«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


ԲՈՒՇԸ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՍԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Կիպրոսի մեծագույն տպաքանակ ունեցող թերթերից «Սայփրս ուիքլին», հենվելով իտալական «Il Sole¬24 Ore» թերթի տվյալների վրա, տեղեկացնում է, որ նախագահ Բուշն Անկարային խոստացել է ճանաչել Կիպրոսի զավթյալ թուրքական մասի ինքնորոշման իրավունքը մի գաղտնի գործարքի շրջանակներում, որը նախատեսում է գահընկեց անել Սադդամ Հուսեյնին։ Գաղտնի ծրագիրն ինքնավարություն է խոստանում նաեւ Հյուսիսային Իրանի քրդերին։

Թուրքիան, որն այս վերջին հարցի մոլեռանդ ընդդիմադիրն է եղել, ըստ լրատվության իբր համաձայնել է զարգացումների նման ընթացքին, երբ հավաստիացումներ է ստացել Կիպրոսի թուրքական մասի վերաբերյալ։ Իտալական թերթը նշում է, որ այսպիսով Բուշը միանգամից երեք խնդիր է լուծումՙ Իրաքի, քրդերի եւ Կիպրոսի, որոնք բոլորն էլ կնճռոտ են թվացել ցարդ։ Սակայն ծրագիրը զգուշացնում է, որ Հունաստանի եւ Իրաքի կողմից անկանխատեսելի գործոններ կարող են խանգարել դրա իրագործմանը, մանավանդ որոշ փաստեր արդեն լրատվամիջոցների սեփականությունն են դարձել։

Ըստ իտալական թերթի, որը ներկայացվել է որպես Միլանում ազդեցիկ եւ մեծ տպաքանակ ունեցող թերթ, ապրիլի սկզբներին ԿՀՎ-ի հատուկ մի ինքնաթիռ Վաշինգտոն բանակցությունների է բերել քրդական առաջնորդներ Ջալալ Թալաբանիին (Քրդստանի հայրենասիրական միություն) եւ Մասուդ Բարզանիին (Քրդական դեմոկրատական կուսակցություն)։ Այնտեղից երկու խորհրդատուների ընկերակցությամբ նրանց փոխադրել են Ջորջիա նահանգի ագարակներից մեկը, որտեղ ամբողջ երկու օր նրանք բանակցել են։ Վերջում նրանց է միացել Ծոցի պատերազմի ԱՄՆ-ի հատուկ ուժերի նախկին հրամանատար Ուեյն Դաունինգը։ Ամերիկյան կողմը քրդերից պահանջել է օժանդակություն քաղաքական եւ զինվորական խժդժություններ հրահրելու Իրաքում, որի հետեւանքով գահընկեց կարվեր Սադդամ Հուսեյնը։ Բարզանին առաջարկել է Իրաքի «ֆեդերացման» ուղին, որին դեմ են եղել ամերիկացիները, քանի որ ընդունելի չէր կարող լինել Թուրքիայի համար։ Քրդերը թերահավատությամբ են ընդունել իրենց ինքնավարության ճանաչման հարցում Թուրքիային համոզելու ԱՄՆ-ի ջանքերը, որին ի պատասխան ամերիկացիները հաստատել են, թե իրենք ընդունել են վճարելու «թուրքերի պահանջած «գինը» դրա դիմաց։

Ըստ իտալական թերթի, այդ «գինը» Կիպրոսի թուրքական մասի ճանաչումն է։ Վերջին շրջանում Կիպրոսի թուրքերը մեծ ջանասիրությամբ քաղաքական շփումներ են անցկացնում ամբողջ Եվրոպայումՙ ներդրումներ ձեռք բերելու նպատակով։ Ըստ թերթի, ինքըՙ Ռաուֆ Դենքթաշն է նշել, որ Կոֆի Անանի Կիպրոս այցելության ժամանակ նրա համաձայնությունն է ստացել ինքնորոշման հարցի վերաբերյալ։

Գաղտնի ծրագրի որոշ մանրամասներ հայտնի դառնալուց հետո Թալաբանին Իրաք վերադարձին Սադդամ Հուսեյնի խիստ քննադատությանն է ենթարկվել։

«Դրությունը շատ նուրբ է։ Քրդերը խոցելի են դարձել, իսկ ամերիկացիները դեռ պատրաստ չեն գործելու», ասել է իրաքցի մի ընդդիմադիր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4