Անչափ բուռն մթնոլորտում անցան խորհրդաժողովի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով թեմատիկ քննարկումները, որոնք անցկացվեցին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը։ Ինչպես եւ սպասվում էր, բուռն վեճի թեման էր այսպես ասած «համահայկական, ընդհանուր լեզուն», որը շարունակում են շահարկել շատ ու շատ մասնագետներ, այդ թվում նաեւՙ գիտնականներ։ Բուռն բանավեճերը շատ բնական համարեց մասնագիտական մասնաճյուղի համադրող, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ «Այս հարցերը, որ քննարկվում են այստեղ, տասնամյակներ շարունակ հուզել են մեզ բոլորիս։ Կարեւորն այն է, որ մենք կարողանում ենք ընդհանուր լուծումներ գտնել փոխադարձ որակումներից, փոխադարձ անհանդուրժողականությունից հեռու մնալու համար։ Մյուս կարեւոր առաջարկությունը հայագիտության վիճակն ուսումնասիրող կենտրոնի ստեղծումն է»։
Ի դեպ, նախարարը հնարավոր ամեն ինչ անում էր կրքերը հանդարտեցնելու եւ քննարկումներն արդյունավետ ու նպատակային դարձնելու համար։ Ամեն դեպքում, անչափ կարեւոր ելույթներ ունեցան Կարապետ Դաքեսյանը (Կիպրոսի հայ համայնք) եւ Մարիլու Փափազյանը (Լոս Անջելես)։
Հեղինակավոր գիտնականների եւ մասնագետների ելույթների ծիրում սթափեցնող էր Երեւանի պետական բժշկական համալսարանի սփյուռքահայ ուսանող Հակոբ Նալբանդյանի կարճ ելույթը, որ սթափության կոչ էր անհեթեթ վիճաբանություններն ավարտելու համար։ «Կարեւորը ոչ թե արեւմտահայերենի, արեւելահայերենի հարցն է, այլՙ հայապահպանության խնդրի լուծումը։ Կարեւորը հային հայ պահելն է։ Ինչպես անելՙ դա պետք է լինի մեր խնդիրը։ Այսօրվա վիճաբանությունը հիշեցնում է մեր Ազգային ժողովի նիստերի մթնոլորտը, որտեղ ամեն մեկը փորձում է մյուսից սրամիտ երեւալ»։ Սիրիահայ երիտասարդ այս մարդուն լսենք։
Այսօր մասնագիտական այս մասնաճյուղում քննարկվելու են մշակույթի հարցերը։
Ս. ԳԱԼՈՅԱՆ