«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՐԺԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ

Երկու թիմերն էլ հենց խաղասկզբից մրցակցությանը բարձր տեմպ հաղորդեցին եւ խաղադաշտում գավաթային թեժ մրցապայքար ծավալվեց։ Աստիճանաբար «Փյունիկը» տիրեց նախաձեռնությանըՙ մեթոդաբար ճնշում գործադրելով մրցակցի դարպասին։ Առաջին խաղակեսն անցավ չեմպիոնի նկատելի առավելությամբ, որի արդյունքն եղան Դիավարայի եւ Արտավազդ Քարամյանի խփած գոլերը։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց Դիավարանՙ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով խոցելով դարպասը։ Իսկ առաջին խաղակեսի ավարտին աչքի ընկավ իրեն գերազանց դրսեւորած Արտավազդ Քարամյանը։ Նա աջ եզրով հրթիռային արագություն զարգացրեց, շրջանցեց իրեն հսկող Միրիջանյանին եւ գրավեց դարպասը։ Ցավոք, վնասվածքի պատճառով նախ Դիավարան, ապա եւ Արտավազդ Քարամյանը շուտով ստիպված էին թողնել խաղադաշտը, ինչը, իհարկե, մեծ կորուստ էր «Փյունիկի» համար։

«Փյունիկն» առաջին խաղակեսում եւս մի քանի գոլային պահեր ստեղծեց, սակայն հարմար դիրքերից վրիպեցին Դիավարան, Սիստերան, Արման Քարամյանը։ Ինչ վերաբերում է «Զվարթնոցին», ապա, ցավոք, փոխչեմպիոնի ակտիվությունը շատ շուտ մարեց։ «Զվարթնոցն» առաջին խաղակեսում այդպես էլ չկարողացավ գեթ մեկ անգամ սպառնալ դարպասին։ Թվում էր, թե երկրորդ խաղակեսում «Զվարթնոցը» կձգտի փրկելու խաղը, սակայն, ցավոք, սպասելիքները չարդարացան։ Ընդմիջումից հետո էլ խաղն ընթացավ գրեթե նույն սցենարով։ «Զվարթնոցն» այդպես էլ չսպառնաց մրցակցի դարպասին։ Իսկ հակագրոհների տակտիկա ընտրած «Փյունիկի» հարձակողական գործողությունները նախկին սրությունը չունեին։ Այնպես որ, երկրորդ խաղակեսում խաղի գրավչությունը կորավ։

Ինչեւէ, «Փյունիկը» խաղը շահեց 2¬0 հաշվով եւ արժանիորեն նվաճեց հանրապետության գավաթը։ Հաջողությունում, անկասկած, մեծ է արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսի եւ նրա օգնականների ներդրումը, որոնց գլխավորությամբ «Փյունիկն» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ մրցանակը շահեց։ Բյուրեղապակյա գավաթը «Փյունիկի» ավագ Վարդան Մինասյանին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական բաժնի պետ Սլավա Սարգսյանը (ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը մեկնել էր Հարավային Կորեաՙ ՖԻՖԱ-ի կոնգրեսին)։ «Փյունիկն» իր պատմության մեջ երկրորդ անգամ պատվո շրջան կատարեց մարզադաշտում, որն ուղեկցվեց թիմի պատվին տրված հրավառությամբ։

«Փյունիկ»¬«Զվարթնոց»ՙ 2¬0 (2¬0)

«Հանրապետական» մարզադաշտ, 8 հազար հանդիսական, 27 մայիսի։

Մրցավարՙ Կարեն Նալբանդյան։

«Փյունիկ»-Անդրանիկ Ղարագյոզյան, Արթուր Մկրտչյան, Ալու Տրաորե, Ալեքսանդր Ստեւանովիչ (Արսեն Մելոյան, 83), Խոսե Բիլիբիո, Հովհաննես Անտոնյան, Վարդան Մինասյան, Միգել Սիստերա, Մամադու Դիավարա (Աղվան Մկրտչյան, 43), Արտավազդ Քարամյան (Արկադի Չիլինգարյան, 49), Արման Քարամյան (Էդգար Մանուչարյան, 87)։

«Զվարթնոց»-Գեւորգ Կասպարով, Արտյոմ Վարդանյան, Լեւոն Մկրտչյան (Միքայել Ղասաբօղլյան, 86), Գեւորգ Միրիջանյան (Տիգրան Դավթյան, 75), Արտավազդ Մկրտչյան, Արթուր Ասոյան, Վահրամ Լոբյան, Սեւադա Արզումանյան, Նվեր Խաչատրյան, Սարգիս Նազարյան, Արմեն Սանամյան (Լեւոն Փաչաջյան, 61)։

Գոլերը խփեցինՙ Մամադու Դիավարա (17), Արտավազդ Քարամյան (45)։

Զգուշացվեցին Գեւորգ Միրիջանյանը, Ալեքսանդր Ստեւանովիչը, Արտավազդ Մկրտչյանը, Արկադի Չիլինգարյանը, Վարդան Մինասյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4