ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հաստատակամորեն կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներինՙ ճկունություն եւ կառուցողական մոտեցում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար»։ Այդ մասին ասված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների համատեղ հռչակագրում, որն այսօր ստորագրվել է Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով։ Վլադիմիր Պուտինը եւ Ջորջ Բուշը հայտարարել են, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ըՙ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երկու համանախագահներ, «պատրաստ են օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին այդ ջանքերում»։ Հռչակագրում ասված է նաեւ, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները «մերժում են իր սնանկությունը ցույց տված «մեծ տերությունների» մրցակցության մոդելը, որը կարող է միայն ուժեղացնել հակամարտային ներուժը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում»։ «Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ԱՄՆ¬ը եւ Ռուսաստանն ընդհանուր շահը տեսնում են այդ տարածաշրջանի բոլոր պետությունների կայունությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցելու մեջ», ասված է փաստաթղթում։