Այս օրերին Երեւանում տեղի ունեցող երկրորդ համահայկական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են եկել նաեւ մեծ թվով ռամկավարներՙ աշխարհի տարբեր երկրներից։ Խորհրդաժողովին մասնակցելը, սակայն, Ռամկավար Ազատական կուսակցության սփյուռքի ղեկավարների համար հայրենիք այցելության միակ նպատակը չէ. տեղերում տեսնել հայրենիքին աջակցելու, խորհրդաժողովի նպատակի իրագործման հնարավորությունները, ինչպես նաեւՙ մասնակցել կուսակցական միջոցառումներին։
Օրերս Իջեւանում ձեւավորվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Տավուշի մարզային շրջանակը։ Այս առիթով մարզ էին մեկնել ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Գասարճյանը, փոխատենապետ Երվանդ Ազատյանը, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, Կենտրոնական եւ Հանրապետական վարչությունների անդամներ։
Տավուշի մարզային վարչությունը չորրորդն է հանրապետությունում։ Նրա մաս կազմեցին մարզի 7 ակումբները։ Տավուշի շրջանակի առաջին պատգամավորական ժողովին ներկա էին 103 ռամկավարներՙ 7 ակումբներից, որոնք էլ ընտրեցին շրջանային վարչությունը։
Տավուշի մարզային շրջանակի ատենապետ դարձավ «Իջեւան» ակումբի ատենապետ Հովիկ Հակոբջանյանը։
Կուսակցական ընկերներին շրջանակի ստեղծման առիթով շնորհավորեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Նա իր խոսքում կարեւորեց հատկապես այս մարզում կուսակցության կառույցների գործունեությունը։ Ռամկավար Ազատական կուսակցությունը թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում գիտակցում է սահմանամերձ շրջանների դերն ամուր պետություն ունենալու գործում։ Ավանդական կուսակցությունը նպատակ ունի նպաստել սահմանամերձ շրջանների ամրապնդմանըՙ աշխատատեղեր ստեղծելով արտագաղթն արգելելով։ Ներդրումների իրականացումը սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտություն է, եւ ավանդական կուսակցությունը սա իր առաջիկա խնդիրներից է համարում։ Ներդրումները, սակայն, քաղաքականապես անհրաժեշտ է պաշտպանել։ Կուսակցության համար իշխանության մարմիններում լինելը երբեք ինքնանպատակ չի եղել, չի լինի նաեւ առաջիկայում, ազգանվեր պատմության առջեւ պարտավորությունն ու պատասխանատվությունը, ազգային գաղափարախոսության նկատմամբ ունեցած հավատարմությունն այժմ եւս առաջնորդում են սփյուռքի եւ Հայաստանի ռամկավարներին։ ՀՌԱԿ ատենապետի խոսքերով, կուսակցությունը լուրջ աշխատանք է իրականացնում, սեպտեմբեր-հոկտեմբերին մարզային շրջանակներ կլինեն գրեթե բոլոր մարզերում։ Կուսակցությունը կարեւորում է առաջիկա ընտրությունները եւ նպատակ ունի երկրի քաղաքական դաշտում ավանդական կուսակցության գործելակերպին եւ պատմությանն արժանի տեղ զբաղեցնել։
Կուսակցական ընկերներին դիմեց նաեւ ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը։ Նա, անդրադառնալով հայաստանյան իրականությանը, սահմանամերձ գոտու դժվարություններին, խոսեց ռամկավարներիՙ սփյուռքում ունեցած հաջողությունների մասին, նշելով հատկապես Լիբանանի խորհրդարանում ռամկավար պատգամավոր ունենալու հանգամանքը։
Սակայն Երվանդ Ազատյանն առավել կարեւորեց հայրենիքում կուսակցության հաջողությունները, վերջերս ծավալած գործունեությունը եւ որպես առաջիկա նպատակՙ Հայաստանի խորհրդարանում ներկայացված լինելը։ Իսկ դրա համար, ըստ Ազատյանի, կան բոլոր նախադրյալները։
Ավանդական կուսակցության երազանքն է եղել Հայաստանն անկախացած տեսնելը, ու թեեւ ռամկավարներն առայժմ ներկայացված չեն կառավարման օղակներում, սփյուռքի ռամկավարների համար ուրախություն է տեսնել, որ երկիրն ազատական ուղիով է զարգանում, իր ելույթում նշեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Գասարճյանը։
«Մեզ համար հպարտություն է ՀՌԱԿ վերջին շրջանի գործունեությունը։ Մենք անվերապահ կաջակցենք ՀՌԱԿ-ին նաեւ առաջիկայում»։
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետի կնքահայրությամբ 13 իջեւանցիներ ընդունվեցին ավանդական կուսակցության շարքերըՙ անցնելով երդմնառության արարողությունը։ Նրանց հետ հայրենիքին ծառայելու ուխտը նորոգեցին ներկա բոլոր ռամկավարները։
Նույն օրն Իջեւանի կենտրոնական հատվածներից մեկումՙ Ազատության փողոցում բացվեց կուսակցության գրասենյակը։ Բացման արարողությանը ներկա էր նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ