«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


ՊՈՒՏԻՆ-ԲՈՒՇ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ԿԱՐԵՎՈՐԸ ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ Է

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մայիսի 25-ի համարում «Ազգը», անդրադառնալով Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի Կրեմլում կայացած բանակցություններին, ինչպես նաեւ միջուկային զենքի կրճատման ու ռազմաստրատեգիական համագործակցության համաձայնագրերի ստորագրմանը, նշել էր տարաձայնությունները, որոնք հնչել էին ՌԴ եւ ԱՄՆ նախագահների համատեղ ասուլիսում։

Տարաձայնությունների հիմքում դրվել են ռուս-իրանական համագործակցությանն առնչվող խնդիրները։ Պաշտպանության բնագավառում Իրանի հետ համագործակցելու նախագահ Բուշի մեղադրանքին նախագահ Պուտինը պատասխանել է, թե աշխարհի որոշ երկրներում ԱՄՆ-ի քաղաքականությունը չարդարացված է ավելի մեծ չափով։

Այլ կերպՙ Պուտինն էլ փոխադարձաբար Բուշին է մեղադրել։ Պուտին-Բուշ հանդիպմանը վերջին օրերին անդրադառնում է նաեւ թուրքական պետհեռուստատեսությունը, արձագանքելով ինչպես կողմերի ձեռքբերած համաձայնություններին, այնպես էլ տարաձայնություններին։ Վերջին անդրադարձը մայիսի 27-ին էր։

Հանդիպման թուրքական արձագանքներում համաձայնությունների թվում կարեւոր նշանակություն տրվեց Անդրկովկասում եւ Միջին Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու կողմերի ջանքերին եւ Բաքու-Ջեյհան նավթային ծրագրին, որի իրագործման Բուշի պահանջին Պուտինը դրական վերաբերմունք է ցույց տվել։

Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ըստ նույն աղբյուրի, որքան էլ Ռուսաստանը չառարկի Անդրկովկասում եւ Միջին Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը, այնուամենայնիվ, Պուտինը Բուշից պահանջել է նշել ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետներըՙ նշված տարածաշրջաններից։ Այս դեպքում ինչպե՞ս մեկնաբանել Անդրկովկասում եւ Միջին Ասիայում ռուս-ամերիկյան մերձակցությունը մերժելու, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ընդհանուր շահը տարածաշրջանի բոլոր պետությունների կայունությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու մեջ տեսնելու արտահայտությունները, որոնք տեղ են գտել երկու նախագահների համատեղ հռչակագրում։ Ըստ երեւույթին, այդ հարցին կպատասխանի տարածաշրջանի բոլոր պետություններիՙ անդրկովկասյան եւ միջինասիական հանրապետությունների կողքին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Չինաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ խորհրդաժողովը, որի կազմակերպման շուրջ, ըստ թուրքական հեռուստատեսության, Բուշը եւ Պուտինը համաձայնության են եկել։

Պուտին-Բուշ հանդիպման արձագանքները շարունակվում են, իսկ արդյունքներըՙ ամփոփվում։ Հանդիպումից, ինչպես այդ մասին նշեց հայտնի թուրք քաղաքագետ, պրոֆ. Հասան Քյոնին, ռուս գեներալները գոհ չեն։ Դժգոհությունը պայմանավորվում է Պուտինի ենթադրյալ զիջումներով։ Քանի որ Բուշը Ռուսաստանին ակնկալվող տնտեսական հնարավորությունները չի տվել, ուրեմն հանդիպումից չի կարող առանձնապես գոհ լինել նաեւ Պուտինը։

Ինչ վերաբերում է միջուկային զենքի կրճատման համաձայնագրին, ըստ որի կողմերը պարտավորվում են կրճատումը կատարել մինչեւ 2012 թ., ապա պետք է ասել, որ կարեւորը կրճատելը չէ, այլՙ կրճատվածը վերականգնելու հնարավորությունը։ Այլ կերպ, չնայած պայմանավորվածությանը, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն միջուկային զենք արտադրելու կարողություններ ունեն ու դրանք լիարժեք պահպանում են։ Թերեւս դա է պատճառը, որ նույն Քյոնին համաձայնագրի մասին արտահայտվելիս ասաց, որ դա պետք է ընկալել որպես բարի կամքի դրսեւորում։

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ մենք իրականում գործ ունենք ոչ այնքան ռուս-ամերիկյան մերձեցման կամ ռազմաստրատեգիական համագործակցության, որքան մասնակիորեն մերձենալու եւ որոշ բնագավառներում համագործակցելու պատրաստակամության հետ, ինչը կողմերը ցուցաբերել են։ Թե երբ կկայանա երկու երկրների մերձեցումը, դժվար է ասել։ Սակայն միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի մերձեցման պարագայում ՆԱՏՕ-ն իբրեւ ռազմական կառույց կորցնում է Եվրոպան ռուսական հնարավոր վտանգից պաշտպանելու ֆունկցիան։

Դա նրա գոյությունն անիմաստ է դարձնում, կամ էլ ռազմական այդ կառույցն ԱՄՆ-ի ձեռքում դառնում է Եվրամիության գործունեությունը վերահսկելու արդյունավետ գործիք։ Այս պայմաններում անհամեմատ մեծանում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ խուսանավելու Ռուսաստանի հնարավորությունները։ Ուրեմն, Պուտին-Բուշ հանդիպման արդյունքները գնահատելու առումով չափազանց կարեւոր նշանակություն է ձեռք բերում ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովը, իսկ դա Հռոմում գումարվում է այսօր։

Մնում է սպասել գագաթաժողովի արդյունքներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4