«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2002-05-25 | #97, 2002-05-28 | #98, 2002-05-29


ՀՌՈՄՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Արդյունքները դեռեւս ամփոփվում են

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգը» նախորդ համարում «Պուտին-Բուշ հանդիպման արդյունքները գնահատելու առումով կարեւորը ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովն է» խորագրով անդրադարձավ ռուս-ամերիկյան մերձեցման խնդիրներին։ Անդրադարձն ամենեւին պատահական չէր։ Այն առումով, որ մերձեցումն ինքնաբերաբար չեզոքացնում է ռուսական այսպես կոչված վտանգը, իսկ դա հանգեցնում է Եվրոպան այդ վտանգից պաշտպանելու անհրաժեշտության վերացմանը, այս պայմաններում ՆԱՏՕ-ն կորցնում է պաշտպանական իր ֆունկցիան եւ վերածվում Եվրամիությանը վերահսկելու արդյունավետ միջոցի։

ԵՄ-ԱՄՆ տարաձայնությունները պաշտոնական Վաշինգտոնի համար վերահսկողությունը հրամայական են դարձրել։ Թերեւս դրանով են պայմանավորված եվրոպական երկրներին սպառնացող ռուսական վտանգի «չեզոքացման» ԱՄՆ-ի շահագրգռությունները։ Հարցը, սակայն, սոսկ վերահսկողությունը չէ, այլ ԵՄ-ի արագ արձագանքման զորավիգ միավորումները։ Ակնհայտ է, որ ռուսական վտանգի չեզոքացման պարագայում վերանում է նաեւ այդ զորամիավորումների կազմավորման անհրաժեշտությունը։ Այլեւս ԱՄՆ-ի ձեռքին գործիք դարձած ՆԱՏՕ-ն Եվրոպայում, իբրեւ ռազմական կառույց, այլընտրանք չի ունենում, այսպիսով ԵՄ-ի վրա ամերիկյան վերահսկողությունն ավելի քան լիարժեք է դառնում։

Ռուսական այսպես կոչված վտանգի չեզոքացումն ԱՄՆ-ի առջեւ բացում է ինչպես ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներին վերահսկելու, այնպես էլ ԵՄ-ի արագ արձագանքման զորամիավորումների կազմավորումը կանխելու լայն հեռանկարներ։ Քանի որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցիչն է, ուստի վտանգի չեզոքացումով նրա առջեւ եւս հեռանկարներ են բացվում։ Որո՞նք են դրանք։ Այդ հարցին մայիսի 28-ի առավոտյան թուրքական պետհեռուստատեսությամբ պատասխանեց Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Էրսին Օնուլդուրանը։

Նա, ի պատասխան հաղորդավարի հարցի, ասաց, որ ռուս-ամերիկյան մերձեցումը (նույնն է, ինչ ռուսական վտանգի չեզոքացումը) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության հավանականությունը նվազագույնի կհասցնի, իսկ թուրքական պետությունը կստանա Անդրկովկասում եւ Միջին Ասիայում ռուսների հետ համագործակցելու լայն հնարավորություններ։ Ինչո՞ւ։ Որպեսզի Թուրքիան Անդրկովկաս եւ Միջին Ասիա ներթափանցելիս կամ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելիս Ռուսաստանի հակազդեցությանը չբախվի եւ վերջինի հետ համագործակցության պատրվակով անարգել միջամտի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցինՙ լուծելու դա իր իսկ հայեցողությամբ։

Ռուսական վտանգի «չեզոքացմամբ» շահագրգիռ է նաեւ Թուրքիան։ Հարկ է, սակայն, նշել, որ թուրքական շահագրգռությունները սոսկ դրանով չեն սահմանափակվում։ Թուրքիան առանձնակի շահագրգռություն է ցուցաբերում ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովին։ Մայիսի 27-ին Իտալիա մեկնեց նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, որպեսզի մասնակցի Հռոմից 15 կմ հեռավորության վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայում գումարված գագաթաժողովին։

Սեզերին ուղեկցում է Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը։ Ի դեպ, սա կոչվում է 19+1-ի գագաթաժողով, քանի որ դրա աշխատանքներին ՌԴ նախագահ Պուտինի կողքին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 19 երկրների նախագահները։ Գագաթաժողովի նպատակը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացմանը նպաստելն է։ Ո՞ր բնագավառներին է վերաբերում համագործակցությունը։ Թեեւ հոդվածը պատրաստելու պահին գագաթաժողովի աշխատանքները դեռեւս ավարտված չէին, այնուամենայնիվ ՆԱՏՕ-ՌԴ համագործակցությունը պետք է վերաբերի ահաբեկչության դեմ պայքարի փրկարարական համատեղ աշխատանքներին, ինչպես նաեւ միջուկային զենքի կրճատման բնագավառներին։ Նշյալ բնագավառներից դուրս ՆԱՏՕ-ն գործելու է առանց Ռուսաստանի հետ համագործակցության։

Չեչենական պատերազմի ներկա փուլում Ռուսաստանի համար թերեւս առաջնայինն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցելն է։ Հատկանշական է, որ 19+1-ի գագաթաժողովը, համագործակցությունից բացի, Ռուսաստանին տալիս է ՆԱՏՕ-ի խորհրդում մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունք։ Նա, իհարկե, կմասնակցի համագործակցության մատնանշված բնագավառներին առնչվող խնդիրների քննարկումներին։

Ներկայացուցչի պարագան Ռուսաստանի համար եթե ոչ առաջնային, առնվազն կարեւոր է։ Չի բացառվում, որ դա կարեւոր նշանակություն ստանա ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խուսանավելու առումով։ Կարծում ենք, ՆԱՏՕ-ՌԴ գագաթաժողովի ավարտը, դրա աշխատանքների ամփոփումն ու ամփոփման թուրքական արձագանքները մեզ հնարավորություն կտան անդրադառնալ նաեւ ՆԱՏՕ-ՌԴ մերձեցման հնարավոր հետեւանքներին մեր տարածաշրջանում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4