«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2002-05-23 | #95, 2002-05-24 | #96, 2002-05-25


ԳԱՎԱԹԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՈՐ ՏԻՐՈՋԸ

Ֆուտբոլի ՀՀ գավաթի 11-րդ խաղարկության ավարտական ակորդը կհնչի մայիսի 27-ին։ Այդ օրը «Հանրապետական» մարզադաշտում երկրի չեմպիոն «Փյունիկը» եւ արծաթե մրցանակակիր «Զվարթնոցը» եզրափակիչում կվիճարկեն բյուրեղապակյա գավաթը։ Վճռական հանդիպումից առաջ ներկայացնում ենք մրցակիցներին։

«Փյունիկ»

Գավաթի մրցաշարին մասնակցում է 1992 թ. (բացառությամբ 1999¬2000 թթ.)։ 1996 թ. գավաթակիր, 1992, 1997 թթ. եզրափակիչի մասնակից։ Անցկացրել է 55 խաղՙ +40=4-11, 147-45։ Ամենախոշոր հաշվով հաղթանակըՙ 11¬1 («Արմավիր», 1996 թ.)։

Թիմի կազմում գավաթի մրցաշարում բոլորից շատ խաղ է անցկացրել Վարդան Մինասյանըՙ 49։

Լավագույն ռմբարկուներն են Արսեն Ավետիսյանն ու Գեղամ Հովհաննիսյանըՙ 21-ական գնդակ։

Մեկ խաղարկությունում խփած գոլերով ռեկորդակիրն է Արման Քարամյանըՙ 9 գոլ (2002 թ.)։

«Փյունիկը» 4-րդ անգամ է հանդես գալու գավաթի եզրափակիչում։ Գավաթը նվաճելու թիմի առաջին փորձն անհաջող անցավ։ Գավաթի անդրանիկ խաղարկության եզրափակիչում թիմը զիջեց «Բանանցին» (0¬2)։ 4 տարի անցՙ 1996 թ. «Փյունիկը» պատվավոր մրցանակի համար վճռորոշ հանդիպումը շահեց «Կոտայքից» (3¬2)։ Այդ խաղում Խորեն Հովհաննիսյանի սաներից գոլերի հեղինակներ դարձան Համլետ Մխիթարյանը, Արսեն Ավետիսյանը եւ Վարդան Խաչատրյանը։ Հաջորդ տարի «Փյունիկը» գավաթը զիջեց «Արարատին»ՙ պարտվելով 0¬1 հաշվով։

Գավաթի ընթացիկ խաղարկության բոլոր 6 հանդիպումներում էլ «Փյունիկը» հաղթել է։ 1/8 եզրափակիչում թիմն առավելության հասավ Եղվարդի «Դինամոյի» նկատմամբ (5¬0, 8¬0), այնուհետեւ պայքարից դուրս մղեց «Բանանցին» (2¬1, 2¬0) եւ «Միկային» (4¬1, 3¬1)։ Այդ հանդիպումներում բոլորից արդյունավետ է գործել Արման Քարամյանըՙ խփելով 9 գնդակ։ Դա ռեկորդային ցուցանիշ է։ 5 գոլ է գրանցել իր օգտին Մամադու Դիավարան, 4ՙ Արտավազդ Քարամյանը, 3 անգամ աչքի է ընկել Վարդան Մինասյանը, մեկական գնդակ են խփել Արսեն Մելոյանը, Էդգար Մանուչարյանը եւ Ալբերտո Սանչեսը։

«Փյունիկի» ֆուտբոլիստներից գավաթի մրցաշարերում ամենատիտղոսակիրն Արամ Ոսկանյանն է, որը 1995 եւ 1997 թթ. «Արարատի» կազմում դարձել է կրկնակի գավաթակիր։ Նրա համար հերթական եզրափակիչը թվով 2-րդն է, քանի որ 1997 թ. նա «Փյունիկի» հետ վճռորոշ հանդիպմանը չմասնակցեց։ Արթուր Մկրտչյանն ու Վարդան Մինասյանը թիմի կազմում գավաթակիր են դարձել 1996 թ.։ «Փյունիկի» ավագի համար եզրափակիչ հանդիպումը կլինի հոբելյանականՙ 50-րդ խաղը գավաթի մրցաշարերում։ Նա 4-րդ անգամ հանդես կգա եզրափակիչում։ Արթուր Մկրտչյանի համար առաջիկա եզրափակիչը 3-րդն է։ Իսկ Աղվան Մկրտչյանն անցյալ տարի «Արարատի» կազմում մասնակցել է եզրափակիչին։

«Զվարթնոց»

Գավաթի մրցաշարին մասնակցում է 1998 թ.։ 2000 թ. գավաթի եզրափակիչի մասնակից։ Անցկացրել է 23 խաղՙ +14=4-5, 61¬19։ Ամենախոշոր հաշվով հաղթանակըՙ 10¬1 («Դվին», 2000 թ.)։

Թիմի կազմում գավաթի մրցաշարում բոլորից շատ խաղ է անցկացրել Գեւորգ Միրիջանյանըՙ 22։

Լավագույն ռմբարկուն է Սարգիս Նազարյանըՙ 14 գնդակ։

Մեկ խաղարկությունում խփած գոլերով ռեկորդակիրն է Սարգիս Նազարյանըՙ 6 գոլ (2000, 2002 թթ.)։

Գավաթի մրցաշարերի մասնակցության հնգամյա պատմության ընթացքում «Զվարթնոցն» արդեն 2-րդ անգամ է իրավունք ստանում վիճարկելու մրցանակը։ 2000 թ. թիմի առաջին փորձն անհաջողության մատնվեց։ Եզրափակիչում «Զվարթնոցը» 1¬2 հաշվով զիջեց «Միկային»։ Միակ գոլի հեղինակը Մհեր Ավանեսյանն էր։ Ընթացիկ խաղարկությունում «Զվարթնոցը» 2 խաղերի արդյունքով հաղթել է «Փյունիկ-2»-ին (6¬1, 6¬0), «Դինամոյին» (3¬3, 4¬0) եւ «Սպարտակին» (0¬0, 3¬1)։ Այդ խաղերում առավել արդյունավետ է գործել Սարգիս Նազարյանը (6 գոլ)։ Կիսաեզրափակիչում «հեթ-տրիկի» հեղինակ դարձած Վահրամ Լոբյանը խփել է 5 գնդակ։ 3 անգամ աչքի է ընկել Նվեր Խաչատրյանը, 2 անգամՙ Լեւոն Փաչաջյանը։ Մեկական գոլ են խփել Լեւոն Մկրտչյանը, Գեւորգ Միրիջանյանը, Հակոբ Միրզոյանը եւ Արմեն Սանամյանը։ 2 գնդակ էլ սեփական դարպասն է խփել դինամոյական Վարդան Հովհաննիսյանը։

Գուցե տարօրինակ թվա, սակայն այսօր «Զվարթնոցի» խաղացողներից շատերը գավաթի մրցաշարերում շահած մրցանակների թվով գերազանցում են փյունիկցիներին։ Ճիշտ է, այդ հաջողություններին նրանք հասել են այլ թիմերում խաղալիս։ Ամենատիտղոսակիրը Սեւադա Արզումանյանն է, որը գավաթը նվաճելու բերկրանքը ճաշակել է 3 անգամ (1993¬95 թթ., «Արարատում»)։ 2000 թ. նա արդեն «Զվարթնոցի» կազմում գավաթին տիրելու հերթական փորձը ձեռնարկեց, սակայն ապարդյուն։ Այնպես որ, Սեւադայի համար առաջիկա եզրափակիչը թվով 5-րդն է։ Մեկական անգամ գավաթակիր են դարձել Արմեն Սանամյանը (1996 թ., «Փյունիկում») եւ Արթուր Ասոյանը (1997 թ., «Արարատում»)։ Նրանց, ինչպես նաեւ Սարգիս Նազարյանի համար «Փյունիկի» հետ եզրափակիչ խաղը կլինի 3-րդը։ Հետաքրքիր է, որ Սարգիսը եզրափակիչին առաջին անգամ մասնակցել է «Փյունիկի» կազմում, 1992 թ.։ 2000 թ. նա Նվեր Խաչատրյանի, Վահրամ Լոբյանի, Գեւորգ Միրիջանյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ «Զվարթնոցի» կազմում մասնակցել է «Միկայի» հետ վճռորոշ հանդիպմանը։

«Փյունիկ»-«Զվարթնոց»

Գավաթի խաղարկություններում մրցակիցների ճանապարհներն առայժմ միայն մեկ անգամ են հատվել։ Հետաքրքիրն այն է, որ դա «Զվարթնոցի» առաջին խաղն էր գավաթի մրցաշարում։ 1998 թ. կայացած երկու հանդիպումներն էլ ավարտվել են «Փյունիկի» հաղթանակով։ 1/8 եզրափակիչի առաջին խաղում հաշիվը 75-րդ րոպեին բացեց «Զվարթնոցի» խաղացող Վահե Դանիելյանը։ Սակայն «Զվարթնոցը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Հայկ Գեւորգյանի եւ Նշան Էրզրումյանի խփած գոլերը հաղթանակ պարգեւեցին «Փյունիկին»։ Պատասխան հանդիպման ելքը վճռեց Նշան Էրզրումյանի խփած միակ գնդակը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4