ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր բացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գրասենյակը։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը Հայրենիք-Սփյուռք կապերի նորովի մոդելավորման միջոցով համահայկական երիտասարդական շարժման կազմակերպումն ու որպես միջազգային կենտրոնՙ միջազգային երիտասարդական շարժմանը հայ երիտասարդության ինտեգրումն է։
Հիմնադրամի գործունեության խնդիրներն են Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական շարժմանն աջակցելըՙ ծրագրերի մշակման եւ իրականացման ճանապարհով, համահայկական բնույթի երիտասարդական մասնագիտական եւ թեմատիկ հավաքների գումարումը, մասնագիտական տվյալների բանկի ձեւավորումն ու ընդհանուր չափորոշիչների մշակումը։
Գրասենյակի բացմանը ներկա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ հիմնադրամն արդեն 7-8 ամիս է, ինչ գործում է եւ պետք է համակարգի այն բոլոր առաջարկությունները, խնդիրները, որոնք կներկայացվեն։ Ըստ վարչապետի, Ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր նախաձեռնություն կցուցաբերեն։
Նշենք, որ հիմնադրամին է հատկացվել նաեւ Ծաղկաձորի մարզական կենտրոնի մասնաշենքերից մեկը, որի վերանորոգման համար գումարներ են տրամադրվել նաեւ Լինսի հիմնադրամի կողմիցՙ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանի խոսքերով, մինչ Ծաղկաձորի մասնաշենքի վերակառուցումը, կշարունակվեն բովանդակային աշխատանքները, որ իրականացվել են սփյուռքի բոլոր կազմակերպությունների երիտասարդական թեւերի եւ կառույցների հետ։ «Բոլորի հետ անխտիր աշխատելու ենք, հաստատելու ենք կապեր, փորձելու ենք մի դաշտի մեջ բերել բոլոր երիտասարդական կազմակերպությունները, համագործակցության ձեռք ենք մեկնելու։ Կենտրոնի միջոցով փորձելու ենք գնահատել մտավոր երիտասարդական ներուժը, ստեղծելու ենք համակարգչային ցանցեր, կադրային բանկ, որպեսզի իմանանք, որտեղ եւ որ կազմակերպությունում ինչ հայ երիտասարդ ունենք»,- ասաց գործադիր տնօրենը։