«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


ԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՙ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԱՄԲՈՒԼ

ՍՏԱՄԲՈՒԼ, 27 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Թրքիշ դեյլի նյուս» օրաթերթի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ին կայցելի Ստամբուլՙ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության վեհաժողովին մասնակցելու։ Հանդիպմանը ներկա կլինի նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը։ Ըստ թուրքական աղբյուրի, այս մասին համաձայնություն է ձեռք բերվել Ռեյկյավիկումՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում։

«Դիվանագիտական աղբյուրների տեղեկացմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ջեմի նախաձեռնությունըՙ երկխոսություն սկսել Վարդան Օսկանյանի եւ Վիլայաթ Գուլիեւի միջեւ, կարեւոր քայլ հանդիսացավ եռակողմ հարաբերությունների կարգավորման համար», գրում է թուրքական թերթը։ Ըստ այլ տեղեկությունների, ՀՀ նախագահը չի այցելի Թուրքիա, քանի որ այդ օրերին պաշտոնական այցով կգտնվի Մերձբալթյան պետություններում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4