Այսպես «27»-ի դատավարությունը դեռ երկար-երկար կշարունակվի
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության համար սովորական դառնալու հավանականություն ունի նիստի կեսի ձախողումը։ Երեկվա նիստը սկսվեց եւ անմիջապես էլ անցավ ընդմիջմանՙ տուժող ԱԺ պատգամավորների բացակայության պատճառով։ Հարկադրաբար հայտարարված մեկժամյա ընդմիջումը ձգվեց մինչեւ ժ. 15-ը։ 15։30-ին նիստը «սկսվեց», քանի որ դատարան էին եկել ԱԺ պատգամավորներ Էմմա Խուդաբախշյանը եւ Արամայիս Բարսեղյանը։
Տուժող Էմմա Խուդաբախշյանը հակիրճ ներկայացրեց գործի դեպքերի ընթացքըՙ բավականին հուզվելով։ Պատասխանելով մեղադրող կողմի հարցերինՙ տուժողը նշեց, որ դահլիճից դուրս է եկել վիրավորված Հերմինե Նաղդալյանի հետ եւ միջանցքում չի տեսել Արմենակյանի դիակը։
Տուժողի գնահատմամբ, «27»-ի դեպքերը կանխամտածված էին, եւ դրա հետեւում կան շատ հզոր ուժեր։
Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցերին էլ տուժողը տվեց հետեւյալ պատասխանները։ Ըստ նրա, ամբաստանյալները խաբված գործիքներ են, եւ նրանց մահապատիժ է սպասում։ Ահաբեկիչների նպատակն էլ եղել է սպանել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին։
Կարեն Հունանյանն, իրեն հատուկ տրամաբանությամբ, հարց չտվեցՙ պատճառաբանելով, թե դատապարտվածներին հարցեր չի ուղղում։ Սրա համար նա արժանացավ դատարանի զգուշացմանը։
Ամբաստանյալ Վռամ Գալստյանը մեկ հարց տվեց, թե տուժողն ինչպես է հեռացել նիստերի դահլիճից։ Հարցին պատասխան ստանալով, թե այդ մասին ասվել է, ամբաստանյալը շարունակեց, թե ինքն այժմ վերհիշում է, որ նիստերի դահլիճից դուրս գալիս իր ճակատը համբուրել է Էմմա Խուդաբախշյանը։
Տուժողը նախ նշեց, թե դա ամբաստանյալի երեւակայությունն է, եւ, թերեւս, նման մեղադրանքը պատասխան է այն բանի, որ ինքը եղել է Մարտունիում ու հետաքրքրվել, թե ինչով է նորոգվում Վռամի տունը եւ ինչով է նրա կինը բուժում իր ատամնաշարը։
Սրա կապակցությամբՙ Հունանյանների քեռու դժգոհության հետ կապված, դատավորը նշեց, որ ասվածը գործի համար ապացուցողական նշանակություն չունի։
Արդեն դատավորի այն հարցին, թե տուժողը որեւէ պահանջ ունի՞ ամբաստանյալներից, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Նրանց եղածն ինչ է, որ պահանջեմ»։
Տուժող Արամայիս Բարսեղյանի գնահատականը «27»-ի դեպքերի կապակցությամբ այն էր, որ ոճրագործները գործել են սկզբում սթափ, ապա ընկել են ցայտնոտի մեջ, երբ դրսից ինչ-որ սպասելիքներ չարդարացան։ Ըստ տուժողի, բոլոր պատգամավորները պարտադրված էին չտեղաշարժվել ու չզանգահարել, բացի որոշ պատգամավորներից, մասնավորապես Հայկ Բաբուխանյանից, Աղվան Վարդանյանից եւ Արմեն Հակոբյանից։ Վերջիններս, ըստ պրն Բարսեղյանի, հանգիստ հաղորդակցվում էին ոճրագործների հետ։
Տուժողը նաեւ ասաց, որ որոշ պատգամավորներ էլ, օգտվելով սպանվածներին եւ վիրավորներին դուրս հանելուց, դուրս եկան եւ չվերադարձան, չնայած Նաիրի Հունանյանը նախազգուշացնում էր վերադառնալ եւ նիստ գումարել։
Տուժողին հասցեագրված մեղադրողի կողմի հարցերը վերաբերում էին ազատ տեղաշարժելու սահմանափակման, պատանդ լինելու փաստերին։ Տուժողը հավաստեց, որ դահլիճից դուրս որեւէ գործողություն լինելու դեպքում ահաբեկիչները պատրաստ էին ամեն ինչի։
Հարցերի ընթացքում ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը ռեպլիկ արեց, թե մեղադրողի կողմը թող ասի ինչ ասեն։ Դատավորը նախազգուշացրեց նման պահվածքի համար։
Իսկ հարցերին պատասխանող տուժող Ա. Բարսեղյանը վերջին շեշտադրումն արեց, նշելով, որ ամենաագրեսիվ կեցվածքն ուներ Հունանյանների քեռին, որն ավելի վտանգավոր էր, քան մյուսները։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ