ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, 28 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի Աքլեքսանդրիա քաղաքում երկրի նախագահ Կոստաս Ստեֆանոպուլոսի ներկայությամբ տեղի է ունեցել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին նվիրված կոթողի բացման արարողություն, որի ժամանակ երկրի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ցեղասպանությունը իրոք տեղի է ունեցել, եւ դա միայն մենք չենք ասում։ Հույն ժողովուրդը երբեք չի մոռանա Պոնտոսի ցեղասպանությունը», ասել է Ստեֆանոպուլոսն իր ելույթում, ընդգծելով, որ պատմության ցանկացած վայրկյան չի կարելի մոռացության մատնել, իսկ սեփական պատմության այդ սեւ էջերը երբեք չեն ջնջվի հույն ժողովրդի հիշողությունից։ Գրելով այդ մասին, Թուրքական «Սթար» թերթը նշում է, որ Պոնտոսի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հույն գործիչներն ակտիվ ջանքեր են սկսել թափելՙ որդեգրելով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «հայկական լոբբիի գործունեության մեթոդները»։ «Սթարը» մանրամասն թվարկել է նաեւ վերջին ժամանակներս միջազգային հասարակայնության կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման փաստերն ու դրա հետ կապված նշանակալի միջոցառումները։