«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2002-05-23 | #95, 2002-05-24 | #96, 2002-05-25


ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՉԶԲԱՂՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

«Էյ Սի Փի» ընկերության նախագահը ներկայացրեց անցյալ տարվա արդյունքները

«Արմենիա քափըր փրոգրամ» (նախկին «Մանես եւ Վալեքս») ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանիՙ լրագրողների հետ հանդիպման նպատակն անցյալ տարվա ընթացքում ընկերության գործունեության արդյունքները տեղեկացնելն էր, ինչը, սակայն, նրա առաջարկով արեց ընկերության ֆինանսական գծով փոխտնօրեն Գագիկ Արզումանյանը։ Նա նախ ներկայացրեց «Հայկական պղինձ» ծրագրի բաղկացուցիչները։ Դրանք ենՙ Ալավերդում պղնձաձուլարանի կառուցում եւ պղնձի կայուն ու բնապահպանական տեսանկյունից անվտանգ արտադրություն, երկրորդՙ նոր հանքավայրերի հայտնաբերում, շահագործում եւ հանքաքարի արդյունահանում, երրորդՙ տարածաշրջանում պղնձի հումքի եւ ջարդոնի գնման ցանցի ստեղծում, ցինկից, լատունից, բրոնզից պատրաստվող արտադրանքի թողարկում եւ չորրորդՙ էլեկտրաէներգիայի սեփական բազայի ստեղծում։ Վերջինիս անհրաժեշտությունն առկա է, քանզի Ալավերդու հանքի ու ֆաբրիկայի, Թեղուտի եւ մյուս հանքավայրերի շահագործման համար 12¬13 մլն դոլար միայն էլեկտրաէներգիայի վճարը կլինիՙ այն էլ ներկայումս գործող սակագներով։

Պղնձի ամբողջական վերամշակման նպատակահարմարությունն ընկերության ներկայացուցիչը բացատրեց հետեւյալ հաշվարկներով։ Հայաստանից խտանյութի արտահանման դեպքում 1 տոննա պղնձի տրանսպորտային ծախսերը կազմում են 250 դոլար, իսկ կորզված պղնձի արտահանման դեպքում այդ ծախսերը կկազմեն 80 դոլար, տնտեսումը կազմում է 170 դոլար։ Իսկ եթե Հայաստանում արտադրվող խտանյութը չի բավարարում, ապա ներմուծվող խտանյութի դեպքում 1 տոննա պղնձի լրացուցիչ ծախսերը կազմում են 190 դոլար։

2001 թ. արդյունքների շարքում նշվեցին Ալավերդու եւ Թեղուտի հանքավայրերի շահագործման լիցենզիաների ստացումը, Ալավերդու հանքավայրի շահագործման սկիզբը, Թեղուտի հանքավայրի շահագործման համար Strathcona Mineral Services կանադական ընկերության կողմից ընդհանրացնող ծրագրի մշակումը։ Գերմանական Surgi Metallurgie ընկերությունը մշակում է արտադրական ներկայիս ծավալները քառապատիկ ավելացնելու (մինչեւ 40 հազար տոննա) ուղղվածությունները։ Անցյալ տարի ավարտվել է հարստացուցիչ ֆաբրիկայի առաջին փուլի կառուցումը, աշխատողների թիվն ավելացել է 300-ով, արտահանվել է 10 մլն դոլարի արտադրանք, սակայն տարեկան արդյունքներով ընկերությունը վնասներ է կրել։ Պատճառները եղել են պղնձի միջազգային գների անկումը, խտանյութի թերամատակարարումը։ Կանոնադրական կապիտալը կազմել է 3,2 մլն դոլար, նախնական համաձայնագիր է ստորագրվել 3 մլն դոլար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) վարկ ստանալու վերաբերյալ։

Վալերի Մեջլումյանը հաստատակամություն հայտնեց, որ ամեն ինչ արվելու է այս տարի վնասից դուրս գալու համար, որպեսզի վարկերի ստացման հարցում դժվարություններ չառաջանան։ Նա նաեւ ընդգծեց ավելացված արժեքի հարկի ժամանակին հետ վերադարձնելու անհրաժեշտությունը, ինչի ուշացման պատճառով ընկերությունը նույնպես վնասներ է կրում։ Սակայն այս պահի դրությամբ չվերադարձված գումարը մեծ թիվ չի կազմում։ «Արմենիան քափըր փրոգրամի» գլխավոր տնօրենը ողջունեց Հայաստանի տարածքում ցանկացած այլ ծրագիր, որը կնպաստի պղնձարդյունաբերության զարգացմանը։

«Ազգի» հարցը Վալերի Մեջլումյանին վերաբերում էր ձեռնարկությունում անցյալ տարի արված կրճատումներին, որոնք, ըստ տարածված լուրերի, ինքըՙ Վալերի Մեջլումյանը պայմանավորել է քաղաքական պատճառներով եւ իշխանությունների հետ ունեցած խնդիրներով։ Նա պատասխանեց, որ անցյալ տարի նոր հանքի բացման եւ նոր ֆաբրիկայի կառուցման ժամանակ լրացուցիչ աշխատանքներ էին արվել, որոնց ավարտից հետո իրականացնողների անհրաժեշտությունն այլեւս չզգացվեց։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա Վալերի Մեջլումյանը նշեց, որ ինքը զարմանքով իմացել է թերթերից, որ «Մեջլումյանը զբաղվում է քաղաքականությամբ, ինչ-որ մեկին պաշտպանում է, մյուսինՙ ոչ եւ այլ հեքիաթներ»։

Դա, նրա կարծիքով, աղմուկ ստեղծելու նպատակ հետապնդող «թերթային հնարքներ են», եւ ինքը ընկերության շուրջ ստեղծված որոշ դժվարությունների (աշխատավարձերի ուշացում եւ այլն) կապակցությամբ երկարատեւ հարցազրույց է տվել տեղական հեռուստատեսությամբ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4