեհափառ չեն...»։

Մշակութային հսկա ժառանգության տեր Հայաստանն ու հայերն աշխարհին ներկայացվել են ոչ ամբողջությամբ։ Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում մեր այս միտքը հաստատեց նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը. «Ցավոք, պիտի նշեմ, որ հայ մշակույթը մինչեւ հիմա աշխարհին հայտնի չէ այն չափով, որքանով արժանի է։ 1200 օր Հայաստանում եմ եւ այս ընթացքում 12 հազար անգամ զարմացել եմ հայ մշակույթի առանձին նմուշներով ու հայ մշակույթով ընդհանրապես։ Եվս երկու ամիս ունեմ մնալու եւ համոզված եմ, որ նոր բացահայտումներ եմ անելու։ Համոզված եմ, Հայաստանը որեւէ ապագա չի կարող ունենալ առանց մշակույթի, առանց մշակութային հստակ քաղաքականության»։

Եվ ահա, առաջին անգամ փորձ է արվում հայ մշակութային ժառանգությունն ամփոփող Հայաստանի թանգարաններն ամբողջությամբ ներկայացնել համաշխարհային հանրությանը։ «Հայաստանի թանգարանները» անչափ կարեւոր այս ուղեցույցում, որի հրատարակությունն իրականացվել է Համաշխարհային բանկի «Փոքր դրամաշնորհներ» ծրագրի շրջանակներում, ներկայացված է Հայաստանում գործող 95 թանգարան։ Ուղեցույցն ամփոփ տեղեկություններ է տալիս բոլոր այս թանգարանների մասին։ Հիմնականում մատուցված են այն ամենաանհրաժեշտ տվյալները, որոնք հնարավորություն են տալիս նախնական պատկերացում կազմել տվյալ թանգարանի մասին (հիմնադրման տարեթիվը, վերադաս գերատեսչությունը, հիմնական եւ օժանդակ ցուցանմուշների քանակը եւ բնույթը, հասցեն, հեռախոսի համարը եւ այլն)։ Գրքի վրա աշխատել են հմուտ մասնագետներՙ խմբագիր Անահիտ Հարությունյանը, Էլեոնորա Մալխասյանը եւ ուրիշներ։ Հիանալի ձեւավորում է կատարել Մկրտիչ Մաթեւոսյանը։

Հայաստանում թանգարանների պատմությունը սերտորեն առնչվում է Հայ առաքելական եկեղեցու պատմությանը, քանզի ներկայիս թանգարանների նախատիպերըՙ գանձատները կամ ավանդատները, ստեղծվել են եկեղեցու հովանու ներքո։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, թանգարանների նախատիպեր են եղել դեռեւս հեթանոսական տաճարներում։ Նշանավոր են Տուշպայում, Մուսասիրում, Էրեբունիում, Թեյշեբանիում կառուցված մեհյանները, Երզնկայում գտնվող Անահիտ աստվածուհու տաճարը եւ այլն։ Ե դարից յուրատեսակ գանձատներ են դարձել քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը։ Իսկ միջնադարում արդեն Հովհաննես Դրասխանակերտցին իր «Պատմութիւն հայոց»-ում մատնանշում է գանձատների երեք տեսակՙ արքունի, իշխանական տների եւ վանքերի։ 19-րդ դարից սկսած թանգարաններ հիմնելու նախաձեռնությունն անցել է հասարակական կազմակերպություններին։ Հայաստանի թանգարանների պատմության մեջ նշանակալի փուլ է 1920¬1980 թթ., երբ թանգարաններին տերը դարձավ պետությունը։

Այժմ քիչ թվով թանգարաններ են մնացել պետական հովանավորության տակ։

¬ Թանգարանների հետագա ճակատագիրը կապել միայն երկրի կառավարության կամ կոնկրետ մշակույթի նախարարության հետՙ սխալ կլիներ,¬ մեր զրույցի ժամանակ ասաց պարոն Սաադաթը, որը լավ է ճանաչում Հայաստանը եւ հային։¬ Մեր կազմակերպությունը հույս ունի, որ այսպիսի հսկայական մշակութային ժառանգությունը պահպանելու համար մասնավոր մարդիկ շահագրգիռ կդառնան։

Մենք էլ ենք դա ցանկանում, պրն Սաադաթ։ Մնում է, որ այս «մասնավոր մարդիկ» նախաձեռնություն հանդես բերեն, աշխատեն ոչ միայն իրենց եւ այսօրվա համար, այլեւ հայ ժողովրդի ու վաղվա համար։ Հույս ունենք։ Չէ՞ որ հայ մշակույթն իսկապես հսկայական արժեք է, եւ անհրաժեշտ է այն ներկայացնել ըստ պատշաճի, հատկապես այս տարի, որը ՄԱԿ-ը հայտարարել է «Մշակութային ժառանգության եւ էկոտուրիզմի միջազգային տարի»։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4