«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2002-05-23 | #95, 2002-05-24 | #96, 2002-05-25


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔՙ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան ազատամարտի տարիներին բուհերի շատ ուսանողներ եւս կամավոր մասնակցեցին պատերազմական գործողություններինՙ պաշտպանելով հայրենին։ Եւ ոչ բոլորին էր վիճակված տուն վերադառնալ։ Զոհված ազատամարտիկների հիշատակը Երեւանի պետհամալսարանը հավերժացրեց իր բակում կառուցված հուշարձանով։ Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանըՙ այցելելով համալսարան, բուհի ղեկավարների, դասախոսների, զոհվածների ծնողների, ուսանողների հետ, հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին։ Զինվորական պատվո խումբը ծաղկեպսակ դրեց հուշարձանին։

ՊՆ նախարար Ս. Սարգսյանը նշեց, որ հետմահու կպարգեւատրվեն բոլոր զոհված ազատամարտիկները, նաեւ կվերանայվեն նրանց ընտանիքների անդամների անվճար երթեւեկության իրավունք ունենալու, բնակարանով ապահովելու խնդիրները։

Այնուհետեւ նախարարին շնորհակալական պատվոգիր հանձնվեց «Վարդանանք» ռազմասիրական ակումբի անդամների կողմից։ Պատվոգրի հանձնման պատիվը տրվել էր զոհված ազատամարտիկի 10-ամյա որդուն։

Նույն օրը Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը եւ Սերժ Սարգսյանը ստորագրեցին պայմանագիրՙ մայր բուհում ռազմական իրավագիտության գծով մասնագետներ պատրաստելու վերաբերյալ։

- Ցանկանում ենք մեր երկրի ամենաառաջատար բուհում պատրաստել բանակում իրավախախտումների դեմ պայքարող երիտասարդ մասնագետներ,- ասաց նախարար Ս.Սարգսյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4