Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի «Տեղեկատվություն եւ զանգվածային լրատվության միջոցներ» թեմատիկ նիստում քննարկվեցին երեք հիմնական խնդիրներ, որոնցից երկուսիՙ ինտերնետի ընձեռած հնարավորությունների օգտագործումը Հայաստանում եւ սփյուռքում եւ ընդհանուր տեղեկատվական դաշտի ստեղծումն ու հաղորդակցության եղանակների մշակումը, քննարկումն ավարտվեց նախորդ օրը, իսկ երեկ քննարկման դրվեց Հայաստանի եւ սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությունն արդյունավետ դարձնելու խնդիրը։ Հայաստանը կարիք ունի կանոնավոր օգտվելու միջազգային, իսկ սփյուռքըՙ հայաստանյան տեղեկատվական աղբյուրներից։ Հայաստանի ԶԼՄ-ներն ազատ դարձնելու հարցը կարեւոր տեղ գրավեց քննարկման ժամանակ։ Երեկվա նիստում հիմնական զեկուցողներն էին Կիրո Մանոյանը ՀՅԴ երեւանյան գրասենյակից , շվեյցարահայ լրագրող Վիգեն Չեթերյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Պոլսո «Մարմարա» թերթի խմբագրապետ, հրապարակախոս Ռոպեր Հատտեճյանը, «Հայոց աշխարհ» օրաթերթի խմբագիր Գագիկ Մկրտչյանը եւ «Բոստոն գլոբ» թերթի լրագրող Ստիվեն Քյուրքչյանը Մ. Նահանգներից։ Կիրո Մանոյանը խոսեց մամուլի ազատությունների եւ ազգային հիմնահարցերի չափանիշների անհրաժեշտության խնդրի մասին։
Հակոբ Ավետիքյանն իր ելույթում շեշտեց, որ եթե սփյուռքի մամուլի 70 տոկոսը նվիրված է հայաստանյան խնդիրների արծարծմանն ու լուսաբանմանը, ապա Հայաստանի նյութապաշտ մամուլին չի հետաքրքրում սփյուռքի կյանքը։ Նա կարեւորեց միջազգային քարոզչության դաշտի օգտագործումը, ընդգծելով, որ CNN հեռուստաընկերության տարբեր երկրների հատկացրած շաբաթական 3 րոպեն անտեսված է եւ բաց է թողնված մեր ազգային հարցերին միջազգային հանրությանը իրազեկ դարձնելու հնարավորությունը։ Անհրաժեշտ է օտար մամուլում աշխատող հայ եւ այլազգի լրագրողներին ուղարկել ճշմարիտ տեղեկություններ մեր երկրի մասին եւ հնարավորություն ընձեռել ամեն տարի այցելել Հայաստանՙ իրազեկ դառնալու մեր դիրքորոշումներին։
Թուրքիայում հայաստանյան մամուլի անմատչելիության հարցին էր նվիրված Ռոպեր Հատտեճյանի ելույթը։ Նա փաստեց, որ «Արմենպրես» եւ «Նոյյան տապան» լրատվական գործակալություններից ստացված լուրերը ստիպված են փոխադրել արեւմտահայերենի, որը դժվարություն է առաջացնում հատկապես օտար եւ խորթ բառերի հաճախակի գործածման պատճառով։ Նա իրավացիորեն նշեց, որ թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի թերթերը կախված պետք է լինեն միայն ազգային շահերից։
Գագիկ Մկրտչյանի համոզմամբ, քարոզչական պատերազմում Հայաստանն այսօր պարտվում է, իսկ օտարերկրյա մամուլում տեղ գտնող հայավնաս քարոզչության դեմ պայքարելու համար հարկ է Հայաստանի նախագահին կամ արտգործնախարարին կից ստեղծել համակարգող հատուկ օղակ, քանի որ առանձին անհատների գործունեության արդյունավետությունը հավասար է զրոյի։ Ըստ նրա, քարոզչական դաշտի ստեղծումը այսօրվա գլխավոր խնդիրն է։
Եզրափակիչ նիստում մասնակիցները հանդես եկան կոնկրետ առաջարկություններով ՙ ԶԼՄ-ների եւ ինտերնետի ներուժը Հայաստան պետության կայացման եւ ուժեղացման համար արդյունավետ օգտագործելու նպատակով։ Նշվեցին Արցախում ինտերնետի բացակայության, մեկ ընդհանուր ուղղագրության անցնելու, լրատվության ազատության, հայկական դպրոցներում հայերենի ուսուցման, մամուլում քաղաքական վերլուծությունների անհրաժեշտության, Մոսկվայի հայությանը սպառնացող ուծացման վտանգի եւ այլ խնդիրներ։
Նիստի համադրող Տիգրան Նաղդալյանն առանձնացրեց լիագումար նիստին ներկայացվող հիմնական խնդիրները։ Հաշվի առնելով, որ դասական ուղղագրության հարցի շուրջ կրքոտ ու հակասական կարծիքներ հնչեցին նիստում, որ լեզուն փոխշփման գլխավոր միջոցն էՙ լեզվի խնդիրը համարվեց առաջնային։ Լրատվությունը սփյուռքին մատչելի դարձնելու խնդրում կարեւորվեց արեւմտահայերենով հեռարձակվող հաղորդումների ու լուրերի անհրաժեշտությունը։ Տիգրան Նաղդալյանը հայտնեց, որ մինչեւ աշուն Հանրային հեռուստատեսությամբ կպատրաստվի «Հայլուրի» արեւմտահայերեն տարբերակը։ Հաջորդ կարեւոր խնդիրը համարվեց հետադարձ կապի ապահովումը եւ համահայկական հեռուստատեսության ստեղծումը, սփյուռք-սփյուռք կապը։
Թե առաջադրված խնդիրները որքանով կարժանանան մեր կառավարության համապատասխան կառույցների ամենօրյա հոգածությանն ու շուտափույթ կյանքի կոչելունՙ ժամանակը ցույց կտա։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ