«Սայաթ-Նովա» եւ «Վահագն» մրցանակաբաշխությունները
Երկու տարի առաջ ազգային բարերարներ Վահագն եւ Հասմիկ Հովնանյանների նախաձեռնությամբ անցկացվեց հայ երգի «Սայաթ¬Նովա» փառատոնը։ Անցած երկու փառատոների ընթացքում հայ երգի գանձարանը հարստացավ 300 նոր երգերով։ Եվ ահա, անցկացվեց «Սայաթ¬Նովա» համահայկական երրորդ փառատոնը, որի արդյունքներն ամփոփվեցին շաբաթՙ մայիսի 25-ին, Ազգային օպերայի դահլիճում։ Ի տարբերություն նախորդ երկու փառատոների, այս տարի հայ երգի մրցանակներ շնորհվեցին երեք անվանակարգերովՙ մանկական, ժողովրդաաշուղական եւ ժամանակակից հայ երգերի համար։ Սակայն այս տարվա նորությունը միայն հայ երգին չէր վերաբերում։ Այս տարի առաջին անգամ անցկացվեց նաեւ «Վահագն» մրցանակաբաշխությունը, որն արվեստի եւ գրականության ոլորտի մարդկանց խրախուսելու ազնվագույն նպատակն է հետապնդում։
¬ Հայրենիք-սփյուռք կապերի մասին շատերն են խոսում,- հանդիսության ժամանակ ասաց «Վահագնի» մրցանակակիր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։- Շատերն են խոսում, բայց քչերն են գործ անում։ Մերՙ Հայաստանի գործարարները սփյուռքի մեր հայ գործարարներից սովորելու շատ բան ունեն։ Հուսանք, որ այս մի բանն էլ կսովորեն սփյուռքի մեր հայ գործարարներից։ Արվեստի, գրականության, մշակույթի ոլորտում դրված ներդրումը հազարապատիկ ավելացած հետ կվերադառնա»։ Ամբողջովին ճիշտ է բանաստեղծը։
Շաբաթ օրը, երբ հրապարակվում էին «Սայաթ¬Նովայի» եւ «Վահագնի» մրցանակակիրների անունները, մեկ անգամ եւս հավաստեցինք, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը հզոր հարստություն ունենՙ մեր մշակույթը։ Շատ քիչ ենք մենք մեր հարստությունից օգտվել, քիչ ենք գիտակցել մեր ամենամեծ հզորությունը։ Ու ահա գործարար մի հայՙ Վահագն Հովնանյան, իր սքանչելի տիկնոջՙ Հասմիկի հետ ոչ միայն 60 հազար ամերիկյան դոլար գումարի չափով մրցանակներ բաշխեց այս տարի։ Ոչ։ Նրանք մեզ համար, աշխարհի համար եւս մեկ անգամ բացահայտեցին հայի ինքնության ճշմարիտ ուժըՙ մտածելու, գեղեցիկը, անանցողիկը, հավերժականն արարելու մեր հզոր ջիղը, որը չի քնում երբեք։
¬ Այս հրաշալի գիշերը կուզեմ հիշել մեր բանաստեղծներեն մեկիՙ Ժակ Հակոբյանի քերթվածեն մեկ-երկու տող,- ասաց Վահագն Հովնանյանը.- «Անոնք կտրեցին մեր սրինգը, բայց դեռ նվագ ունինք, անոնք ջարդեցին մեր խաչերը, բայց դեռ աղոթք ունինք...»...
¬ Խորին հարգանք մեր հայ մեծ ազգին,- ամուսնուն երկրորդեց տիկին Հասմիկը,- հարգանք ձեր բոլորին, հարգանք մեր հայրենիքին, մեր ստեղծագործ ժողովուրդին, որ այսպիսի սքանչելի մշակույթ տված է մեզի։ Շատ, շատ հպարտ ենք ձեզմով, որ այսքան տառապելե ետքը, հազարավոր տարիներու մեր սքանչելի մշակույթը աս վերջին տասը տարվան տառապանքներու մեջ դուք վառ պահած եք։ Բռավո՜ ձեզի։ Աստված ձեզի ավելի մեծ փառքի թող արժանացնե...
Այդ երեկո տոն էր իսկապես, Միսաք Մեծարենցի խոսքովՙ «Հոգվուս կիրակի»։ Ու ոչ միայն Ազգային օպերային թատրոնի դահլիճում հավաքված հազարավոր մարդիկ, այլեւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այս սքանչելի փառատոնին հետեւող միլիոնավոր հայեր աշխարհի տարբեր վայրերում եւս մեկ անգամ իրենց ճանաչեցին, իրենց զգացին, զգացին իրենց ամենահզոր ուժը։
Եվ բեմի վրա, եւ դահլիճում բոլորն իրենց պարգեւատրված էին զգում։ Իսկ մրցանակակիրներնՙ առավել եւս։
Նախ հրապարակվեցին հայ երգի «Սայաթ-Նովա» մրցույթի հաղթողները։
Մանկական երգի ժանրում առաջին մրցանակ եւ ամերիկյան 2050 դոլար պարգեւատրության արժանացավ Անահիտ Շահզադեյանը «Գարուն, գարուն, գարուն» երգի համար։ Երկրորդ մրցանակի (1500 դոլար) արժանացավ Նաիրա Գյուրջինյանի «Օդապարիկ», երրորդ մրցանակի (500-ական դոլար)ՙ Ստեփան Բաբաթորոսյանի «Հարավ քամին» եւ Ստեփան Շաքարյանի «Մրջյունիկ» երգերը։
Ժողովրդաաշուղական երգի անվանակարգով առաջինը Մխիթար Քեթցյանի «Երբ կհոգնեմ» (2050 դոլար) երգն էր։ Երկրորդ մրցանակի արժանացավ աշուղ Լեյլիի «Իմ Ջավախքին» երգը (1500 դոլար)։ Աշուղ Լեյլիի եւս մեկ երգըՙ «Ո՜վ, բախտ անարդար», ինչպես նաեւ աշուղ Ալմաստի «Աշուղները» երգերն արժանացան երրորդ մրցանակի (500-ական դոլար)։ Ի դեպ, աշուղ Ալմաստի երգը հիանալի կատարեց պատանի Արմեն Մարգարյանը։
«Սայաթ-Նովա» մրցույթի երրորդ անվանակարգը «Ժամանակակից երգն» էր։ Առաջին մրցանակ ստացավ Մարինե Գյուլումյանի «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգը (2500 դոլար)։ Երկրորդը Հայկուհի Հակոբյանի «Վերածնունդ» երգն էր (1500 դոլար)։ (Ասենք, որ արդեն անցկացված երեք մրցույթների ժամանակ սա Գյումրիին նվիրված միակ երգն է)։ Երրորդ մրցանակի արժանացավ Լեյլա Սարիբեկյանի «Հայաստանս» երգը (1000 դոլար)։
Երգերի լավագույն կատարողներ ճանաչվեցին եւ 1000-ական դոլար մրցանակների արժանացան Էմմա Պետրոսյանը, Անահիտ Մանուկյանը եւ Անի Քրիստին։
Ապա հրապարակվեցին արվեստի եւ գրականության «Վահագն» մրցանակի դափնեկիրների անունները, մրցանակաբաշխություն, որ այս տարի անցկացվեց առաջին անգամ եւ, «Վահագն եւ Հասմիկ Հովնանյաններ» հիմնադրամի նախագահ Վահագն Հովնանյանի խոստման համաձայն, այսուհետ կդառնա ամենամյա։
Կերպարվեստի բնագավառում մրցանակակիրներ դարձան եւ 1500-ական դոլար պարգեւատրության արժանացան Արա Ալեքյանըՙ «Ռնգեղջյուր» քանդակի, Սարգիս Համալբաշյանըՙ «Խորհրդավոր ընթրիք» գեղանկարի եւ Արա Սահակյանըՙ «Արքիպիպեր» գրաֆիկական գործերի համար։
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը «Վահագն» մրցանակներ հանձնեց Հովհաննես Գրիգորյանինՙ «Հրեշտակներ մանկության երկնքից» բանաստեղծական գրքի, Աշխեն Աբազյանինՙ «Կանաչ-կարմիր որոտներ» արձակ ստեղծագործությունների ժողովածուի, Նորայր Ադալյանինՙ «Տղամարդը եւ կինը» դրամայի համար։ Նրանց հանձնվեցին նաեւ 1500-ական ամերիկյան դոլար գումարի չափով պարգեւատրություն։
Մի քանի անվանակարգով մրցանակներ տրվեցին թատերարվեստի մշակներին։
Լավագույն բեմադրություններ ճանաչվեցին եւ «Վահագն» մրցանակի ու 2250-ական դոլարի պարգեւատրության արժանացան Համազգայինի թատրոնում Սոս Սարգսյանի բեմադրած Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարությունը» եւ Գաբրիել Սունդուկյանի թատրոնում բեմադրված Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրաման (բեմադրիչՙ Վահե Շահվերդյան)։
Կնոջ լավագույն դերակատարներ ճանաչվեցին եւ «Վահագն» մրցանակների ու 1500-ական դոլար պարգեւի արժանացան Վարդուհի Վարդերեսյանը (Ռանեւսկայայի դերակատարման համար Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Չեխովի «Բալի այգին» ներկայացման մեջ, Ժաննա Գալստյանը (ԼՂՀ, Վահրամ Փափազյանի անվան Ստեփանակերտի թատրոնում բեմադրված Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» ներկայացման մեջ Կրուչինինայի դերը կերտելու համար) եւ Գրետա Մեջլումյանը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդան եւ աղջիկները» պիեսի բեմադրությունում Պոնսիայի դերը կերտելու համար։
«Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում «Վահագնի» եւ 2250-ական դոլար պարգեւի արժանացան Միքայել Պողոսյանը (Քրեյզ, Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմում) եւ Խորեն Աբրահամյանը «Ջին խաղը» պիեսի գլխավոր հերոսի կերպարը կերտելու համար։
Կինոարվեստի բնագավառում մրցանակներ տրվեցին երեք անվանակարգով։
Խաղարկայինի անվանակարգով ներկայացվել էր երեք ֆիլմՙ Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ Ավետյաց երկիր» եւ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ստեղծագործությունները։ Վիգեն Չալդրանյանի խնդրանքով «Լռության սիմֆոնիան» հանվել էր մրցույթից։ Առաջին երկու ֆիլմերն արժանացան մրցանակի եւ 600-ական դոլար պարգեւի։ Մրցանակակիրներ դարձան եւ նույն չափի պարգեւի արժանացան վավերագրական ֆիլմերի անվանակարգում Կարեն Գեւորգյանի «Ճամփաբաժան» եւ Վրեժ Պետրոսյանի «Անվերջ ձգվող դասամիջոց» գործերը։ Մուլտիպլիկացիայի ժանրում հաղթողը Ռոբերտ Սահակյանցի «Կացինը» ֆիլմն էր, որը նույնպես պարգեւատրվեց 600 դոլար գումարով։ «Վահագն» գլխավոր մրցանակի եւ 1500 դոլար պարգեւի արժանացան Արտավազդ Փելեշյանի «Կյանք» եւ «Վերջ» ֆիլմերը։
«Լրագրողական լավագույն հետաքննություն» անվանակարգում մրցանակակիրներ դարձան եւ 1500-ական դոլարով պարգեւատրվեցին Խաչատուր Դադայանըՙ «Ազգում» հրապարակված «Բաքվի հայկական նավթը» հրապարակման համար, Հարություն Մանսուրյանը («Ինտերնյուս») «Հանուն Հայաստանի Հանրապետության» եւ «Արտագաղթ» ֆիլմերի համար, ինչպես նաեւ «Իրավունք» շաբաթաթերթի «Հետաքննություն. մանրամասներ» հավելվածի ստեղծագործական խումբը։
¬ 75 տարի առաջ մեր լավագույն հրապարակագիրներից մեկըՙ Հրաչ Երվանդն ասում էր. «Հարստությունն անմահանալու ամենադյուրին ձեւերից մեկն է, եթե միայն դրամատերերըՙ այդ երջանիկ մարդիկ, կարենան օգտվիլ այդ հարստությունից»,- ասաց «Վահագնի» մրցանակակիր Խաչատուր Դադայանը։- Իմ հոդվածի հերոսներըՙ Ալեքսանդր Մանթաշյանցը, Ղուկասյան եղբայրները, Միրզոյան եղբայրները, հարյուրավոր այլ մարդիկ հիմնեցին, զարգացրին Բաքվի նավթարդյունաբերությունը եւ ամբողջը թողեցին Բաքվում։ Նրանք չհասկացան, որ մեր ժողովրդի իղձերի ճանապարհն անցնում է Հայաստանի Հանրապետությունով, մեր երկրով, մեր հողով։ Վահագն Հովնանյանը հասկացել է այդ բանը։ Քանի դեռ կան Վահագն Հովնանյանի պես դրամատերեր, որոնք հայրենասիրություն են գործում, մենք բոլորս լավ կապրենք, մեր ժողովուրդը լավ կապրի»։
...Այստեղ արդեն ավարտվում էր մրցանակների հանձնումը։ Սակայն... Հայ երգի «Սայաթ-Նովա» եւ արվեստի ու գրականության «Վահագն» մրցանակաբաշխությունների կազմկոմիտեի, հովանավորների եւ գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանի անակնկալ որոշումը հրապարակվեց. «Համայն աշխարհում հայ մշակույթը պահպանելու եւ զարգացնելու, նրա հեղինակությունը բարձր պահելու համար «Վահագն» մրցանակներ պարգեւել գրող Զահրատին (Թուրքիա), դերասան Արմեն Ջիգարխանյանին (Ռուսաստան), նկարիչ Ժանսեմին (Ֆրանսիա), կինոռեժիսոր Ատոմ Եղոյանին (Կանադա) եւ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին...»։
Ինչպես եւ տոնահանդեսից առաջ, այնպես էլ փակման ժամանակ հնչում է անմահ Սայաթ-Նովայի «Ես քո ղիմեթն չեմ գիդի» երգը Շառլ եւ Աիդա Ազնավուրների կատարմամբ։
Հիասքանչ տոն եղավ մայիսի 25-ը, հոգու տոն։ Եվ երիցս ճշմարիտ էր ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը, որն ասաց.
¬ Այս օրերին մեր երկիրն իսկապես տոնական տրամադրության մեջ է։ Մենք «Հայաստան-սփյուռք» երկրորդ խորհրդաժողովի նախաշեմին ենք եւ ահա այսօր, այստեղ այս հրաշալի փառատոնի արդյունքներն ենք ի մի բերում։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսն իր գործնական բնույթն է ստացել հայրենիքի մեջ։ Ես համոզված եմ, որ մեր հաջորդ այս փառատոները նոր հայտնագործություններ կանեն։
Այո, համոզված ենք բոլորս, քանզի գիտենք, որ հայ մարդու ճշմարիտ էությունը բացատրող, հայեցի ոգին միշտ հզոր տեսնելու այնպիսի հայեր կան աշխարհում, որպիսին Վահագն Հովնանյանն է, որի անվան հետ միշտ բաղդատվում է նաեւ տիկնոջՙ Հասմիկի անունը։ Ինչպես չհիշես Սարոյանի խոսքը. «Միշտ հպարտ պոռա, որ հայ ես...»։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ