Ինչպես նշել էինք երեկվա մեր հաղորդագրության մեջ, «Հայաստան-սփյուռք» երկրորդ խորհրդաժողովի շրջանակներում ամենակրքոտ քննարկումներն անցնում էին կրթության, գիտության եւ մշակույթի հանձնախմբում։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ մեր բոլոր հարցերը քննվում են մշակույթի, գիտության եւ կրթության ծիրում։ Ասացին, խոսեցին Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ՀՀ «Գիտություն» հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը (որը ելույթ ունեցավ որպես ՀՀ մշակույթի նախկին նախարար կամ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի տնօրեն), ՀՀ կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, Մկրտիչ Մկրտչյանը (Լիբանան, համալսարանի դասախոս), Զորի Բալայանը, Շահե արք. Աճեմյանը եւ շատ ուրիշներ։
Երկու անգամ ելույթ ունեցավ Սիլվա Կապուտիկյանը, որն իր առաջին ելույթում անչափ բարձր գնահատեց խորհրդաժողովի առաջին լիագումար նիստում Թեքեյան մշակութային միության փոխնախագահ Երվանդ Ազատյանի ելույթը։ Բանաստեղծուհին, որը հայտնի է սփյուռքի, հայրենիք-սփյուռք կապերի լավ իմացությամբ, խորհուրդ տվեց երկփեղկվածությունն ավելի չխորացնել, առավել եւս, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդ երկփեղկվածությունը եղել է տարիներ շարունակ։
Տիկին Սիլվան ստիպված էր երկրորդ անգամ ելույթ ունենալ։ Հայերեն արդի ուղղագրությունը փոխելու փորձերի առթիվ մի շարք մտավորականներ հանդես էին եկել բաց նամակով, որոնց թվում եւՙ Սիլվա Կապուտիկյանը։ Անցած օրվա վերաբերմունքը տեսնելով, բանաստեղծուհին այսօր արդեն համաձայն չէ նամակի ոճին։
¬ Ես լիովին բաժանում եմ այս նամակի գիտական, հասարակական հիմնավորումները, թե ինչու պետք է գոնե Հայաստանում պահպանել հայոց նոր ուղղագրությունը,- ասաց Սիլվա Կապուտիկյանը։- Սակայն համաձայն չեմ ընդհանուր ոճին, որը հիշեցնում է շատ դառը ժամանակներ, որոնք մեր սփյուռքի մտավորականության բարի փորձերըՙ նաեւ Հայաստանում գործածության մեջ տեսնել հայ հին ուղղագրությունը, միտում է միայն հայապահպանման, միասնության նպատակների։ Ես միշտ էլ աշխատել եմ չվիրավորել սփյուռքահայի նուրբ հոգին։ Նամակի հեղինակներն ինձ թյուրիմացության մեջ են գցել։ Ես խնդրում եմ իմ ստորագրությունը հանել այդ նամակից։
Հետաքրքրական ելույթ ունեցավ Ռուբինա Փիրումյանը (Լոս Անջելեսից)։ Նա առաջարկում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ սփյուռքի դպրոցներում որպես ուսումնասիրության առանձին առարկա դարձնել Հայոց ցեղասպանությունը։ Կարելի է նաեւ օտարալեզու դպրոցներում որպես ուսումնասիրության օժանդակ նյութ առաջարկել Մեծ եղեռնի թեման։ «Չէ՞ որ հրեաները դա անում են իրենց Հոլոքոսթով»։
Շատ հարցերի մասին խոսվեց այս հանձնաժողովում երկու օրվա ընթացքում, խելամիտ ելույթների կողքին լինում էին նաեւ արտառոց խնդրանքներՙ իրենց հովանավորելու համար։ Այնպիսի տպավորություն էր ստացվում, որ Հայաստանի շատ արվեստագետներ ու «արվեստագետներ» փող էին ուզում, իսկ փողատերերը ժպտալով լռում էին։
Ի վերջո, այս հանձնաժողովի մասնակիցները որոշ եզրակացության եկան։ Առաջինըՙ պետք է ուշադրություն դարձնել լեզվական քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին։ Ակադեմիական քննարկումներ կարելի է սկսել այս հարցերը քննելու համար։ Հայագիտության ուսումնասիրություններն ի մի բերելու եւ համակարգելու համար պետք է խորհրդաժողով գումարել, որը եւ գուցե որոշի ուսումնասիրությունների կենտրոն կամ դրա նման մի բան ստեղծել։ 2005 թ. պետք է Հայաստանի դպրոցներն ապահովվեն համակարգիչներով։ Գիտության, կրթության եւ մշակույթի հիմնադրամ ստեղծելու առաջարկներ եղան։ Գուցե այս գաղափարը ժամանակի ընթացքում քննություն բռնի։ Եվս մեկ գաղափար. Երեւանում կարելի է ստեղծել համահայկական համալսարան, որն աշխարհի բոլոր հայագիտական կենտրոնների ուղղորդիչը կլինի...
Գաղափարներ շատ կայինՙ մեծ ու փոքր, անձնական ու համազգային։ Նախՙ ասողին լսող է պետք, ապա նաեւ բենզին շարժիչն աշխատեցնելու համար։
Գաղափարը տվել ենք, բենզինըՙ ձեզանից, պատվարժան հայ մեծահարուստներ։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ