«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


ՄԱՄՈՒԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Երեւանի մամուլի ակումբի աջակցությամբ տեղի ունեցավ սեմինար «Լրատվամիջոցները եւ քաղաքականությունը Գերմանիայում» թեմայով։ Հիմնադրամիՙ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի համակարգող Վոլֆգանգ Յոնը եւ ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրին սեմինարի ծրագիրը։ «Մամուլի ինքնակարգավորումն իբրեւ Գերմանիայում տեղեկատվության ազատության հիմնաքար», «Մամուլի դերը Գերմանիայում ընտրարշավների ժամանակ», «Լրատվամիջոցները եւ խորհրդարանը Բեռլինում» թեմաները ներկայացրեց Բեռլինում Ազատ ժողովրդավարական կուսակցության խոսնակ Ռոլֆ Շթելթեմայերը։

1995 թ.-ից Ադրբեջանում, իսկ վերջերս նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող հիմնադրամը նպատակ ունի աշխատել հետեւյալ հարցերով. լիբերալիզմի իրական արժեքներ, տեղական ինքնակառավարման մարմինների կարեւորություն, լրագրողների որակավորման բարձրացում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում երկրների միջեւ երկխոսություն եւ այլն։

Սեմինարի հիմնական զեկուցող Ռոլֆ Շթելթեմայերն իր զեկույցը սկսեց, իր իսկ բնորոշմամբ, ամենակարեւոր նախադասությամբ. «Ազատ մամուլը ժողովրդավարական պետության հիմնաքարերից մեկն է»։ Նա ազատ մամուլը բնութագրեց մյուս ազատությունների աղբյուր, կապող օղակՙ ժողովրդի եւ կառավարության միջեւ։

Գերմանիայում մամուլի ազատությունը բաղկացած է 2 մասից. լրագրողների պաշտպանվածություն պետական միջամտությունից եւ ազատության երաշխիքներ։ Իհարկե, Գերմանիայում, ինչպես եւ մեզանում, կան սահմանափակումներ։ Չնայած դրան, սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է մամուլի ազատությանը, փոփոխելի չէ։

Գերմանիայում գործում է մամուլի ֆեդերալ խորհուրդ, որը եւ զբաղվում է մամուլի ազատության պաշտպանությամբ, նաեւ սահմանափակմամբ այնքանով, որ ունի մամուլի վարքականոններ։ Վերջիններիս մեջ առաջինը ճշմարտացի, օբյեկտիվ տեղեկատվություն ապահովելն է։

Հետաքրքրական էր այն փաստը, որ Գերմանիայում լրագրողի վկայականը մեծ կշիռ եւ նշանակություն ունի, եւ այն շատ դժվար է ստանալ։

Գերմանիայի վերամիավորումից հետո երկրում լրատվամիջոցները կանգնել են մի շարք խնդիրների առաջ։ Մասնավորապես, Գերմանիայի նախկին դեմոկրատական հանրապետության որոշ լրատվամիջոցներ փակվեցին, լրագրողներն էլ դադարեցին աշխատել։

Ինչ վերաբերում է ընտրությունների լուսաբանմանը, ապա Գերմանիայում ավելի ակտիվ է հեռուստատեսության եթերից, քան թերթում։ Ըստ զեկուցողի, իր երկրում գնալով մակերեսային է դառնում ընտրարշավների լուսաբանումը։ Ի դեպ, նախընտրական պայքարը ծավալվում է ոչ թե կուսակցությունների (ինչպես առաջ), այլ անձանց միջեւ։

Սեմինարի վերջին թեմանՙ մամուլ եւ խորհրդարան հարաբերությունների գերմանական փորձը հետաքրքրական է այնքանով, որ գործում են հստակ մեխանիզմներՙ տեղեկատվական հոսքերը կարգավորելու համար։

Վոլֆգանգ Յոնն ամփոփեց սեմինարը նրանով, որ վերջինս իմաստ ուներ եւ հետագայում էլ կկազմակերպվեն նման միջոցառումներՙ հիմնադրամի նպատակին հասնելու համար։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4