«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես իրավունք է ձեռք բերել ուղիղ եթերում սեփական մեկնաբանությամբ ցուցադրելու 15 խաղ։ Այդ մասին երեկ սպորտվարչության նիստերի դահլիճում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրին մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը։ Խաղերի ցուցադրման իրավունքի վերաբերյալ հանրային հեռուստատեսությունը պայմանագիր է կնքել գերմանական «Կիրխ մեդիա հոլդինգ» ընկերության հետ։ Այնպես որ, աշխարհի առաջնության խաղերի ցուցադրման իրավունքը Հայաստանում պատկանում է հանրային հեռուստատեսությանը։ Նախատեսված է ցուցադրել բացման արարողությունը, Ֆրանսիա-Սենեգալ, Բրազիլիա-Թուրքիա, Արգենտինա-Անգլիա, Գերմանիա-Իռլանդիա, Պորտուգալիս-Լեհաստան նախնական փուլի խաղերը, ինչպես նաեւ 1/8 եզրափակիչի 4, քառորդ եզրափակիչիՙ 2 խաղ, կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար հանդիպումը եւ եզրափակիչը։ Ընդ որում, այդ խաղերի հեռարձակման ժամանակ Հ1-ին թույլատրվել է «փակել» OPT եւ PTP հեռուստաընկերություններով ընթացող ֆուտբոլային ռեպորտաժները։

Բացի վերը նշվածից, ամեն օր ժամը 23.40-ին կհեռարձակվի աշխարհի առաջնությանը վերաբերող 15 րոպեանոց ֆուտբոլի տեսությունը։ Նշվեց նաեւ, որ երկուշաբթի օրվանից Հ1-ի եթերը հեռարձակվելու է Երեւանում շուրջօրյա, 48-րդ դեցիմետրային ալիքով։ Կարծում ենք, Հայաստանի հանրային հեռուստատեսության այս հիանալի նախաձեռնությունը լավ նվեր կլինի հանրապետության ֆուտբոլասերներին։ Հիշեցնենք, որ OPT եւ PTP հեռուստաընկերությունները ցուցադրելու են առաջնության բոլոր 64 հանդիպումները, յուրաքանչյուր ալիքովՙ 32-ական խաղ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4