«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ, ՀԵՌԱՑՈ՞Ղ, ԹԵ՞ ՄՈՏԵՑՈՂ ՏԱՐՐԵՐ»

«Մեզանում համահայկական ֆորումներ, միասնականություններ ստեղծելու հատվածապաշտությունը շատ զորավոր է։ Բայց կկարծեմ, թե այս բոլորը (հայրենիք-սփյուռք երկրորդ համաժողովը-Գ. Ա) արդեն նշաններ են, որ եթե այսօր այստեղ 1000¬2000 հավաքվել ենՙ հակառակ այդքան կարծիքների տարբերություններին, բուռն բորբոքումներին, երկխոսության մեջ են, ապա համախմբման ջանքեր են գործադրվում»։ Կարծում է Իտալիայից ժամանած հայագետ Լեւոն Զեքիյանը, որը համաժողովի «Հայաստան-սփյուռք հարաբերություններ, քաղաքական խնդիրներ» սեկցիայում ունեցած իր ելույթում նշեց, թե հայապահպանության առաջնահերթ խնդիրն ազգային ինքնության գաղափարաբանության հստակեցումն է։

Հենց այս հարցադրումն էր երեկ սփյուռք-հայրենիք հարաբերությունների քաղաքական հատվածի քննարկման մեխը, որի շուրջ, սակայն, միասնական մոտեցումներ առ այսօր չեն որդեգրվել։ Ողջ խորհրդաժողովի ընթացքում «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանի շատ կոնկրետ հռետորական հարցըՙ «Հայաստան եւ սփյուռք, հեռացո՞ղ, թե մոտեցող հատվածներ», պատասխան չստացավ։ Ինքըՙ տկն Հարությունյանը համոզված է, թե հայության երկու հատվածներն աներկբայորեն պետք է համախմբվեն այն առաջնահերթությունների շուրջ, որոնք կառաջադրեն իրենքՙ ի սպաս ազգապահպանության կամ ավելի ճիշտՙ «ազգակերտումի»։ Որպես այդպիսիք նա նկատում է երեք առաջնային խնդիրներ. Հայ դատի պահանջատիրություն, պետականության ամրապնդում եւ դրանց գործադրման ռեալ մեխանիզմների մշակում։

Եթե առաջին եւ երկրորդ կետերի շուրջ կարծիքներ որոշակիորեն մերձեցման միտումներ են դրսեւորում, ապա որեւէ հատուկ մեխանիզմ երկու հատվածների գործունեությունը համատեղելու, ընդհանրացնելու առումով գոյություն չունի։

Լ. Զեքիյանն, օրինակ, խորապես համոզված էր, որ անպայման այդ հարցերը համակարգող որեւէ մարմին պիտի ստեղծվիՙ անկախ նրա ձեւից ու բովանդակությունից։ «Ես չեմ ուզում այդ մարմինն անպայման կոչել նախարարություն, անունները երկրորդական են։ Բայց պետք է գործի, ասենք, նախարարության ձեւով ու զբաղվի սփյուռքահայության վերաբերյալ բոլոր հարցերով։ Ոչ թե որոշումներ կայացնելու միջոցով, այլՙ իբրեւ կողմնորոշող, որն, անշուշտ, կնշանակի, թե գոյություն կունենա հանրային կարծիք, որը որեւէ ուղղություն կընկալի եւ ըստ այդմ կգործի»։

Մինչդեռ Հայաստանում ծայրահեղ տարբեր կարծիք կա։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ժամանակավրեպ համարեց նման որեւէ մարմնի ձեւավորումը, որի փոխարեն առաջարկվեց ստեղծել առանձին հանձնաժողովներՙ առանձին խնդիրների շուրջ, որոնք նաեւ պետք է սփյուռքի մասին ինֆորմացիոն բազա ստեղծեն, իսկ սփյուռքը որպես պետականություն չունեցող հատված, երկրի հզորացմանը կարող է մասնակցել նաեւ իր ունեցած փորձի ներդրումով, ասենք մի քանի տարով աշխատելով հայրենիքում։ Մյուս կողմից, սփյուռքը կարող է նյութապես օժանդակել երկու հայկական պետություններիՙ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կայացմաննՙ իր ֆինանսական ռեսուրսներով մտնելով վերջիններիս տնտեսության մեջ։

Թերեւս հենց վերջինիս ուշադրություն դարձնելով, խորհրդաժողովին մասնակցող ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Անուշավան Դանիելյանը ծավալել էին քարոզչական գործունեությունՙ սփյուռքահայ բիզնեսմենների համար Արցախը ներկայացնելով իբրեւ ներդրումների չափազանց գրավիչ երկիր։ Ըստ Անուշավան Դանիելյանի. «Մենք կարող ենք արդեն փորձի վրա հիմնվելով ասել, որ սփյուռքահայերի կողմից Արցախում ներդրումների օրինակներ ունենք։ Առավելապես վերջին երկու տարիների ընթացքում դրանք ավելանում են։ Սա ավելի շատ պրոպագանդային աշխատանք է եւ ավելի շատ մեր հնարավորություններին սփյուռքահայությանը ծանոթացնելով է պայմանավորվում։ Որովհետեւ եթե խոսում ենք ներդրումների մասին, պիտի նշենք նաեւ դրանց անվտանգության ապահովման մասին»։

Հետաքրքրականը, սակայն, ԼՂՀ-ի վարչապետի առաջարկն էրՙ սփյուռքին ներգրավել Արցախի վերաբնակեցման կառավարական ծրագրում, համաձայն որիՙ նախատեսվում է 10 տարվա ընթացքում Արցախի բնակչությունը հասցնել 300 հազարի։ ԼՂՀ-ն առաջարկում է ծրագրում ներգրավված յուրաքանչյուր բնակավայր կցել սփյուռքի առանձին համայնքների, որոնց նյութական, բարոյական աջակցությամբ բնակավայրերը պիտի վերաբնակեցվեն։ «Մեր գլխավոր շտեմարանը մեր փախստականներն ենՙ 500 հազար, վերջին տարիների արտագաղթն է, պատերազմի ժամանակ հեռացածները եւ այլք», նշում է Ա. Դանիելյանը։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4